Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծալած, հաստ, ձյութապատված ամրաթուղթ, հին պարկեր ևն։ Ձմռանը շրջանակները պետք է հանել և պահել ծածկի տակ ուղղահայաց դիրքով, իսկ Ջ. ծածկել վահանիկներով, ռուբերոիդով ևն։

Սիրող բանջարաբույծները հաճախ Ջ. են անվանում պարզագույն թաղանթապատ ծածկը՝ լուսաթափանց թաղանթով ծածկված թեթև հավաքովի հիմնակմախքը, որը կարելի է պատրաստել տխլենու կամ ուռենու ճյուղերից, 5-6 մմ տրամագծով մետաղալարից, պլաստմասսայե խողովակներից և ճկվող այլ նյութերից։ Դրանք խրում են հողի մեջ, կապում աղեղնակի ծայրերը 30 սմ-ից ոչ պակաս խորությումբ հողի մեջ տեղադրված փայտացցերից (կամ ամրացնում են ձողերին)։ Կայունություն հաղորդելու համար երբեմն աղեղները իրար են կապում առասանով (շպագատ)։ Որպես հիմնակմախք կարելի է օգտագործել նաև 4x4 սմ հատույթով փայտե ձողերից պատրաստված երկու եռանկյունի։ Կայունության համար եռանկյան կենտրոնում հողի մեջ տեղադրում են սրածայր ձող։ Եռանկյան վերևում անհրաժեշտ է պրկել առասան կամ հաղորդալար։

Հեշտությամբ են պատրաստվում նաև շարժական փայտե իշոտնուկները, որոնք մեկ ծայրից մեխով ամրացված (ազատ) 1 մ երկարության երկու ձողեր (3x3 սմ հատույթով) են։ Իշոտնուկներին եզրագծով ամրացնում են ձողեր։ Այդպիսի հիմնակմախքը թեթև է և հարմար, իշոտնուկները հեշտ են տեղափոխվում, բացի այդ, պահելուց քիչ տեղ են զբաղեցնում։

Թաղանթային ծածկերի համար որպես լուսաթափանց նյութ օգտագործում են պոլիէթիլենային թաղանթ, որն առաձգական է և ցրտակայուն (դիմանում է մինչև -20 °C ցրտին)։ 0,05-0,25 մմ հաստության պոլիէթիլենային թաղանթով թափանցում է լույսի 80-100 %-ը։ Ջերմային ճառագայթների բարձր թողունակության շնորհիվ ցերեկային ժամերին թաղանթի տակ ջերմաստիճանը նշանակալիորեն բարձրանում է, իսկ գիշերը խիստ նվազում։ Այդ պատճառով ցերեկը արևոտ եղանակին օդափոխության համար այն պետք է բացել, իսկ գիշերը ծածկել անթափանց նյութերով։ Ծածկին անհրաժեշտ ձև տալու համար թաղանթը «կարում են» մինչև 110-120 °C տաքացրած արդուկով կամ զոդիչով։

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, տան, տնամերձ հողամասի բարեկարգման անհրաժեշտ բաղադրամասն է։ Լինում են խմելու, տեխնիկական և ոռոգման ջրի տեսակներ։ Խմելու ջուրը պետք է պարբերաբար (հատկապես գարնանը և աշնանը) ստուգման տալ սանիտարահամաճարակային կայանում։ Տեխնիկական ջրի մանրէաբանական ստուգումը նույնպես անհրաժեշտ է, քանի որ տարբեր նպատակների համար օգտագործելիս (լողանալ, լվացք) ոչ մաքուր ջուրը կարող է թափանցել օրգանիզմ և հիվանդության պատճառ դառնալ։

Ոռոգման համար կարելի է օգտագործել խմելու, տեխնիկական, գետի, արհեստական լճակների, լճերի ջրերը։

Ցանկալի է, հատկապես բանջարեղենի, մրգերի և հատապտուղների հասունացման փուլում ոռոգման ջուրը հատուկ պարզարաններում մի քանի ժամ թողնել զուլալվելու, որի ընթացքում սառը ջուրը նաև գոլանում է, և բույսերը ջրվում են արդեն «գոլացած» ջրով։

Այգիներում և տնամերձ հողամասերում, որտեղ չկա ջրմուղ ցանց, ջրի հիմնական աղբյուր են բաց ջրավազանները (գետ, արհեստական լճեր ու լճակներ, ջրամբարներ) ու ստորգետնյա ջրերը։ Վերջիններից օգտվելու համար կառուցում են ջրհորներ, բացում արտեզյան հորատանցքեր։

Ջրհորների մեծ մասից, հատկապես խողովակավորից (հորատանցք), ջուրն արտամղում են պոմպերով։ Արդյունավետ են անջրանցիկ պատյանով սուզապոմպերը, որոնք էլեկտրաշարժիչի հետ ջրհոր են իջեցվում ջրի մակարդակի հավասարությամբ։ Ստորգետնյա մակերեսային ջրերի համար կառուցում են հորանային ջրհորներ, որոնցից ջուրը հանում են դույլերով կամ պոմպերով։

Պոմպերի հուսալի և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է մղվող ջուրը զտել տարբեր զտիչներով։ Լայն կիրառություն ունեն առանց ցանցի անցքավոր, մազավոր և կոպճային զտիչները։ Այգեգործական հողամասերում ջրատար խողովակները սովորաբար տեղադրում են հողի մակերևույթին և ձմռանը չպայթելու համար, մինչև ցրտերը դատարկում միջի ջուրը։ Դրա համար խողովակների վրա մի քանի տեղ դնում են պտուտակվող խցափակիչով կարճ խողովակաճյուղեր (5-10 սմ)։ Գարնանը խորհուրդ է տրվում «լվանալ» խողովակները, փակել խցափակիչները, խողովակները լցնել ջրով, ապա բացել բոլոր ծորակները։

Խողովակները սովորաբար տեղադրում են հողամասի պարագծով, իսկ առավել շատ ջուր օգտագործվող տեղերում (ցնցուղ, ամառային խոհանոց, ջերմոց ևն) դնում առանձին գծեր։ Յուրաքանչյուր գիծ պետք է ծորակ ունենա, ոռոգման գծերը բացի ծորակից պետք է ունենան նաև պարուրակով (կամ առանց դրա) կարճ խողովակաճյուղ ճկափողը միացնելու համար։ Շատ հարմար են ծալքավոր ճկափողերը, որոնք թեթև են, ճկուն և գրեթե չեն ոլորվում։

Ոռոգման ջուրը կուտակելու, արևի տակ «գոլացնելու» համար նպատակահարմար է հողամասում ունենալ տարողություն, հնարավորության դեպքում կառուցել ջրավազան։

Շենքերի Ջ-ան համար կարելի է գործածել ցինկապատ երկաթից կամ չժանգոտվող պողպատից 250-500 լ տարողության ջրաճնշիչ բաք։ Սովորաբար բաքը տեղադրում են ձեղնահարկում։ Բաքին միացնում են ջրամղիչ, ջրաբաշխիչ, ստուգիչ (բաքի լցվածությունը ստուգելու) խողովակներ։ Ջրամղիչ խողովակի վրա նպատակահարմար է տեղադրել գնդավոր փակիչ կափույր։

ՋՐՀՈՐ, կառուցվում է գլխավորապես ոռոգման, երբեմն խմելու ջուր ստանալու նպատակով և կոչվում ջրաբաշխման Ջ.։ Լինում են հորանային և խողովակավոր ջրաբաշխման Ջ-ներ։

Հորանային Ջ-ները ջրապարունակ շերտերում խորացնում են մինչև 1–2 մ։ Դրանց խորությունը, որպես կանոն, չի գերազանցում 20-30 մ։ Նման Ջ-ները փորում են բահով, լինգով, բրիչով, կոնքավոր ամբարձիչ ոլորակի և հատուկ մեքենաների օգնությամբ։ Հորանային Ջ-ները ամրակում են 0,7x0,7 մ-ից մինչև 1,2x1,2 մ լայնակի հատվածքի փայտե գերանակերտվածքով (նկ. 1) կամ մինչև 1 մ տրամագծով բետոնե, երկաթբետոնե, ասբեստացեմենտե խողովակներով (օղակներով)։ Ջ-ի հատակը նպատակահարմար է ծածկել խոշորահատիկ ավազի և կոպիճի 20-30 սմ հաստության շերտով։ Գերանակերտվածքը պետք է 0,6–0,7 մ բարձր լինի գետնի մակերևույթից և ծածկվի կափարիչով։ Մակերևույթային ջրերից Ջ-ը պաշտպանելու համար