Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հորատումը վերջացնելուց հետո հորատանցքն ամրակում են շրջապահ խողովակներով (պողպատե, ազբեստացեմենտե կամ խեցե)։ Որպեսզի շրջապահ խողովակներն իջեցվեն մինչև պահանջվող խորություն, դրանց և հորատանցքի պատերի միջև պետք է թողնել 5 սմ ճեղք։ Խողովակն անհրաժեշտ է իջեցնել հորատանցքի երկարությամբ առանց ընդհատումների։ Եթե դրանք չեն իջնում սեփական զանգվածի ազդեցությամբ, ապա պտտեցնում են, տեղախախտում կամ ավելի խոր նստեցնում մուրճով։ Խողովակի ծայրը պետք է հողի մակերևույթից 0,5-0,7 մ բարձր լինի։ Որպեսզի ջրապարունակ հորիզոնը պահպանվի փլուզումից, և մաքուր ջուրը հոսի առանց մեխանիկական խառնուկի, հորատանցքի ջրընդունիչ մասում պետք է տեղադրել զտիչ։ Հորատանցքերում և կիսաժայռային ապարներում զտիչ չեն տեղադրում։ Վերջինիս կառուցվածքը պայմանավորված է ապարով. լինում է ծակոտկեն, մետաղալարե, ցանցավոր, մանրախճավոր ևն։ Զտիչը կարելի է տեղադրել առանձին (հորատանցքի առավել կատարելագործված կոնստրուկցիա) կամ շրջապահ խողովակասյուների վրա։ Ջրի հոսքը դեպի հորատանցք տեղի է ունենում հորատանցքի փողի (ջրաշերտի ճնշման համեմատ) ջրաստատիկ ճնշման նվազման հետևանքով։ Հնարավորության դեպքում (կախված հորատանցքի տրամագծից) Ջ-ներից ջուրը հանում են էլեկտրական կամ ձողավոր մխոցավոր պոմպերով։ Ջ-ի շուրջը (1,2 մ լայնությամբ և դեպի դուրս թեքությամբ) բետոնապատում են։

Բացի ջրաբաշխման Ջ-ներից հաճախ կառուցում են նաև զտիչ Ջ-ներ, որոնք նախատեսված են լվացարաններից, ցնցուղարաններից և բաղնիքներից տնտեսական կեղտաջրերը հեռացնելու համար։ Նման Ջ-ներ տեդադրելիս պետք է հաշվի առնել ստորգետնյա ջրերի ամենաբարձր մակարդակը, որը որոշում են գարնանը։ Պարզ զտիչ Ջ. (նկ. 3) հոծ գրունտում փորվածք է (1,2-2 մ շառավղով, 0,5-1,5 մ խորությամբ)՝ լցված խճով կամ մանրահատիկ ավազով։ Զտիչ Ջ-ները լինում են կլոր կամ քառակուսի, բետոնից կամ աղյուսից, խորությունը հասնում է մինչև ջրակլանիչ շերտի վերին մակարդակը։ Զտիչ Ջ. թույլատրվում է կառուցել միայն շրջանային սանիտարական տեսչության համաձայնությամբ։ Այդ Ջ-ները պետք է գտնվեն խմելու ջրի Ջ-ներից 50 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ։

ՌԵՊԵԼԵՆՏՆԵՐ, արյունածուծ միջատներին՝ մոծակներին, մլակներին, մժեղներին, պիծակներին վախեցնող-փախցնող նյութեր։ Ռ-ով մշակված արտահագուստները, պաշտպանացանցերն ու թիկնոցներն ավելի երկար ժամանակ են պաշտպանում մարդկանց միջատներից, իսկ մաշկի բաց հատվածներին քսելիս այն ազդում է ընդամենը մի քանի ժամ։ Այս տիպի Ռ-ը լինում են հեղուկ (լոսյոն, էմուլսիա), քսուք, աերոզոլային միջոցների և անձեռոցիկների տեսքով։ Ռ-ի պատրաստուկները պարունակում են երկէթիլտոլուամիդ, երկմեթիլֆտալատ, բենզոիլպիպերիդին ակտիվ նյութեր և այլ միացություններ, որոնք բավարար չափով պաշտպանում են մարդկանց միջատներից և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չեն թողնում։

Արդյունավետ են «Դիֆտալար», «Օկալան» լոսյոնները, որոնց պաշտպանիչ ազդեցությունը տևում է 3 ժամ, իսկ «Դէտա» էմուլսիայինը՝ 4-5 ժամ։

«Ռեբեֆտալ», «Դէտա Բ» քսուքներն արտադրվում են ալյումինե պարկուճներով։ Դրանք հեշտությամբ քսվում են մաշկին և ունեն կոսմետիկական լավ հատկություններ։

Ռեֆտամիդն աերոզոլային փաթեթավորմամբ հագուստի և մաշկի բաց հատվածների մշակման համար ռեպելենտային միջոց է։ Մշակում են պատրաստուկի շիթով 10-12 սմ հեռավորությունից, 10-20 վայրկյան տևողությամբ։ Պաշտպանիչ ազդեցությունը 2-4 ժամ է։

ՍԱԼՈՐԵՆԻ (աճեցումը), բազմաթիվ տեսակներից առավել տարածվածը ընտանի կամ սովորական Ս. է (դամբուլենի)։ ՀՀ-ում մշակվում է նաև շլորենի և մամխի։ Մ-ի ներմուծված արդյունաբերական սորտերից են Դեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոնետ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։ Մշակվում է Արարատյան, նախալեռնային, լեռնային, հյուսիսարևելյան, հարավ-արևելյան գոտիներում։ Ս. կարելի է բազմացնել մացառներով, կանաչ և արմատային կտրոններով (յուրարմատ բույսեր ստանալու նպատակով) աչքապատվաստով և պատվաստով։ Պատվաստելիս սկզբում աճեցնում են սերմնային պատվաստակալներ՝ շլորենու, Ս-ու և թաղիքային բալենու մշակվող սորտերը, ինչպես նաև կլոնային պատվաստակալները։ Տնկում են գարնանը և աշնանը, թույլ աճ ունեցողները՝ միմյանցից 3 մ, միջին և ուժեղ աճ ունեցողները՝ 4-5 մ հեռավորությամբ։ Տնկման տեխնիկան նույնն է, ինչ բալենունը:

ՍԵԽ (աճեցումը), ջերմասեր բույս է, լավ է աճում թեթև ավազախառն օրգանական նյութերով հարուստ հողերում, 26-28 °C–ում. ցրտահարվում է -0,5...–3 °C–ում։ Սերմերը ծլում են 12-13 °C–ից բարձր ջերմաստիճանի պայմաններում 4-6 օրում, 40-50 օր հետո բույսը ծաղկում է, բացվում են արական ծաղիկները, 7-10 օր հետո իգականները։ Ծաղկի բեղմնավորումից մինչև պտղի հասունացումը տևում է 30-45 օր։ ՀՀ-ում մշակվող սորտերից են Շալախը (վաղահաս, հասունանում է հուլիս ամսից և