Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ՝ մեկ տեսակ, բայց գույնով ներդաշնակ մի քանի սորտ։ Կարելի է կազմել խմբեր բույսերի մի քանի տեսակներից, ըստ որում զուգակցումներով, բայց ներդաշնակ գույներով, որպեսզի դրանք Ս-ի ֆոնի վրա բնական դիտվեն։

ՍԽՏՈՐ (աճեցումը), ցրտադիմացկուն բույս է, աճն սկսում է 3-5 °C-ում։ Տարբերվում են 2 ենթատեսակ՝ ցողունավոր (գարնանացան) և սովորական (աշնանացան)։ Սովորական (ցողուն չառաջացնող) տեսակն առաջացնում է միայն սոխուկներ, որոնք կազմված են ատամիկներից։ Ցողունավորը սոխուկներից բացի առաջացնում է նաև ընձյուղ՝ ծաղկաբույլով, որում կազմավորվում են օդային սոխուկներ։ ՀՀ-ում տարածված լավագույն սորտը տեղականն է։ Ս. բազմանում է վեգետատիվ ճանապարհով։ Ս-ի պճեղները տնկում են վաղ գարնանը, նպատակահարմար է տնկել աշնանը (սոխուկները պահելու հարկ չի լինում և կորուստը նվազում է)։ Աշնանացանն ավելի բերքատու է, բայց երկարատև չի պահպանվում, իսկ գարնանացանը պահպանվում է մինչև նոր բերքը։

Աշնանը նախորդ բույսի բերքահավաքից հետո, Ս-ի հողը պետք է պարարտացնել օրգանական (5-6 կգ բուսահող կամ կոմպոստ) և հանքային (30 գ սուպերֆոսֆատ և 20 գ կալիումի քլորիդ՝ 1 մ²–ին) պարարտանյութերով։ Հողն անհրաժեշտ է վերափորել և խառնել պարարտանյութ։ Ս. գերադասելի է աճեցնել 15-20 սմ բարձրության և 1 մ լայնության մարգերում։ Աշնանացան Ս-ի միջշարային հեռավորությունը 20-25 սմ է, միջբուսայինը՝ 5-8 սմ, տնկման խորությունը՝ 3–4 սմ, մուլչապատում են տորֆով կամ բուսահողով (1,5-2 սմ)։ Պետք է առաջացող ընձյուղները կոտրելով հեռացնել, որից բարձրանում է բերքատվությունը։ Երբ Ս-ի տերևները դեղնում են, բույսը պետք է հողից հանել և 4-5 օր չորացնել արևի տակ՝ թողնելով մարգում։ Գարնանցան Ս. տնկում են վաղ գարնանը, ձնհալից հետո, նույն եղանակով, ինչ աշնանացանը։ Առաջացած ծիլերը պետք է սնուցել միզանյութով (1 մ²–ին՝ 10-15 գ) և ջրել հողի չորանալուն զուգընթաց։

Սոխուկների ձևավորման փուլում պետք է սնուցել հանքային պարարտանյութերով (50 գ սուպերֆոսֆատ և 15 գ կալիումի քլորիդ՝ 1 մ²–ին)։ Ս. հավաքում են ստորին տերևների չորանալու ժամանակ։

ՍՄԲՈՒԿ, բադրիջան, ՀՀ-ում մշակում են Ս-ի Երևանի տեղական և Երևանի 3 սորտերը։ Պտուղները երկարավուն գլանաձև են՝ բութ ծայրով, 18-25 սմ երկարությամբ և 4-5 սմ տրամագծով, գույնը՝ մուգ մանուշակաշագանակագույն, պայծառ փայլով։ Պտղամիսը նուրբ է, համեղ, սպիտակականաչավուն։ Ս. ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 13 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում, ցրտահարվում 0.5...-1 °C–ի տակ, իսկ +15 °C–ից ցածր ծաղկումը դադարում է։ Հողը պետք է պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով։

Հողի նախացանքային մշակությունն ու սածիլման տեխնիկան, պարարտացումը, ժամկետներն ու խնամքը նույնն են ինչ տաքդեղինը: Սածիլելուց 65-70 օր հետո կատարվում է Ս-ի առաջին բերքահավաքը, որից հետո ծաղկումն ու պտղաբերությունը շարունակվում է մինչև աշնան ցրտահարություններն սկսվելը։ Ս-ի բերքը հավաքում են տեխնիկական հասունացման փուլում, երբ պտղի երկարությունը 15-20 սմ է, սերմերը դեռ չեն կարծրացել։

ՍՈԽ (աճեցումը), ՀՀ-ում մշակվում է հիմնականում գլուխ սոխը, որի բազմաթիվ սորտերից՝ Խաթունարխի սոխը, ունի շատ հյութալի և բարձրորակ սոխուկ։ Մշակվում է նաև Կարատալյան, իսկ լեռնային շրջաններում՝ Սխվալինյան սորտը։ Ս. լավ բերք է տալիս օրգանական նյութերով հարուստ, թեթև, թափանցիկ, ավազախառն հողերում։ Սերմերը ցանքից 18-24 ժամ առաջ պետք է թրջել։ Ս. ծլում է 8-10 օրում, Ս-ի համար լավ նախորդներ են վարունգը, վաղահաս կաղամբը, պոմիդորը։ Հողը պետք է նախապատրաստել աշնանից։ Վերափորելուց առաջ տրվում է փտած գոմաղբ, տարբեր կոմպոստներ՝ 3-5 կգ՝ 1 մ²–ին։ Լավ պարարտանյութ է նաև փայտի մոխիրը (1 մ²–ին՝ 0,5–1,0 կգ)։ Թարմ գոմաղբ չի կարելի տալ, քանի որ դրանից բույսերի աճը դանդաղում է, տերևների աճը երկար ժամանակ չի դադարում, սոխուկները չեն հասունանում և վատ են պահպանվում։ Ձմեռնամուտացանքի դեպքում 1 մ²–ին տալիս են 25-30 գ սուպերֆոսֆատ, 15-20 գ կալիումի աղ և 10-15 գ ամոնիակային բորակ. պարարտացնում են 10-15 սմ խորությամբ։ Գարնանացանի դեպքում սուպերֆոսֆատի և կալիումական պարարտանյութի ամբողջ քանակի կեսը պետք է տալ աշնանը, իսկ մնացած մասը և ազոտականը՝ գարնանը։ Ցանքը կատարում են շաղացան կամ նեղ շարքերով (26 սմ միջշարային հեռավորությամբ), 3 կամ 5 գծանի ժապավեններով (30 սմ միջգծային, 50 սմ միջժապավենային հեռավորությամբ) կամ լայնաշարք (45 սմ միջշարային հեռավորությամբ)։ Երբ բույսի բարձրությունը 10–12 սմ է՝ կատարում են ցանքերի առաջին նոսրացումը՝ թողնելով 3-4 սմ միջբուսային հեռավորություն։ Երբ բույսերն ունենում են 5-6 տերև և սկսում են գլխիկների կազմավորումը, կատարում են երկրորդ նոսրացումը՝ թողնելով 5-6 սմ միջբուսային հեռավորություն։ Վերջին նոսրացումը կատարում են հասունացումից մեկ ու կես ամիս առաջ՝ թողնելով 10-12 սմ միջբուսային հեռավորություն։ Պետք է ժամանակին քաղհանել, փխրեցնել և ոռոգել։ Սկզբում սակավ են ջրում, հետագայում (հունիս-օգոստոսին)՝ ավելի հաճախ։ Բերքահավաքը կատարում են գլուխների լրիվ հասունացման փուլում, երբ տերևներն սկսում են դեղնել, չորանալ ու պառկել։ Բերքը հավաքում են աշնան չոր եղանակին, տերևները մաքրելուց, տեսակավորելուց և չորացնելուց հետո պահում են ձմռան համար՝ 20-30 սմ հաստության շերտով, 1,5...–2 °C ջերմաստիճանի պայմաններում։

Բացի գլուխ Ս-ից, մշակում են նաև սնամեջ սոխ, պրասասոխ և այլն։ Ս. աճեցնում են նաև որպես կանաչի օգտագործելու համար։ Այն մշակում են մարգերում՝ թմբերով կամ հարթ տեղամասում։ Ցանքը ժապավենաձև է։ Սերմերը կարելի է ցանել վաղ գարնանը, ամռանը և աշնանը։ Ծլումն արագացնելու նպատակով սերմերը պետք է 10-18 ժամ թրջել հոսող ջրում, հետո չորացնել, մինչև դառնա սորուն։ Ցանքից առաջ պարարտացնել ամոնիակային բորակով, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով (10-15 գ՝ 1 մ²–ին)։

ՍՊԱՆԱԽ (աճեցումը), լավագույն սորտերն են Վիկտորիան, Շպինատայինը։ Ս. ցրտադիմացկուն է։ Սերմերը ծլում են +4 °C–ում, դիմանում –6 °C ցրտին։ Սպառողական հասունացումն սկսվում է ծիլերի երևալուց 30-45 օր հետո։ Ս. զգայուն է խոնավության նկատմամբ։ Հողը պետք է նախապատրաստել աշնանից։ Վերափորման ժամանակ 1 մ²–ին պետք է տալ