Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30 գ սուպերֆոսֆատ և 15 գ կալիումի քլորիդ։ Վաղ գարնանը փոցխելու ժամանակ 1 մ²–ին տալիս են 20 գ միզանյութ։ Թարմ օրգանական պարարտանյութեր չպետք է տալ. դրանք վատացնում են տերևների համային հատկությունները։ Թարմ Ս. ստանալու համար պետք է ցանել մի քանի ժամկետներում։ Ծլումն արագացնելու նպատակով սերմերը պետք է 1-2 օր թրջել տաք ջրով։ Ցանքից առաջ ուռած սերմերն անհրաժեշտ է թեթևակի չորացնել, որպեսզի չկպչեն իրար։ Ցանում են շարային եղանակով (միջշարային հեռավորությունը՝ 30 սմ, խորությունը՝ 2-3 սմ)։ Ցանքից հետո հողը հարթեցնում են։ Ծիլերի երևալուց հետո նոսրացնում են՝ թողնելով 8-10 սմ միջբուսային հեռավորություն։ Շոգ եղանակին առատ ջրում են։ Թույլ աճի դեպքում սնուցում են ազոտական պարարտանյութերով (10-15 գ միզանյութ)՝ 1 մ²–ին), ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ չպետք է կիրառել, որովհետև դրանք նպաստում են բույսերի ցողունավորմանը։ Բերքը հավաքում են, երբ առաջանում է 5-6 տերև։ Բերքահավաքը չպետք է ուշացնել, որովհետև գերաճած տերևները կոպտանում են և դառնում սննդի համար ոչ պիտանի։

ՍՏԵՊՂԻՆ (աճեցումը), ցրտադիմացկուն է, կարող է ձմեռել հողի մեջ՝ գարնանը տալով թարմ արմատապտուղ։ ՀՀ-ում մշակվող վաղահաս սորտերից Կլորը կարճապտղավոր է, իսկ միջահասներից Ստուդենտը՝ երկարապտղավոր։ Ս. աճեցնում են նույն եղանակով, ինչ գազարը, բայց Ս. ավելի խորն են ցանում, քան գազարը և մաղդանոսը, որովհետև դրա թեթև սերմերը քամին կարող է քշել տանել։ Նոսրացումից հետո պետք է թողնել 10-15 սմ միջբուսային հեռավորություն։

ՍՏՐԱՏԻՖԻԿԱՑՈՒՄ, սերմերի նախացանքային նախապատրաստության միջոցառում, որն ապահովում է առավել նպաստավոր պայմաններ սերմերի հետբերքահավաքյան հասունացման և «հանգստի» շրջանի անցկացման համար։ Ս-ման համար սերմերը պահում են խոնավ վիճակում (ավազի, թեփի, մամուռի մեջ) դրական ոչ բարձր ջերմաստիճաններում (3...5 °C)։ Սերմերի Ս-ման տևողությունը տարբեր ցեղերի և սորտերի բույսերի համար տարբեր է։

ՎԱՂԵՆԱԿ, նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա և միամյա բույսերի ցեղ։ Ընդգրկում է 15 տեսակ։ ՀՀ-ում բնական պայմաններում հայտնի է մեկ տեսակ՝ պարսկական Վ., որն աճում է Զանգեզուրի չոր, քարքարոտ լեռնալանջերին։ Թավշածաղիկի պես Վ. ևս խորհուրդ է տրվում ընդգրկել ցանքաշրջանառության մեջ։ Գեղազարդիչ պարտեզագործության մեջ առավել տարածված է դեղատու Վ., որն օգտագործվում է որպես միամյա։ Բարձրությունը 20-75 սմ է։ Թփերը ճյուղատարած են կամ հավաք։ Ծաղկաբույլերը՝ խոշոր (5-8 սմ տրամագծով), մանր (3-5 սմ), լիաթերթ, կիսալիաթերթ, պարզ, տափակ կամ կիսագնդաձև, միագույն և երկնագույն։ Վ–ի ցողունները, տերևները, ծաղիկներն ունեն յուրահատուկ հոտ։

Վ. լուսասեր, ցրտադիմացկուն բույս է, լավ է աճում ոռոգելի հողերում, հատուկ խնամք չի պահանջում։ Ծաղկաթափ եղած ծաղկաբույլերը մշտապես հեռացնելու դեպքում ծաղկում է մինչև ուժեղ սառնամանիքներ։ Չոր ամռանը պետք է ջրել, այլապես ծաղկաբույլերը կմանրանան։

Հեշտորեն բազմանում է ինքնացանքով (աշնանը, գարնանը կամ վաղ ամռանը սերմերը բաց գրունտում ցանելով)։ Ծիլերը 2-3 անգամ պետք է նոսրացնել. հանված բույսերը կարելի է օգտագործել որպես սածիլներ։ Սնուցման մակերեսը՝ 25x25 սմ։

Վ. ախտահարվում է տարբեր տեսակի փտումներով, ալրացողով, ժանգով (հարուցում են սնկերը), բծավորությամբ (հարուցում են վիրուսները)։

Բույսին վնասում՝ են որոշ տեսակի լվիճները, մարգագետնային մլուկը, բվիկները, լորձախխունջները, լարաորդերը։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։ ՀՀ-ում մշակության մեջ տարածված է դեղատու Վ. իր երեք սորտերով (Մետեոր, Գրանդիֆլորա պլենա, Ռանունկուլաիդես), որոնք ունեն գեղազարդիչ և դեղագործական նշանակություն։

ՎԱՐԴԵՆԻ, վարդազգիների ընտանիքի զարդարիկ բույսերի ցեղ, հայտնի է մոտ 350 տեսակ։ Վ-ի բազմաթիվ սորտերն ու զարդարիկ ձևերը ստորաբաժանվում են 30-ից ավելի պարտեզային խմբերի։ ՀՀ–ում բաց գրունտում աճեցնում են.

Հիբրիդ թեյավարդեր. ուղիղ, հազվադեպ ճյուղավորված 60-80 սմ բարձրության թփեր են։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, փայլուն կամ փայլատ, վառ կանաչից բրոնզակարմիր։ Ծաղիկները խոշոր են (10-12 սմ տրամագծով), կոնաձև, գավաթաձև կամ բաժակաձև, բազմաթերթ, տարբեր գույնի, դուրեկան բույրով։ Ծաղկում են մայիսից մինչև ուշ աշուն։ Կան կարմիր, նարնջակարմիր և դեղին բազմաթիվ սորտեր։

Պոլիանտ վարդեր. ցածր (30-50 սմ), հավաք թփեր են, յուրաքանչյուր ընձյուղը վերջանում է հուրանաձև ծաղկաբույլով։ Տերևները մանր են, կաշեկերպ։ Ծաղիկները մանր են (3-5 սմ տրամագծով), միջին կամ խիտ բազմաթերթ, կարմիր, նարնջագույն, վարդագույն։ Ձմեռադիմացկուն են, հիվանդությունների նկատմամբ՝ կայուն։ Հեշտ են բազմանում կանաչ կտրոնների արմատակալմամբ։

Ֆլորիբունդա. 40-100 սմ բարձրության թփեր են։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, կանաչ և կարմիր բրոնզագույն։ Ծաղիկները պարզ են, կիսաբազմաթերթ, մանր և խոշոր, տափակ, բաժակաձև և գավաթաձև։ Ծաղկաբույլերը նման են պոլիանտ վարդերին՝ հուրանաձև են, բայց ծաղիկներն ավելի փոքր են։ Այս խմբի սորտերն աչքի են ընկնում ծաղիկների գույների բազմազանությամբ, մի քանիսը խիստ բուրումնավետ