սնուցում։ 1 մ²–ին պետք է տալ թռչնաղբի հեղուկ (1:10 հարաբերությամբ) կամ գոմաղբահեղուկ (1:5 հարաբերությամբ)։ Հանքային պարարտանյութերով սնուցելիս 10 լ ջրի մեջ լուծում են 15 գ միզանյութ (կամ 20 գ ամոնիակային բորակ), 30 գ սուպերֆոսֆատ և 20 գ կալիումի սուլֆատ (1 մ²–ին՝ 5 լ լուծույթ)։ Սնուցումից հետո բույսերը պետք է ջրել մաքուր ջրով, որպեսզի տերևները լվացվեն-մաքրվեն պարարտանյութերի մնացորդներից և չայրվեն։ Առաջին սնուցումը կատարում են բուկլիցի ժամանակ, երկրորդը՝ 1-2 անգամ բերքը հավաքելուց հետո։ Բերքը հավաքելիս պտուղները կտրում են դանակով՝ պտղակոթի հետ։
Սովորականից 20-25 օր շուտ բերք ստանալու համար օգտագործում են ջերմոցներում տորֆաբուսահողային թաղանթներում աճեցրած սածիլները։ Թաղարներում աճեցրած 25-30 օրական բույսերը սովորական ժամկետում փոխադրում են դաշտ։ Բերքն ստացվում է սերմերով ցանքից մեկ ամիս շուտ։ Արարատյան դաշտում ցանք կատարում են 2 ժամկետում. գարնանը՝ ապրիլի 25-ից մայիսի 15-ը և ամռանը՝ օգոստոսի 1-10-ը։
ՏԱՆՁԵՆԻ (աճեցումը). ՀՀ-ում (Արարատյան դաշտ, նախալեռնային, հյուսիս-արևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներ) տարածված են տեղական Մալաչա, Սինի, Կարմրկենի, Ձմեռնուկ, եվրոպական ծագման Վիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե-Բոսկ, Բերե-Արդանպոն, Նելիս ձմեռային և այլ սորտեր։ Ցածրավայրերում ծաղկման շրջանում անգամ տուժում է ցրտահարությունից։ Վեգետացիայի շրջանում ցուրտ և խոնավ եղանակի դեպքում Տ-ու պտուղները և տերևները կարող են վնասվել քոսից և այլ սնկային հիվանդություններից։ Տ. պահանջկոտ է աճեցման պայմանների նկատմամբ, լավ աճում է կավավազային և ավազակավային հողերում։ Տ. խաչաձև փոշոտվող է, դրա համար այգում պետք է լինեն 2-3 սորտեր։ Բազմացնում են պատվաստով։ Ուժեղ աճ ունեցող ծառերը պատվաստում են վայրի Տ-ու սերմնաբույսերին, թզուկ բույսերը՝ սերկևիլենու վրա։ Վերջիններիս վրա պատվաստված ծառերն ավելի կարճակյաց են (15-20 տարի), վաղ են պտղաբերում, ավելի պահանջկոտ են խոնավության և հողի բերրիության նկատմամբ, պտուղները խոշոր են, շաքարայնությունն ավելի բարձր է։ ՀՀ-ում ուժեղ աճող պատվաստակալների վրա Տ. սկսում է պտղաբերել 5-6 տարեկանում (լրիվը՝ 10-15 տարեկանում), իսկ ցածրաճերի վրա՝ 4-5 տարեկանում։ ՀՀ- ում Տ. ապրում է 50-60 տարի։ Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30-300 կգ է։ Ամառային սորտերի պտուղները հավաքում են հասունացումից 68, աշնանայինները՝ 10-14 օր առաջ։ Ձմեռային սորտերի պտուղները թողնում են ծառի վրա հնարավորին չափ երկար, բայց հավաքում են ցրտահարություններից առաջ (հոկտեմբերի առաջին կեսին)։ Տ-ու տնկարկների խնամքը էականորեն չի տարբերվում այլ հնդավոր բույսերի խնամքից (այդ մասին տես Այգի հոդվածում)։
ՏԱՔԴԵՂ (աճեցումը), մորմազգիների ընտանիքի բույս։ Ցողունը՝ կլոր կամ հինգ անկյունանի, առատ ճյուղավորվող, ներքևի մասում շուտ փայտացող, իսկ վերևում՝ դալար։ Բույսն ինքնափոշոտվող է, սակայն ՀՀ հարավի պայմաններում լինում է նաև խաչաձև փոշոտում։ Պտուղները՝ կլոր-տափակավուն, գնդաձև, կոնաձև, քառանկյունի, եռանկյունի, եղջերաձև և այլ ձևերի։
Տեխնիկական հասունացման վիճակում պտուղները լինում են կանաչ, դեղնականաչ, սպիտակականաչ, լրիվ հասունացած վիճակում՝ կարմիր և նարնջագույն։ Պտղի զանգվածը սորտից կախված՝ 5-200 գր և ավելի։
Սածիլը տնկելուց 60-70 օր հետո սկսվում է Տ-ի առաջին պտուղների տեխնիկական հասունացումը և բերքահավաքը։ Ծաղկումն ու պտղաբերությունը շարունակվում են մինչև աշնան ցրտահարությունները։ Տ-ի բերքահավաքը պետք է կատարել մեծ զգուշությամբ, որովհետև ճյուղերը շատ նուրբ են և հեշտությամբ կոտրվում են։ Տարբերում են կծու, կիսակծու և քաղցր սորտեր։ Բոլոր տեսակներից էլ մշակում են ՀՀ-ում. քաղցր սորտերից՝ Բուլղարական քաղցրը, Նովոչերկասկի 35-ը, կիսակծուներից՝ փղի կնճիթը, կծուներից՝ Կայենյանը։
Տ-ի մշակության համար լավագույնը օրգանական նյութերով հարուստ կավավազային և ավազակավային հողերն են, ինչպես նաև ՀՀ լեռնային սևահողերը։ Թթու, ճահճոտ և ծանր կավային հողերում Տ. լավ չի աճում։ Ցանքաշրջանառության մեջ լավ նախորդներ են վարունգը, կաղամբը, բոստանային բույսերը և ընդավորները։ Արարատյան դաշտում լավ նախորդներ են նաև աշնանացան սպանախը, սոխը և այլն։ ՀՀ-ում Տ. մշակում են բացառապես սածիլներով։ Արարատյան դաշտում սածիլներն աճեցնում են տաքացվող և արևային ջերմոցներում ու բաց սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում՝ տաքացվող ջերմոցներում։
Փոքր տարածություններում Տ. մշակում են մարգերով։ Գարնան փխրեցումից կամ կրկնափորից հետո, դաշտը փոցխում են և մարգոցում, մարգի լայնությունը պետք է լինի 1,5-2 մ, երկարությունը ըստ ջրելու հնարավորության։ Մարգերի մեջ հողը պետք է հարթել, հավաքել մոլախոտերի մնացորդները և ջրել։ Տ. տնկում են 50-60 սմ միջշարային, 30-40 սմ միջբուսային հեռավորությամբ։ Սածիլները տնկելու համար շարքերը նշագծում են, հետո բացում փոսիկներ և տնկում, մարգը լրանալուց հետո ջրում։ Սածիլները տնկում