են մինչև արմատավզիկի խորությունը։ Սածիլելուց 3-4 օր հետո չկպած սածիլների տեղը լրացնում են և ջրում, որից հետո 10-15 օր չեն ջրում։ Հուլիս-օգոստոս ամիսներին բույսերի փարթամ աճի և պտղաբերման շրջանում ջրում են 5-7 օրը մեկ։ Վեգետացիայի ընթացքում Տ. քաղհանում են 3-4 և փխրեցնում 2-3 անգամ։ Սածիլումից 15-20 օր հետո սնուցում են գոմաղբահեղուկով կամ հանքային պարարտանյութերով (ազոտական, ֆոսֆորական և կալիումական)։ Երկրորդ սնուցումը կատարում են առաջին սնուցումից 20-25 օր, երրորդը՝ դրանից մեկ ամիս հետո։ Բերքը հավաքում են պարբերաբար՝ 3-4 օրը մեկ, օրվա հով ժամերին։
ՏԽԼԵՆԻ, տկողենի, պնդուկենի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ թփերի, հազվադեպ ծառերի ցեղ։ ՀՀ-ում Տ. սովորական և Արջատխլենի տեսակներն աճում են Տավուշի և Սյունիքի մարզերի անտառներում։ Մշակության մեջ տարածված են Աշտարակի և Ողջաբերդի սորտերը։ Տ. ծառ է կամ թուփ՝ 4-30 մ բարձրությամբ։ Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն։ Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ գույնի, ամբողջաեզր, կամ մանր ատամնավոր, հերթադիր։ Ծաղիկները բաժանասեռ են։ Առէջքային (արական) ծաղիկները երկար, գլանաձև կատվիկներ են, վարսանդայինը (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլ։ Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ գույնի պտղաբաժակով։ Պտղի միջուկն օգտագործվում է թարմ վիճակում, հրուշակեղենի, քաղցրավենիների արտադրության մեջ։ Պտղի միջուկը պարունակում է ճարպեր (50-70%), սպիտակուցներ (15-20%), վիտամիններ։
Տ. ջերմասեր, խոնավասեր, ստվերասեր բույս է։ Բազմանում է սերմերով, մացառներով, անդալիսով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ծաղկում է վաղ գարնանը, ինքնափոշոտվող է։ Ապրում է մինչև 80 տարի։ Հողամասում պետք է տնկել ցանկապատի մոտ։ Բերքատվությունը 3 կգ 1 թփից։
ՑԱՆՑԱՃՈՃ, բացօթյա հանգստի համար կախովի, ցանցաձև մահիճ։ Ց. պատրաստում են բնական կամ արհեստական թելերից հյուսված ամուր քուղից (պարան)։ Երկարությամբ կողքերից ամրացված է պահող երկու պարանով, լայնությամբ՝ անցքեր ունեցող փայտե երկու զոլակով։ Դյուրատարության համար որոշ Ց-երի զոլակները պատրաստում են ծալովի։ Տ. կարելի է կախել գետնի մեջ ամրացված երկու սյունից (տես Ճոճ հոդվածը), որոնց պտուտակելով ամրացնում են ամուր կեռեր կամ կապօղակներ։ Ց-երի վրա կարելի է տեղադրել առագաստակտավից կամ այլ նյութից շվաքարան (վրանածածկ)։
Ինքնաշեն Ց-ում ցանցի փոխարեն կարելի է օգտագործել ամուր կտավի (բրեզենտ կամ առագաստակտավ) մի կտոր, որն անպայման ամրացվում է պահող պարանների կամ կապրոնե քուղերի երկար կողմերին։ Պատրաստի Ց-ին նպատակահարմար է հարմարեցնել գրքերի և հանգստի իրերի համար կախովի գրպան։
ՔԱՋՎԱՐԴ, պիոն, քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 30 տեսակ։ ՀՀ Զանգեզուրի կաղնու լուսավոր անտառներում, թփային մացառուտներում աճում են նեղատերև Ք-ի բնական բուսուտներ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ըստ ծաղկի կազմության Ք-երը միավորված են 5 խմբում, բոլորն էլ կարելի է աճեցնել բաց գրունտում։
Ոչ լիաթերթ Ք-երն ունեն մեկ շարքով դասավորված 5 և ավելի պսակաթերթիկներ, բազմաթիվ առէջքներ և վարսանդներ։ Լայնորեն հայտնի Բրայդ սորտի պսակաթերթիկները սպիտակ են, թույլ վարդագույն երանգով, հիմքում՝ դեղնավուն, հոտավետ։
Ճապոնական Ք-երի պսակը բաղկացած է 5 և ավելի 1-2 շարքով դասավորված խոշոր, լայն պսակաթերթիկներից, կենտրոնում կան բազմաթիվ առէջքներ։ Ծաղիկները վառ են, ցայտերանգ։
Հողմածաղկանման Ք-երի պսակը կազմված է 5 և ավելի, մեկ շարքով դասավորված պսակաթերթիկներից, կենտրոնում կան բազմաթիվ ստամինոդիումներ, որոնք թերթիկների գույնի են, կարճ և լայն։
Կիսալիաթերթ Ք-երի պսակաթերթիկները դասավորված են 2-3 շարքով։ Տարբեր մեծության ստամինոդիումները հաջորդափոխվում են բնականոն առէջքների հետ, որոնք օղակով տեղավորված են պսակաթերթիկների մեջ կամ խմբված են կենտրոնում։
Լիաթերթ Ք-երի սորտերը ըստ ծաղկի ձևի և լիաթերթության բաժանվում են 3 ենթախմբի՝ վարդանման, պսակավոր և կիսագնդաձև։
Վարդանման Ք-երի ծաղիկները կազմված են բազմաթիվ, լայն, խոշոր պսակաթերթիկներից և նման են խոշոր վարդի՝։
Պսակաձև Ք. ունի լիաթերթ ծաղիկներ և լայն, միասեռ եզրային պսակաթերթիկներ։
Կիսագնդաձև Ք-ի ծաղիկներն ունեն խոշոր եզրային պսակաթերթիկներ, որոնք կենտրոնում խմբված են կիսագնդի ձևով։ Ծաղիկների ձևն անկայուն է։
Տեղի ընտրությանը. Ք. լավ է աճում արևոտ և ընդարձակ վայրերում։ Բույսերը պետք է հեռու լինեն ծառերից և թփերից, ինչպես նաև միմյանցից, որպեսզի ապահովվի լավ սնուցումն ու օդի շրջանառությունը։
Հողը. պիտանի են ցանկացած պարտեզային հողերը։ Ավազահողը նպաստում է տերևների, կավահողը՝ լավագույն ծաղիկների առաջացմանը, չնայած վերջին դեպքում բույսերը դանդաղ են զարգանում, բայց փոքր է նեմատոդներով ախտահարվելու հավանականությունը։ Եթե հողը բերրի չէ, այն պետք է ամբողջովին հեռացնել առնվազն 90 սմ խորությամբ և փոխարինել բերրի հողով։ Բույսերը վատ են դիմանում ջրի կանգին, ուստի պետք է ցամաքուրդացնել։ Փոսիկների (60x60x60 սմ) հատակին լցնել մանրախիճ կամ խոշոր ավազ (10-15 սմ շերտով), որից հետո հող (20-25 սմ), դրա վրա՝ գոմաղբի շերտ կամ սուպերֆոսֆատ (մի բոտ՝ փոսիկի մեջ)։ Պարարտանյութը պետք է խառնել փոսիկի հատակի հողի հետ և վրան լցնել դարձյալ հողի շերտ (20-25 սմ), որպեսզի արմատները չշփվեն պարարտանյութի հետ։ Ք. վատ է աճում թթվային հողերում, ուստի տնկելուց մեկ տարի առաջ դրանք պետք է կրացնել։ Թեթև, ուժեղ թթվային հողերին պետք է ավելացնել կիր՝ 1 մ²–ին մինչև 400 գ, թույլ թթվայինին՝ 200-250 գ, ծանրին համապատասխանաբար՝ 600 և 350-400 գ։
Տնկման լավագույն ժամանակը օգոստոսն է։ Խորհուրդ չի տրվում գարնանը տնկել, քանի որ մանր, սնուցող արմատները չեն հասցնում մինչև շոգ եղանակների սկսվելը զարգանալ, և բույսերը հաճախ ոչնչանում են խոնավության