Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նոր տարվա խորհրդանշական երևույթներից էին բազմապիսի գուշակությունները (եղանակով, կենդանիների վարքագծով, այցելուների արտաբերած խոսքերով, մոմի կամ լամպի լույսի տակ պատին գծագրվող ստվերներով ևն)։ Տոնի կարևորագույն «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ» և այլ անուններով հայտնի ծիսական հացը գուշակության գլխավոր միջոցն էր։ «Տարի հացը» կարող էր լինել գաթա, բաղարջ, կլոր, ձվաձև ևն, գլխավորն այն էր, որ նրա մեջ թխվելուց առաջ որևէ նշան էր դրվում՝ կորիզ, լոբի, դրամ...։ «Տարի հացը» կտրում էին կեսգիշերին կամ արշալույսին, տան անդամների թվի համեմատ, հաճախ բաժին հանելով նաև տան կենդանիներին, արտին, հանդին... Ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրան երջանկություն էր սպասվում կամ ընտանիքի հաջողությունը նրանից պիտի գար։

Բարին ապահովող ծեսերից և գուշակություններից զատ խիստ ընդհանրացած էին չարխափան միջոցները, ինչպես ալյուրով կամ մեղրով խաչեր գծել տան պատերին, գոմի դռանը, պայտ խփել դռան շեմին ևն։

Նոր տարվա տոնահանդեսի համահայկական սովորություններից առանձնանում է նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների խմբերի շրջայցերով տոնը շնորհավորելու ավանդույթը։ Այս խմբերը երգելով շրջում էին տնետուն կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով՝ իրենք ծպտված մնում տանիքում։ Տանտիկինները կախված տոպրակի մեջ դնում էին մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ ևն։ Երգերում ավետվում էին հին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը, հնչում բարեմաղթություններ։ Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը՝ այդ երգերը բավական տարբերվում էին միմյանցից։ Նախ, դրանք կատարվում էին տեղական բարբառներով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության, կարելի է պատկերացնել տվյալ վայրի Նոր տարվա անհրաժեշտ մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկեցիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները ևն. Օրինակ՝

- Ասօր Կախ է, վաղն է Կաղանդ,
Կախանն յո՞ր է, վաղն է Կաղանդ,
Շարոց, բաստեղ, չիր ու հեվեք,
Գոգնոց բացեք, գոգով տվեք,
Տուն ու երդիք լիք են շարքով,
Բարով Կաղանդ, բարկ արևով,
Ճոլոտ մամուն՝ ճըմուռ, քաղցու,
Ջոջիկ պապուն՝ բաղարջ, բլիթ,
Ճիժ-պիժերուս՝ շարան-շարան,
Շարոց, բաստեղ, անոյշ կաթա,
Ափով բաժնենք, ծափով ուտենք...

Նոր տարվա նախընթաց երեկոյի ընթրիքը կատարվում էր կեսգիշերին, ընտանիքի բոլոր անդամների պարտադիր ներկայությամբ։ Ընթրիքը բաղկացած էր լինում գլխավորապես անուշեղենից, խմորեղենից, մրգերից՝ թարմ ու չոր, ընդեղեններից, աղանձից ևն։ Ուշագրավ է, որ հունվարի 1-ից սկսվում էր Ծննդյան պասը, և որպես պաս օր Նոր տարվա ուտեստեղենի շարքում իսպառ բացակայում էին կենդանական ծագում ունեցող մթերքները։

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ (ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ), ՋՐՕՐՀՆԵՔ (ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ), աստվածահայտնության օրը կամ Քրիստոսի ծննդյան տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին՝ Քրիստոսի մկրտության տոնի հետ միասին։ 4-րդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց Ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, Մկրտությունը՝ հունվարի 6-ին։ Այս որոշումը 451 թ. վավերացրեց Քաղկեդոնի ժողովը, որից հետո աշխարհի քրիստոնյա ժողովուրդները, հայերից բացի, Ծնունդն ու Մկրտությունը նշում են առանձին-առանձին։ Հայոց եկեղեցին հավատարիմ մնաց Ծնունդը հունվարի 6-ին նշելու ավանդույթին և ցայսօր այդ օրենքը պահում է անխաթար։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։

Ծննդյան տոնի հանդիսությունները հայ ժողովրդի կենցաղում պտտվում էին նախ և առաջ եկեղեցու ծիսակարգի շուրջ։ Բայց և այնպես դրանց միահյուսվել էին որոշ ժողովրդական սովորություններ, որոնք տոնին մասնակիորեն հաղորդում էին ազգային բնույթ։ Այսպես, հունվարի 5-ի երեկոյան տոնահանդեսը կենտրոնանում էր Թաթախման երեկոյի ընթրիքի շուրջ, որին մասնակից ընտանիքի յուրաքանչյուր անդամի սպասքի առաջ վառվում էր նրա համար ժամերգությունից բերված մոմը։ Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված խորտիկներն էին՝ խաշած, տապակած, ձկով կարկանդակ, խորոված ձուկ ևն։ Ձկնատեսակներին ուղեկցում էին առատ յուղով օծված բրնձի, ձավարի, արիշտայի խառը կամ անխառը փլավները, ալյուրից պատրաստած ու դոշաբով կամ մեղրով քաղցրացրած խաշիլը, սիսեռով ու չորացրած բանջարեղենով ապուրը։ Ընթրիքի ընթացքում տուն էին մտնում Քրիստոսի ծնունդն ավետող տղաների 3-5 հոգիանոց խմբեր, տանտերերից ստանում յուղ, ձու, ընկույզ, այլ մթերքներ։ «Ավետիս» երգերը շատ բազմազան են, երգվում են տեղական բարբառով։ Դրանցում փառաբանվում են Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները, ապա բարեմաղթություններ ընտանիքին և նրա անդամներին։ «Ավետիս» երգերի ընդհանուր բարեմաղթությունների թեման հնչում է մոտավորապես այսպես.

- Թող ձեր սեղանն բոլորի, ավետիս,
Կթխանի մեջ գինով ի լի, ավետիս,
Ձեր բարեկամքն ուրախանան, ավետիս,
Չարակամքն ի դուռս պատռին, ավետիս։

Հունվարի 6-ին պատարագից հետո կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։ Հասարակության աչքի առաջ քահանան խաչը ջուրն էր գցում և մեռոն կաթեցնում ջրի մեջ։ Հավաքվածներն անմիջապես օրհնված ջրի մեջ թաթախում էին իրենց ձեռքերը, քսում հիվանդ մասերին՝ համոզված, որ օրհնված ջուրը կլավացնի իրենց։ Այդ ջրից թասերով, սափորներով տուն էին տանում, կաթեցնում յուղ ու պանրի կարասները, ամբարի մեջ՝ մթերքների առատությունն ապահովելու հույսով։ Այդ ջրից պահում էին նաև մինչև հաջորդ տարվա տոնը և գործածում անհրաժեշտության դեպքում՝ մաքրում ապականված ամանեղենը, խմեցնում հիվանդներին, խառնում Տեառնընդառաջի մոխրին և գործածում կարկտի դեմ ևն։

Ջրօրհնեքի տոնական ժողովրդական ծիսաշարն, անշուշտ, առնչվում է վաղնջական ժամանակներից հայոց մեջ հայտնի ջրի պաշտամունքի գաղափարին, որի դրսևորումներն առտնին ու տոնական կենցաղում ձգվում էին ողջ տարվա ընթացքում և միտում ունեին