սրբել-մաքրելու, բոլոր տնեցիների լողանալու համար։ Տղամարդիկ մաքրում էին ձմեռվա ընթացքում գոմում կուտակված կեղտը, ամեն կեղտ, ամեն չար բան այդ օրը պիտի չքվի-վերանա։ Շատերը գնում էին սրբատեղերը ուխտի, որպեսզի այնտեղ թողնեն իրենց տանջող ցավերը, «չքեն» չիք-չորեքշաբթու հետ։ Կարնոհայերը կեսգիշերին «ցավիս վերջ» էին ասում և մինչև մյուս օրվա ժամերգությունը լուռ մնում, վստահ, որ չիք-չորեքշաբթին իր հետ ցավերը կտանի։ Իսկ Զանգեզուրում այդ օրն էին աղում-չքում վնասատուներին։ Երկու քար միմյանց քսելով ասում էին.
Չիք, չիք, մոկնը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, օձը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք...
Վատը, չարը «չքացնող» չորեքշաբթուն հաջորդում էր արդար, առատ, մաքուր հինգշաբթին։ Տղամարդկանց առաջին գործն էր բերք չտվող ծառերին «սպառնալ»՝ իբր պատրաստվում են դրանք կտրել, մինչև որևէ մեկը ծառի փոխարեն չխոստանար, թե այսուհետև բերք կտա։ Շատերը ծառեր էին տնկում՝ վստահ, որ այդ օրվա տնկած ծառը խիստ բերքատու պիտի լինի։ Իսկ կանայք Մեծ պասի ընթացքում հավաքված մածունն ու հում սերը սկսում էին հարել խնոցիով։ Խնոցին հարելիս վրան նստեցնում էին մի գեր երեխայի, որ նրա քաշով կարագ լինի, տակն էլ մի խաչերկաթ էին գցում, որ սատանային փախցնեն։
Այդ նույն ժամանակ աղջիկները դուրս էին գալիս դաշտերը զանազան բանջարեղեն հավաքելու։ Հինգշաբթի օրը բոլորը պիտի նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին՝ հում կամ տապակած։ Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր։ Հավաքում էին այնքան, որ բոլորին բաժին հասներ, նաև այն ընտանիքներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դաշտ դուրս չէին եկել։
Գիշերը, ոտնալվայի ծեսին եկեղեցում բոլորը մի-մի կտոր կարագ էին վերցնում և քսում մարմնի զանազան մասերին՝ աչքերին, ականջներին, ճակատին, ձեռքերին և այլն։ Առաջին անգամ Մեծ պասի ընթացքում տեղի էին ունենում հասարակական նորմերից շեղումներ. գիշերը եկեղեցում, պատարագի ընթացքում տղաները հանգցնում էին մոմերը և մթության մեջ, ծիծաղի ու կատակների տարափի տակ, կարում կանանց փեշերը միմյանց, համբուրում աղջիկներին...
Ավագ հինգշաբթի օրը նաև Զատկի ձվերը ներկելու օրն էր։ Ներկում էին առայժմ սահմանափակ թվով խաշած ձվեր, ընտանիքի անդամների թվին հավասար կամ յոթ հատ, դրանցով պիտի թաթախվեին, իսկ բուն Զատկի համար նախատեսվող հսկայական քանակությամբ ձվերը պիտի ներկվեին-եփվեին շաբաթ օրը։ Շատ տեղերում հավատում էին, որ Զատկին հինգշաբթի օրը ներկած ձու ուտողների ատամները չեն ցավի։
Հաջորդ, ուրբաթ օրը, ըստ եկեղեցական տոնացույցի, Քրիստոսի խաչվելու օրն է, ուստի ուրբաթը սգի օր էր և որպես այդպիսին՝ կիրակի, այսինքն այդ օրը շատ աշխատանքներից խուսափում էին։ Մեր ժողովրդի մեջ այդ ուրբաթն ավելի հայտնի է Հուդայի ուրբաթ անունով, որ շատ բարբառներում հնչում էր որպես Հուդի-Հութի-Ութի ուրբաթ։ Եկեղեցական ծեսից զատ այդ օրը կատարվում էին նաև մի շարք ժողովրդական արարողություններ, որոնցից կարևորագույնները հետևյալներն էին. վաղ առավոտյան բոլոր հայ դարբինները, առանց խոսելու, գնում էին դարբնոց և երեք կամ յոթ անգամ մուրճով ուժգին հարվածում զնդանին։ Վաղնջական ժամանակներից եկող այդ սովորույթը բացատրվում էր իբրև թե շղթայված Արտավազդի շղթաներն ամեն տարի ամրացնելու միտումով։ Դարբիններն ու ոսկերիչներն այդ օրը նաև մեծ քանակությամբ չարարգել նշաններ էին պատրաստում, որոնք հայտնի էին «ուրբաթարուր» անունով։ Դրանք մեծ մասամբ երկաթե փոքրիկ օղեր, մատանիներ էին, որ մայրերը գնում էին իրենց զավակներին չար աչքից զերծ պահելու համար և կարում նրանց բաճկոնակներին կամ հագցնում մատին։ Այդ օրը նաև կանայք անպայման կար պիտի անեին՝ որպես կանոն դարձյալ «ուրբաթարուրներ», այսինքն չար աչքի դեմ երեխաների շորի վրա արվող հատուկ նախշեր ասեղնագործեին։
Տղամարդիկ նույնպես կարևոր գործ ունեին. Ութի ուրբաթին անհրաժեշտ էր թեկուզ մի քանի ակոս վար անել։
Ահա և Շաբաթ օրը, «Զատկի շաբաթ, կարմիր հակինթ, կարմիր արև, կանանչ են սար ու ձորեր»։ Բնության հետ ներդաշնակության այն հազվագյուտ օրը, երբ մարդ առանձին սրությամբ է զգում հավերժությունը։ Գարունն իր լիակատար դրսևորման մեջ է. ծառ ու ծաղիկ ծաղկել են, հանդերը կանաչել են կամ կանաչում են՝ նորոգելով ձմռան ընթացքում քնած-մեռած կյանքը և վաղն այդ մեծ հանդիսությանը նվիրված տոն պետք է լինի, տոն՝ հավերժ Հարության, Զատկի տոնը։
ԶԱՏԻԿ, ՍԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, հայոց բոլոր ազգագավառներում Զատիկ անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սբ Հարություն տոնին և նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը, այսինքն մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ն ընկնող այն կիրակին, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը։ Զատիկի տոնի 35-օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն։
Տոնի եկեղեցական անունը՝ Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՛ եկեղեցական, թե՛ ժողովրդական բովանդակությունը։ Ըստ եկեղեցական տոնացույցի այդ օրը տոնվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը։ Ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին