Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը», վերազարթոնքը, կյանքի շարունակելիության ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հնագույն ժամանակներում դա նաև տարեսկզբի նոր տարվա տոնն էր, քանզի տարվա սկիզբը համարվել է բնությամբ կարգավորվող «Սկիզբը»՝ սկիզբը կյանքի, սկիզբը զարթոնքի, սկիզբը գյուղատնտեսական-երկրագործական աշխատանքների, սկիզբը տնտեսական տարվա... Հետագայի տոմարական փոփոխությունները փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ Զատիկին նախորդող Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները հարություն առնող կյանքի խորհրդանշական հավաստումն էին, իսկ բուն Զատիկն արդեն զարթոնքի ու հարության կատարված փաստի արձանագրումը։

Մեծ պասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված, նոր կյանք էին սկսում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշի՝ ձվի ճաշակումով։ Զատիկի առավոտը բոլոր մարդկանց համար սկսվում էր թաթախումով, զարթոնքի խորհրդանշական կարմիրով ներկված ձվերը այդ օրվա տոնական սեղանների և տոնը շնորհավորելու միջոցների ոչ միայն բաղկացուցիչներն էին, այլև գլխավոր և անհրաժեշտ ուտեստի տարրը, որով «պասը բացում», թաթախվում էին և որը այնուհետև, երկու շաբաթ շարունակ, պետք է ուղեկցեր բոլոր խնջույքներին։

Զատիկին ներկվող, թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը, հիրավի, ժողովրդական ստեղծագործության, անսպառ երևակայության դրսևորման լավագույն ձևերից էին։ Զարդարված ձվերը հարսնացուները նվեր էին ուղարկում փեսացուներին, ազգականները՝ միմյանց, դրանցով զարդարում էին տոնականորեն հարդարված տները և այլն։ Միաժամանակ տոնի ընթացքում ամենասիրված խաղերը ձվերի շուրջն էին ձվակռիվները, ձու գլորելը և այլն։ Տոնը շարունակվում էր երկու շաբաթ և այդ օրերին կարմիր ձվի կճեպներով ծածկվում էին բակերն ու փողոցները։

Զատիկին էին կատարվում տարվա ամենասպասված մատաղները։ Գլխավոր մատաղը հասարակական էր, այն արվում էր համայնքի բարեկեցությունը ապահովելու նպատակով և համայնքի բոլոր անդամների մասնակցությամբ։ Գիշերը խոշոր կաթսաներում եփված մատաղն առավոտյան բաժանվում էր համայնքի բոլոր ընտանիքներին՝ տնտեսական բարեմաղթություններով։ Լոռիում, օրինակ, այդ ընթացքում երգում էին.

- Օրհնվի և պահպանվի
Ձեր դաշտն ու սարը, այծն ու ոչխարը,
Կովն ու կթանը, չութն ու գութանը,
Վարն ու վաստակը, գլուխն ու տակը,
Հանդն ու հանդաստանը, արոտն ու այգեստանը,
Կախ ու ջաղացը, ցորենն ու հացը,
Ձին ու էշը, եզն ու գոմեշը,
Գառնարածն ու ոչխարածը,
Տվարածն ու հորթարածը...

Արվում էին նաև մեծ քանակությամբ անհատական մատաղներ։ Շատերը տարվա ընթացքում ուխտ էին անում Զատիկին մատաղ անել և այդ երկար սպասված օրը, հատկապես Մեծ պասի տևական ժուժկալությունից հետո, վեր էր ածվում տևական տոնահանդեսի առաջին օրվա, որ այնուհետև պիտի շարունակվեր երկու շաբաթ, որոնց ընթացքում այցելությունները, միմյանց «զատկափայ» ուղարկելը, զբոսախնջույքները, բացօթյա պարերը, ձիարշավները, ձվախաղերը լի ու լի փոխհատուցում էին այս տոնին նախորդած ինքնազսպման տևականությունը։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ, ՎԻՃԱԿ, ԿԱԹՆԱՊՐԻ ՕՐ, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ քրիստոնեությունը ժողովրդական տոները կատարման ժամանակով հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։ Տոնական հանդիսությունների բովանդակային ու կատարողական կողմերը, սակայն, մնացին հավատարիմ իրենց