Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաքրել հակաստատիկ հեղուկով թեթևակի խոնավացրած թավշե խոզանակով կամ հակաստատիկ անձեռոցիկով։ Խիստ աղտոտված սկավառակները կարելի է փոշուց մաքրել հատուկ սոսնձով, որը փափուկ վրձնով, թանզիֆով կամ սպունգով քսում են սկավառակի ողջ աշխատանքային գոտուն։ Սոսնձի չորանալուց հետո (20-30 րոպեից) սկավառակի մակերևույթին գոյանում է ճկուն թափանցիկ թաղանթ։ Այն հարկավոր է ածելու սայրով զգուշորեն առանձնացնել սկավառակից և հանել։ Փոշու բոլոր մասնիկներն այդ ձևով հեռացվում են թաղանթի հետ։

Տես նաև Կոմպակտ սկավառակ:


ՃԱՆՃԵՐ, մի շարք վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, պոլիոմիելիտ ևն) հարուցիչների տարածողներ են, ինչպես նաև որդերի ձվերի փոխանցողներ։

Սենյակային Ճ. շատ բեղուն են և տաք շինություններում կարող են բազմանալ ամբողջ տարին։ Ճ-ի դեմ պայքարի հիմնական պայմանը տներում, բակերում և ընդհանուր օգտագործման վայրերում մաքրության պահպանումն է։ Բնակարաններում Ճ-ի ձվադրումը կանխելու համար, անհրաժեշտ է սննդամթերքը փակ պահել, սննդի մնացորդները հավաքել կափարիչներով դույլերում, ամեն օր այն թափել և դույլերը լվանալ, իսկ բակերում աղբը հավաքել մետաղե բաքերում կամ առանց ճեղքերի կիպ փակվող կափարիչով արկղերում։ Անհրաժեշտ է հետևել ընտանի կենդանիներին կամ թռչուններին հատկացված շինությունների մաքրությանը՝ աղբը ժամանակին թափել, կենդանիներին կերակրելու համար հավաքած սննդի մնացորդները պահել փակ ամանների մեջ։ Ճ-ի թրթուրները և հարսնյակները ոչնչացնելու համար պետք է աղբարկղի տակ և շուրջը գտնվող հողը 10 օրը մեկ մշակել կարբոլաթթվով (1 մ²–ին 1,5 լ) կամ քլորոֆոսի 3 %-անոց ջրային լուծույթով, իսկ զուգարանահորերի, աղբահորերի մակերևույթին չոր քլորակիր (1 մ²–ին՝ 1 կգ) շաղ տալ կամ քլորոֆոսի 3 %-անոց ջրային լուծույթ լցնել։ Թռչող Ճ-ի դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել քլորոֆոսի հաբեր կամ փոշի։ Մինչև 1 գ-անոց հաբը դնել ափսեի մեջ և 1 ճաշի գդալ ջուր լցնել (կարելի է նաև մի քիչ շաքարավազ ավելացնել), գոլորշիանալուն զուգընթաց ջուրը ավելացնել։ Հաբերի ազդման ժամկետը 10-12 օր է։ Ճ. ոչնչացնելու համար կարելի է օգտագործել ժապավենանման կպչուն թուղթ՝ «Ճանճորս», ինչպես նաև կպչուն զանգված՝ «Ճանճորս» և «Սուկսիդ», որոնք թողարկվում են ալյումինե պարկուճներով և ապակե փոքրիկ բանկաներով։ Պատրաստուկը բարակ շերտով քսում են թղթի վրա և դնում Ճ-ի կուտակումների տեղերում։ Ճ-ի դեմ պայքարելու համար օգտագործվում են նաև աերոզոլային հեղուկ կամ փոշի պատրաստուկներ, դուստեր։ Ճ-ի և կրետների դեմ պայքարելու համար բնակելի, ծառայողական, հասարակական և ստորգետնյա շինություններում կարելի է օգտագործել խայծով թակարդ։

Շինությունները Ճ-ից պաշտպանելու համար կարելի է պատուհաններին մետաղե մանրանցք ցանց կամ թանզիֆ ամրացնել, իսկ օդանցքներին՝ շերտավոր կտրտած թղթից պաշտպանիչ վարագույր։


ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆ, տեղեկության (ինֆորմացիայի) կրող, որը կիրառվում է մագնիսական գրառումներում (օրինակ, մագնիտոֆոններում, տեսամագնիտոֆոններում)։

Օգտագործվում են բազմաշերտ Մ.ժ–ներ, որոնց ամուր, ճկուն, չհրկիզվող հիմքին քսված է մագնիսական շերտ, վերջինս կարող է ծածկված լինել բարակ հոսանահաղորդ շերտով էլեկտրաստատիկ պարպումների նվազեցման համար։ Հիմքի հակառակ երեսին երբեմն քսում են հատուկ շփական շերտ՝ ժապավենի փաթաթումը բարելավելու համար։ Ժապավենային գրառումը փոփոխական ինտեսիվությամբ (գրառվող տատանումներին համապատասխան) մագնիսացված շավիղ է։ Ժապավենի վրա գրառվում է 2,4 կամ 8 շավիղ։ Մագնիսական գրառման որակի ցուցանիշները բնորոշվում են հիմնականում մագնիսական շերտի հատկություններով։ Արդի Մ.ժ–ների մագնիսական շերտը բաղկացած է երկաթի (III) օքսիդի, քրոմի երկօքսիդի կամ մետաղների համահալվածքների (օրինակ, Co-Ni) մանրագույն ասեղնաձև մասնիկներից։

Սարքին մագնիտոֆոնները չեն կարող պատռել ժապավենը, իսկ գրառումների սիրողական մոնտաժում գործնականում չի կատարվում։ Այդ պատճառով Մ.ժ–ի սոսնձման անհրաժեշտություն հազվադեպ է առաջանում։ Ժապավենի պատահական պատռման կամ վնասվածքի դեպքում այն կարելի է կպցնել կպչուն ժապավենով (լավսանային հիմքով ժապավենները սոսնձել չի կարելի)։ Կպցնելու համար (եթե պատռվածքի տեղը ճմրթված է կամ կտորը կորսված է) անհրաժեշտ է խնամքով կտրել ժապավենի երկու ծայրերն էլ, դրանք մոտեցնել միմյանց (եզրը եզրին) և հիմքի կողմից դնել կպչուն ժապավեն։ Եթե կցվածքը կիպ չլինի, հնարավոր է, որ ժապավենը կպչի մագնիտոֆոնի տանող լիսեռին, ապա նաև փաթաթվի դրան ու ճմրթվի, և ձայնագրությունը անդառնալիորեն փչանա։

Մ ժ-ները հարկավոր է պահել տուփերում, ուղղաձիգ դիրքով, ցանկալի է 20±5 °C ջերմաստիճանի և 60±5 % հարաբերական խոնավության պայմաններում։ Ժապավենը պետք է կիպ փաթաթված լինի, անթույլատրելի է ժապավենի առանձին գալարների դուրս ընկնելը ընդհանուր փաթթոցից, մի բան, որ կարող է առաջանալ մագնիտոֆոնի աշխատանքային ռեժիմի փոփոխության ժամանակ (այդ պատճառով էլ ունկնդրելուց հետո օգտակար է ժապավենը վերափաթաթել սկզբից մինչև վերջ)։ Ժապավենով կոճերը նախքան տուփերի մեջ տեղավորելն անհրաժեշտ է անպայման դնել պոլիէթիլենի ծրարների մեջ։ Կոմպակտ-կասետներն անհրաժեշտ է դնել հատուկ պլաստմասսայե տուփերի մեջ և պահել դարակներում կամ կասետակալներում։ Ձմռանն օգտակար է ձայնադարանի մոտակայքում դնել բաց ջրաման՝ անհրաժեշտ խոնավություն պահպանելու համար։

Եթե հիմքի մեխանիկական ամրությունը թույլ է տալիս, ապա Մ.ժ–ի ձայնագրությունը կարելի է շատ (հազարավոր) անգամ նվագարկել։ Հիմքը հնանում է հիմնականում չորանալու դեպքում։ Հնացած արժեքավոր ձայնագրությունը կարելի է վերագրառել. ժապավենի ճկունությունը ժամանակավորապես վերականգնելու համար կոճը նախապես թեթևակի խոնավացնում են՝ մի քանի ժամ թաց լաթի մեջ փաթաթելով։

Ձայնագրության համար կործանարար են արտաքին մագնիսական դաշտերը, ուստի ժապավենը պետք է հեռու պահել դրանց աղբյուրներից (էլեկտրաշարժիչներ, տրանսֆորմատորներ, կայունարարներ