Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Ծավալահնչական Մ-ում ձայնագրումն և վերարտադրումն կատարվում են միակցված գլխիկներով՝ միաժամանակ երկու շավղի օգտագործմամբ, առանձին միկրոֆոնների, ուժեղարարների և բարձրախոսների միջոցով։

Թողարկվում են նաև ռադիոընդունիչի կամ (և) էլեկտրանվագարկիչի հետ համակցված Մ-ներ (տես Մագնիտոլա և Մագնիտոռադիոլա):

Առանց ցածր հաճախության վերջամասային ուժեղարարի և բարձրախոսի Մ. կոչվում է մագնիտոֆոնային կցուրդ, որով ձայնագրություններ կարելի է ունկնդրել ականջակալներով կամ ձայնական համակարգի լրակազմի մեջ մտնող հաճախության առանձին ուժեղարարների միջոցով։

Կենցաղային Մ-ների դասակարգումը։ Ըստ մագնիսական ժապավենի տեղավորման եղանակի՝ տարբերում են տուփավոր և կոճավոր Մ-ներ։ Տուփավոր Մ-ում մագնիսական ժապավենը տեղավորված է փակ կոմպակտ տուփի մեջ։ Ժապավենի ծայրերն ամրացված են տուփի մեջ գտնվող երկու միջուկներին։ Աշխատանքի ընթացքում ժապավենը մի միջուկից մյուսին է փաթաթվում։ Երբ ձայնագրման կամ վերարտադրման ժամանակ ժապավենը վերջանում է՝ ժապավենաձգիչ մեխանիզմն ավտոմատորեն կանգ է առնում։ Տուփը հանում են, շրջում, կրկին տեղադրում Մ-ի մեջ, ապա ձայնագրում (կամ վերարտադրում) մյուս շավղի կամ ծավալահնչական զույգ շավիղների վրա։ Տուփավոր Մ-ներում մագնիսական ժապավենի շարժման հիմնական արագությունը 4,76 սմ/վ է, ստանդարտ տուփի հնչման տևողությունը՝ 60 ր (2x30 ր) կամ 90 ր (2x45 ր)։ Հազվադեպ հանդիպող 2,38 սմ/վ լրացուցիչ արագության դեպքում վերարտադրման տևողությունը կրկնապատկվում է։

Տուփավոր Մ-ները հարմար են ռեպորտաժների, բանավոր նամակների, դասախոսությունների և զեկուցումների ձայնագրման համար, հաճախ օգտագործվում են իբրև դիկտոֆոններ։

Կոճավոր Մ-ներում մագնիսական ժապավենը փաթաթված է կոճին։ Ժապավենի լայնությունը 6,25 մմ է, ձայնագրությունը՝ քառաշառավիղ (ծավալահնչական)։ Մագնիսական ժապավենի շարժման հիմնական արագությունը 19,5 սմ/վ է, լրացուցիչը՝ 9,53 սմ/վ։ Կոճավոր Մ-ներում անընդմեջ ձայնագրման կամ վերարտադրման տևողությունը հիմնական արագության դեպքում կախված է կոճի չափերից։ Լրացուցիչ արագության դեպքում հնչման տևողությունը կրկնապատկվում է։ Ըստ շահագործման պայմանների տարբերում են ստացիոնար և շարժական Մ-ներ։ Ստացիոնար Մ-ները լինում են տուփավոր և կոճավոր, իսկ շարժականները՝ միայն տուփավոր։

Լայն տարածում են գտել անհատական օգտագործման փոքրաչափ Մ-ները (տուփավոր նվագարկիչներ)։ Դրանք թեթև են և քիչ տեղ են զբաղեցնում, սակայն կարող են օգտագործվել միայն ձայնագրությունների վերարտադրման և ժապավենի փաթաթման համար։ Ձայնագրություններն ունկնդրում են թեթև փոքրաչափ ծավալահնչական ականջակալներով։ Նախատեսված է նաև երկու զույգ ականջակալներ միացնելու հնարավորություն։ Մ-ները զգայուն սարքեր են, ուստի դրանք պետք է զերծ պահել ցնցումներից, հարվածներից։

Մ-ի տեղադրելը և միացնելը։ Նախքան Մ. միացնելը, անհրաժեշտ է ուսումնասիրել կցվող բացատրագիրը և վահանակի ու իրանի վրա եղած մակագրությունները։ Ցուրտ եղանակին դրսից բերված Մ. հարկավոր է միացնելուց առաջ 3-4 ժամ պահել տաք սենյակում։ Մ. պետք է տեղադրել չոր տեղում՝ լուսամուտներից, արտաքին դռներից, ջեռուցիչ սարքերից, ինչպես նաև մագնիսական դաշտի աղբյուրներից (օրինակ, տրանսֆորմատորներից) հնարավորին չափ հեռու։ Մ. ցանցին միացնելուց առաջ պետք է համոզվել, որ ապահովիչը և ցանցի փոխարկիչի դիրքը համապատասխանում են ցանցի լարմանը։ Ժապավենի կարգաբերումը կատարվում է ժապավենաձգիչ մեխանիզմի դադարի պայմաններում։ Փաթաթելիս պետք է հետևել, որ ժապավենը չոլորվի