և գլխիկներին հպվի աշխատանքային (նշաններ չունեցող) կողմով։
Մ-ից օգտվելը և նրա խնամքը։ Մ-ի ծառայության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է խստորեն հետևել շահագործման բոլոր կանոններին։ Ձայնի բարձրության անհրաժեշտ մակարդակը հաստատվում է ըստ ցուցասարքի. չափից ավելի բարձր մակարդակի դեպքում ձայնագրությունը հնչում է աղավաղումներով։ Միկրոֆոնը պետք է հնարավորին չափ (լարի ամբողջ երկարությամբ) Մ-ից հեռացված լինի և ուղղվի հակառակ կողմով, այլապես ձայնագրման ժամանակ կառաջանա ուժեղ սուլոց կամ դռդռոց (ինքնագրգռում)։ Նույն պատճառով խորհուրդ չի տրվում միկրոֆոնն ու Մ. դնել նույն սեղանին։ Միկրոֆոնը պետք է ուղղված լինի դեպի ձայնի աղբյուրը և գտնվի նրանից առնվազն 0,2-0,3 մ հեռու (աղավաղումներից խուսափելու համար)։ Ռադիո- և հեռուստահաղորդումներ ձայնագրելու համար ռադիոընդունիչում և հեռուստացույցում նախատեսված է հատուկ բնիկ՝ միկրոֆոնը միացնելու համար։ Ձայնասկավառակից կամ մագնիսական ժապավենից ձայնագրելիս էլեկտրանվագարկիչի կամ երկրորդ Մ-ի միացման լարը հարկավոր է միացնել համապատասխան վարդակներին (բնիկներին)։
Կանոնավոր վերարտադրությունը հնարավոր է, եթե ժապավենի շարժման արագությունը նույնն է, ինչ ձայնագրման դեպքում։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել պատրաստի ձայնագրություններ գնելիս։ Ձայնագրությունը ջնջելիս վարվում են նույն կերպ, ինչ ձայնագրելիս՝ Մ-ի մուտքերը (միկրոֆոնի, ձայնահանի, ռադիոընդունիչի միացման վարդակները) թողնելով ազատ, իսկ ձայնագրման մակարդակը հասցնելով նվազագույնի։
Աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ ժապավենը կիպ հպվի գլխիկներին (դրանից կախված է ձայնի որակը և բարձրությունը)։ Վատ հպվելու պատճառներ կարող են լինել ժապավենի անբավարար ձգվածությունը (ժապավենաձգիչ մեխանիզմի կարգավորման խախտում), ժապավենի կամ սոսնձատեղերի անհարթությունները, գլխիկի խորդուբորդությունը։ Ձայնի խուլ հնչման պատճառը հաճախ գլխիկների մակերևույթների ախտոտումն է։
Մագնիսական ժապավենը հարկավոր է զգուշորեն սոսնձել՝ հետևելով, որ սոսնձի կաթիլները չթափվեն ժապավենափաթույթի և Մ-ի վահանակի վրա։
Բարձր հաճախությունների վերարտադրման վատացման հետ միաժամանակ աղմուկի աճը սովորաբար պայմանավորված է լինում գլխիկների մաշվածքով (անհրաժեշտ է դրանք փոխարինել)։ Աղմուկի անսպասելի ի հայտ գալու պատճառ կարող է լինել ժապավենի վատ որակը կամ գլխիկների պատահական մագնիսացումը (անթույլատրելի է դրանց մետաղե, առավել ևս մագնիսացված առարկաներով կպչելը)։ Գլխիկների և ժապավենի ապամագնիսացումը կատարվում է փոփոխական հոսանքի ցանցին միացված հատուկ էլեկտրամագնիսով, որը մոտեցվում է գլխիկներին ու ժապավենափաթույթին և դանդաղ հեռացվում։ Գլխիկներն ապամագնիսացնելիս Մ. պետք է անջատել և մագնիսաժապավենը հանել։ Ժապավենի լրիվ ապամագնիսացման համար անհրաժեշտ է էլեկտրամագնիսը մի քանի անգամ անցկացնել փաթույթի ամբողջ մակերևույթով։ Էլեկտրամագնիսը կարելի է միացնել կամ անջատել ապամագնիսացվող առարկայից առնվազն 1 մ հեռավորության վրա։ Գերտաքացումից խուսափելու համար էլեկտրամագնիսը միացված վիճակում կարելի է թողնել երեք րոպեից ոչ ավելի։ Խորհուրդ է տրվում մոտավորապես 2 ամիսը մեկ ապամագնիսացնել գլխիկները և Մ-ի ժապավենին հպվող պողպատե մասերը։
Ժապավենաձգիչ մեխանիզմի առավել տարածված անսարքություններն են ժապավենի տեղապտույտը և վատ փաթաթումը, որոնք սովորաբար առաջանում են տանող և ժապավենասեղմիչ հոլովակների կամ ձգափոկի վրա քսայուղի տարածման, ձգափոկի կամ սեղմիչ հոլովակի զսպանակի թուլացման պատճառով։ Քսայուղն անհրաժեշտ է հեռացնել սպիրտով թրջած փափուկ լաթով, իսկ թուլացած մասերը՝ ձգել ինչպես նշված է բացատրագրում։
Ժապավենաձգիչ մեխանիզմի արտաքին մասերը հարկավոր է պարբերաբար մաքրել փափուկ լաթով կամ թավշակաշվով, գլխիկների աշխատանքային մակերևույթները և արագությունների փոխարկման մեխանիզմի միջանկյալ հոլովակները՝ մաքուր սպիրտով թրջած շորով։ Անմատչելի մասերը սկզբում պետք է մաքրել վրձնով, ապա փչամաքրել ռետինե խողովակով կամ տանձիկով։ Ներքին մասերի կեղտը և մեքենայի բանեցված յուղը հարկավոր է հեռացնել բենզինով՝ հետևելով, որ այն չթափվի Մ-ի ռետինե մասերին։ Ժապավենաձգիչ մեխանիզմի գործարանային քսուքը պահպանվում է մոտավորապես 300 ժամ, որից հետո առնվազն տարին մեկ անգամ մեխանիզմն անհրաժեշտ է յուղել մեքենայի մաքուր յուղով։
Մ-ի ներքին հանգույցները քանդելը, գլխիկները փոխարինելը և կարգավորելը մասնագետի գործ է։
Մ-ի նորոգման գործիքները պետք է ապամագնիսացված լինեն։ Ապահովիչը փոխարինելուց, լարումը փոխելուց, Մ. պատյանից հանելուց առաջ անհրաժեշտ է անջատել սնման աղբյուրը։ Մ-ից երկար ժամանակ չօգտվելու դեպքում խորհուրդ է տրվում այն անջատել ցանցից։
Սնման լարման զգալի տատանումների հետևանքով առաջանում են ձայնագրության աղավաղումներ, կրճատվում է լամպերի ծառայության ժամկետը, գերտաքանում շարժիչը, Մ-ի ուժեղարարները շարքից դուրս են գալիս։ Պահանջվող լարումը հաստատուն պահելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կարգավորող տրանսֆորմատորներ, ավտոտրանսֆորմատորներ կամ համապատասխան հզորության ավտոմատ լարման կայունարարներ (տես Կայունարար լարման), որոնք աշխատանքն ավարտելուց հետո անհրաժեշտ է անջատել ցանցից։
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ, բնակարանի ընդհանուր սենյակում կամ մեկ սենյականոց բնակարանում երեխաներին անհրաժեշտ է հատկացնել առանձին անկյուն, որտեղ նրանք կարող են խաղալ, պարապել, պահել խաղալիքներ և գրքեր։ Մ.ա. կահավորում են՝ ելնելով երեխաների տարիքից։
Դպրոցականի անկյունում դրվում են սեղան, աթոռ, ոչ մեծ չափի պահարան կամ դարակաշար։ Դրանք պետք է համապատասխանեն երեխայի հասակին, որպեսզի խաղալու և պարապելու ժամանակ պահպանվի կանոնավոր կեցվածքը, և երեխան կարողանա ձեռքը պարզելով ազատ վերցնել անհրաժեշտ իրը։ Եթե Մ.ա–ի մակերեսը փոքր է, ցանկալի է ձեռք բերել համակցված կահույք, ծալովի կամ բացվող սեղան, իսկ խաղալիքները և գրքերը պետք է պահել կախովի դարակներում կամ պահարաններում: