Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահճակալի տակ կամ պահարանի ներքևի մասում դրվող անվավոր արկղերը, որոնք կարելի է գործածել խաղալիքներ պահելու և միաժամանակ զանազան խաղեր կազմակերպելու համար։

Մ. ս-ում կարելի է տեղադրել ոչ մեծ չափերի անշարժ մարզապիտույքներ՝ ցածր տարիքի երեխաների համար («շվեդական պատ», դռան շրջանակին ամրացվող պտտաձող)։ Ցածր դասարանների աշակերտների հաճար կարելի է պատին գրատախտակ ամրացնել։ Որպես գրատախտակ կարող է ծառայել նաև մածկած, սև գույնի ներկած կամ մուգ լինօլեումով պատած դռան փեղկը։ Գրատախտակի տակ անհրաժեշտ է ամրացնել փոքրիկ դարակ կավճի և սպունգի համար։

Մ. ս-ի կահույքը կարելի է ներկել յուղաներկով, գունավոր արծնաներկերով։ Սենյակը հարդարելիս կարելի է կիրառել գույների զանազան զուգակցություններ, այդ թվում կահույքի և պատերի, կահույքի և վարագույրների ցայտերանգությունը, որը տոնական և զարդարուն տեսք է տալիս սենյակին։ Մ. ս-ի պատերը կարելի է զարդարել գունավոր պլակատներով, լուսանկարներով, աշխարհագրական քարտեզներով, օրացույցերով, նկարներով, որոնք նաև ճանաչողական դեր են կատարում։

ՄԱՆՈՒՇԱԿ ուզամբարական, գեսներազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Հայրենիքն արևադարձային Աֆրիկան է։ Կլորավուն թավշանման տերևները հավաքված են արմատամերձ վարդակում։ Ծաղիկները (կապույտ, երկնագույն, մանուշակագույն) նման են մանուշակի ծաղիկներին (այստեղից՝ անվանումը)։ Կան պարզ և բազմաթերթ սպիտակ, վարդագույն, կարմիր և մոռագույն ծաղիկներով ձևեր։ Սենյակում բույսը խորհուրդ է տրվում դնել արևելյան կամ արևմտյան ուղղության պատուհանագոգերին և պաշտպանել ուժեղ արևից։ Պետք է ջրել գոլ ջրով, ցողել չի կարելի։ Մ. ծաղկում է համարյա անընղմեջ, բացառությամբ ձմռան ամիսների։ Բույսի ծաղկումը կարելի է երկարաձգել ցերեկային լույսի լամպով լուսավորելով։ Վերատնկել կարելի է երկու տարին մեկ՝ 4 մաս տերևային, 1 մաս տորֆի, 1 մաս ավազի հողախառնուրդում։ Մ. բազմացվում է տերևային կտրոններով, թփերի բաժանումով, հազվադեպ՝ սերմերով (հունվարին)։ Կտրոններով կարելի է աճեցնել ցանկացած ժամանակ՝ տորֆի և ավազի խառնուրդում կամ ջրում։ Երիտասարդ բույսը կարելի է տնկել 5-7 սմ տրամագծով թաղարում, ծաղկում է 6-10 ամիս հետո։ Ցամաքուրդի շերտը՝ խեցեփշուր կամ ավազ, պետք է զբաղեցնի թաղարի բարձրության մեկ քառորդ մասը։ Հասուն բույսերը խմբերով լավ են աճում տափակ լայն ամաններում, իսկ առանձին թուփը խորհուրդ է տրվում աճեցնել նեղ ամանում և հաճախակի սնուցել օրգանական կամ անօրգանական պարարտանյութերով։

ՄԻԱՔԼՈՐԱՄԻՆ, քլորամին, քլորի թույլ հոտով սպիտակ կամ դեղնավուն բյուրեղափոշի։ Լուծվում է ջրում և սպիրտում։ 0,1-5 %-անոց լուծույթը գործածվում է իբրև վարակազերծիչ միջոց բնակարանը մաքրելիս, սպիտակեղենը, ամանեղենը, մանկական խաղալիքները, լոգնոցը, լվացարանը և զուգարանը ախտահանելիս։ Սպիտակեղենը և ամանեղենը հարկավոր է 1 ժամ պահել Մ-ի լուծույթի մեջ, ապա պարզաջրել։ Յուղաներկով ներկված, խեցասալիկներով կամ պլաստիկով պատված հատակը, պատերը, ինչպես նաև լվացարանը, լոգնոցը և զուգակոնքը հարկավոր է լվանալ Մ-ի լուծույթով թրջած շորով։ Մ. անհրաժեշտ է պահել պինդ փակվող մուգ ամանում։

ՄԻԿՐՈՀԱՇՎԵՍԱՐՔ, փոքր չափերի դյուրակիր էլեկտրոնային հաշվողական մեքենա, որն ունի զանազան հաշվարկներ կատարելու հնարավորություն և հարմար է օգտագործման համար։ Մ-ով կարելի է կատարել տարբեր մասնագետների (տնտեսագետներ, հաշվապահներ, գործակատարներ), ինչպես նաև ուսանողներին և դպրոցականներին անհրաժեշտ զանազան հաշվարկներ։ Մ. օգտակար է նաև կենցաղում, դրանով կարելի է կատարել էլեկտրաէներգիայի և գազի վարձի, բնակարանի նորոգման հավար անհրաժեշտ նյութերի և տոնական սեղանի համար մթերքի քանակի, տնային տնտեսության վարման հետ կապված հաշվարկներ։

Մ-ներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի. պարզագույն (զանգվածային օգտագործման համար), ինժեներական և ծրագրավորվող։ Մ. կարող է ունենալ սնման ներկառուցված աղբյուրներ (օրինակ, փոքր կուտակիչներ կամ տարրեր) կամ սնվել 220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից։ Մ-երի մեծ մասն ունի սնման ինքնուրույն աղբյուր և միաժամանակ կարող է միացվել փոփոխական հոսանքի ցանցին սնման տիպային բլոկներից մեկի միջոցով (բացառությամբ ԲԶ-38, ԲԶ-39, ՄԿ-51, ՄԿ-53 Մ-երի, որոնք սնվում են փոքր տարրերից, և ՄԿ-60 Մ–ի, որը սնվում է արևային տարրերից)։

Պարզագույն դյուրակիր Մ. փոքրիկ (ծոցատետրի չափերի) տուփ է, որի նիստերից մեկի վրա գտնվում են ստեղներ (0-ից մինչև 9 թվանշաններով)՝ թվերը Մ–ի մեջ մտցնելու և որևէ գործողություն կատարելու հրահանգների համար, լուսատախտակ (ցուցասարք), որի վրա նշվում են Մ-ի մեջ մտցվող թվերը և հաշվարկների արդյունքները։

Այդպիսի Մ-ով կարելի է կատարել թվաբանական գործողություններ (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում) ամբողջ և կոտորակային թվերով, տոկոսներ հաշվել, աստիճան բարձրացնել, հիշել թիվը և այն պահել էլեկտրոնային հիշողության մեջ այնքան