ժամանակ, մինչև պահանջվի հետագա հաշվարկների համար, գումարել հիշողության մեջ գրված թվին կամ հանել այդ թվից, ինչպես նաև կատարել մի շարք այլ գործողություններ։ Կա միայն մի սահմանափակում՝ թվերի թվանշանների քանակը չպետք է գերազանցի թվանշանների այն քանակը, որը կարող է նշվել ցուցասարքում։ Հետաքրքրություն է ներկայացնում ՄԿ-53 Մ., որի կիրառության սահմաններն ընդլայնելու համար դրա մեջ տեղադրված են էլեկտրոնային ժամացույց, ժամացույց-զարթուցիչ և վայրկենաչափ։
Մ-ով հաշվարկներ կատարելը չափազանց պարզ է և չնչին ժամանակ է պահանջում։ Այսպես 27 և 48 թվերը գումարելու համար հաջորդաբար պետք է սեղմել «2» և «7» ստեղները (ցուցասարքերի վրա կհայտնվեն նախ 2, ապա 27 թվերը), հետո «գումարում» («+») ստեղնը, որից հետո «4» և «8» ստեղները (ցուցասարքի վրա կհայտնվեն նախ 4, ապա՝ 48 թվերը) և վերջապես «արդյունք» («=») ստեղն է, որից հետո ցուցասարքի վրա անմիջապես կհայտնվի գումարման արդյունքը՝ 75 թիվը։ «П+» ստեղն սեղմելով, ստացված թիվը կարելի է մտցնել Մ-ի հիշողություն (կամ գումարել այնտեղ պահվող թվին)։ Նույն հեշտությամբ են կատարվում նաև մյուս թվաբանական գործողությունները։
Ավելի բարդ Մ-երով (ինժեներական և ծրագրավորվող) կարելի է հաշվել եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները, կատարել հաշվարկներ տասնորդական և բնական լոգարիթմների օգտագործմամբ, լուծել որոշ տիպի հավասարումներ և կատարել ուսանողներին, ինժեներներին, գիտաշխատողներին անհրաժեշտ այլ հաշվարկներ։
Մ. ընտրելիս պետք է առաջին հերթին ելնել կատարվելիք հաշվարկների բնույթից։ Բոլոր Մ-երի համար բացատրագրում նշված են այն գործողությունները, որոնք կարելի է կատարել մեկ, հազվադեպ երկու ստեղն սեղմելով։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն Մ-ի հնարավորությունները զգալիորեն ընդլայնող հաշվարկման մեթոդներ, որոնցով նախատեսվում են մի քանի հաջորդական գործողությունների կատարում։ Այսպես, անգամ պարզագույն Մ-երով կարելի է հաշվարկել եռանկյունաչափական ֆունկցիաներ, թիվն աստիճան բարձրացնել կամ նրանից արմատ հանել, սակայն դրա համար անհրաժեշտ է կատարել մի քանի (երբեմն բավականին շատ) գործողություններ, մինչդեռ ինժեներական Մ-երում բավական է սեղմել ընդամենը մեկ ստեղն։
Մ-ի ընտրության ժամանակ ոչ պակաս կարևոր է նաև ցուցասարքի տեսակը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր արժանիքներն ու թերությունները։ Այսպես, հեղուկ բյուրեղներով ցուցասարքերը տալիս են թվանշանների համեմատաբար աղոտ (ոչ ցայտուն) պատկեր (օրինակ, սև թվանշաններ գորշ ֆոնի վրա), դրա փոխարեն ծախսելով չնչին էներգիա (մի քանի միլիվատտ կամ նույնիսկ միլիվատտի մասեր), որի շնորհիվ տարրերի մի լրակազմով կամ կուտակչի մի լիցքավորումով Մ. կարող է աշխատել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ժամեր (օրինակ, ԲԶ-38, ԲԶ-39 Մ-երի անընդհատ աշխատանքի ժամկետը 800 ժամ է, ՍԿ–51-ինը՝ 1000 ժամ, ՄԿ-53-ինը՝ 800 ժամ)։ Լուսադիոդներով (թվանշանների կարմիր լուսարձակում) և կաթոդլյումինեսցենտային (թվանշանների կանաչ լուսարձակում) ցուցասարքերը սպառում են վատտի տասնորդական մասեր, որի պատճառով տարրերի մեկ լրակազմը բավականացնում է սովորաբար մի քանի ժամ անընդհատ աշխատելու համար։ Լուսադիոդային ցուցասարքերի առավելությունը մեխանիկական ներգործությունների (մասնավորապես, տատանումներ, ցուցումներ) նկատմամբ համեմատաբար բարձր դիմացկունությունն է։ Լյումինեսցենտային ցուցասարքերի արժանիքները չհոգնեցնող կանաչ լուսարձակումն է և շրջադիտման մեծ անկյունը (առնվազն 150°), մինչդեռ լուսադիոդային ցուցասարքերի վրա թվանշանները երևում են մինչև 30° անկյան սահմաններում։
ՄԻՋԱՏԱԶԵՐԾՈՒՄ, վնասատու միջատների դեմ պայքարելու եղանակներ և միջոցներ։ Կարող է կիրառվել ինչպես կանխարգելման (միջատների առաջացումը կանխելու նպատակով), այնպես էլ դրանց ոչնչացման համար։ Լավագույն կանխարգելիչ միջոցներ են մաքրությունը և անձնական հիգիենայի կանոնների պահպանումը։