Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Պահարաններում և խորշերում հաճախակի օգտագործվող իրեր տեղավորելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ դարակի բարձրությունը չպետք է գերազանցի 190 սմ։

Ցանկալի է վերևի հարկի բաժանմունքները պատրաստել փակ՝ հաճախակի մաքրելուց խուսափելու համար։ Ն.կ–ի վերին հարկի համար նախընտրելի են պահարանի վերին հորիզոնական եզրին ամրացվող և դեպի վեր բացվող դռնակները։ Այդպիսի կառուցվածքը դյուրացնում է բարձր պահարաններից օգտվելը։

Ննջասենյակի ներկառուցված և պատի պահարաններում հիմնականում պահվում են հագուստ և սպիտակեղեն, իսկ համակցված պահարանում դրվում է սպիտակեղենի մի քանի արկղերից բաղկացած դարակաշար, որի վերևում կարելի է կախել կարճափեշ, իսկ կողքին՝ երկարափեշ հագուստ (նկ. 3)։ Ներքևում տեղ է մնում կոշիկների ձողի համար։ Պահարանի դռնակի ներսի մակերևույթին կարելի է ամրացնել փողկապների ձող և մանր իրերի արկղ։ Զգեստապահարանի խորությունը պետք է լինի առնվազն 55 սմ։ Ննջասենյակի պահարանն առավել հարմար է տեղադրել լուսամուտի դիմացի պատի երկայնքով։ Սովորաբար այդ պատի մեջ գտնվող մուտքի դռան վերևում անտրեսոլ են սարքում։

Շատ հարմար են նախասենյակի ներկառուցված պահարանները։ Դրանք բաղկացած են ներքևի և անտրեսոլային հարկերից։ Նախասենյակի ներկառուցված պահարաններում կարելի է ներքևի հարկի ամբողջ բարձրությամբ բաց խորշ նախատեսել կախարանի համար։ Նպատակահարմար է ունենալ տնտեսային պահարան, որի ներքևի մասը հատկացվում է զանազան տնտեսային իրերին (դույլեր, թասեր, փոշեծուծ)։ Պահարանի աջ մասում պահում են երկար իրեր (դահուկներ, կարթեր ևն), ձախ մասի դարակներում՝ մանր, իսկ վերին մասում՝ սակավ օգտագործվող իրեր։ Պահարանի ներքին մակերևույթին կարելի է կեռեր ամրացնել փոշեծուծի մասեր և զանազան գործիքներ կախելու համար։ Լողասենյակում լվացքի մեքենայի համար որոշակի տեղ չունենալու դեպքում այն կարելի է տեղավորել նախասենյակի տնտեսային պահարանի մոտ ներկառուցված պահարանի խորշում։ Լվացքի մեքենայի վերևում կարելի է կախել լվացվելիք սպիտակեղենի արկղ, որի ծակոտված դռնակը հարմարության համար ամրացնում են հորիզոնական ծխնիներով։ Ն.կ–ի նեղ՝ ընդամենը 30 սմ լայնության բաժանմունքներից մեկում կարելի է արդուկ պահել և հարմարեցնել հետգցովի արդուկատախտակ։ Խորհուրդ է տրվում պահարանի այդ բաժանմունքը ներսից երեսպատել ջերմամեկուսիչ նյութով և ծածկել ցինկապատ թիթեղով։