(սանիտարական, կապի) աշխատանքներում։
Կովկասյան, միջինասիական, հարավռուսական հովվաշները, սև տերիերը, մոսկովյան պահակաշունը պիտանի են պահակային ծառայության, ինչպես նաև ընտանի կենդանիների պահպանության համար։
Շոտլանդական հովվաշունը, էրդելտերիերը, ռոտվեյլերը, ռիզենշնաուցերը հիմնականում օգտագործվում են ունեցվածքի պահպանության և մարզական նպատակներով։ Շոտլանդական հովվաշունը և էրդելտերիերը օգտագործվում են կույրերին ուղեկցելու, իսկ շոտլանդական հովվաշունը նաև գյուղատնտեսական կենդանիներին պահպանելու համար։
Բոկսյորը, դոգը, նյուֆաունդլենդը (ջրասուզակ), սենբեռնարը, դոբերմանպինչերը մարզածառայողական Շ. են, սակայն նրանց մի մասն ունի նաև ծառայողական նշանակություն։
Գերմանական (արևելաեվրոպական), շոտլանդական հովվաշներին (կոլի), էրդելտերիերին, սև տերիերին, սենբեռնարին, նյուֆաունդլենդին և ռիզենշնաուցերին կարելի է պահել ինչպես տանը, այնպես էլ բակում։ Կարճամազ Շ-ին (դոբերման, բոկսյոր, դոգ) պահում են տաք տեղերում։
Որսորդական Շ. օգտագործվում են տարբեր տեսակի որսի ժամանակ։ Որսաշներից են սրադունչ քերծեները (ռուսական քերծե, ռուսական տափաստանային, թազի, տայգան, կոկամազ քերծե, աֆղանական քերծե), քերծեները (ռուսական, ռուսական խայտաբղետ, էստոնական, լատվիական, լիտվական, բիգլ), լայկաները (ռուսական-եվրոպական, արևմտասիբիրական, արևելասիբիրական, կարելա-ֆիննական), պոյնտերները, սետերները (կուրցհար, դրատհար, լանգհար), սպանիելները (ռուսական որսորդական, անգլիական կոկեր), մորթայինները (կոպտամազ և հարթամազ ֆոքստերիերներ, երեք տարատեսակի տաքսա, յագտերիեր, վելշտերիեր)։
Նապաստակի կամ աղվեսի որսի սիրահարները՝ ելնելով տեղի պայմաններից, կարող են օգտագործել սրադունչ քերծե կամ քերծե, թռչնի որսի սիրահարները՝ սետեր, պոյնտեր, գերմանական որսաշուն կամ սպանիել, մորթու որսի համար՝ ֆոքստերիեր կամ տաքսա։ Լայկան համապիտանի շուն է, որին կարելի է օգտագործել անտառաբնակ թռչուններ, փասիան, բադ, գազանիկներ, արջ որսալու համար։
Քերծեն, սրադունչ քերծեն, լայկան, կոպտամազ որսաշունը, կոպտամազ ֆոքստերիերը կարելի է պահել ցուրտ շինություններում, բակում, մնացած Շ-ին՝ տաք շինություններում կամ տներում։
Որսորդական Շ-ի ցեղի սիրահարները միավորված են որսորդների միությանը կից որսորդական շնաբուծության ակումբում։
Սենյակային Շ. հիմնականում խոշոր չեն։ Դրանցից են բոլոնկան, պինչերը, տոյտերիերը, շպիցը, աֆենպինչերը, գաճաճ պուդելը, պեկինյան շնիկը (պեկինես), ճապոնական քինը, չիխուախուան ևն։
Սենյակային Շ. պահող շնաբույծները դառնում են ակումբների կամ սիրող շնաբույծների ընկերության անդամներ։
Շ. ձեռք բերելը և խնամքը։ Շ. ձեռք բերելու համար դիմում են համապատասխան ակումբին, որտեղից կարելի է ստանալ Շ-ի դաստիարակության և խնամքի վերաբերյալ անհրաժեշտ խորհուրդներ՝ նկատի ունենալով շան ցեղը, տարիքը և սեռը։ Խորհուրդ է տրվում նաև հաճախել շնաբույծների դասընթացներ։
Ցեղական շունը պետք է ունենա տոհմաբանական, իսկ հասուն Շ. նաև ցուցահանդեսների և քննությունների ժամանակ ստացած դիպլոմների և գնահատականների փաստաթուղթ։ Պահելու համար ավելի լավ է ձեռք բերել շան ձագ և տանը մեծացնել։
Պետք է հիշել, որ Շ-ի արուներն էգերից ավելի խոշոր են, ուժեղ և հարձակվող։ Էգերն ավելի շուտ են ընտելանում մարդկանց և տանը։
Քաղաքներում և այլ բնակավայրերում Շ. կարելի է պահել իշխանության տեղական մարմինների ընդունած օրենքներին համապատասխան։ Մեկուսացված (մեկ ընտանիքի զբաղեցրած) բնակարաններում Շ. պահել թույլատրվում է միայն սանիտարահիգիենային և անասնաբուժասանիտարական օրենքները պահպանելու պայմանով, իսկ կոմունալ բնակարաններում պետք է լինի նաև բոլոր բնակիչների համաձայնությունը։ Շ. պահել չի թույլատրվում շենքերի և կոմունալ բնակարանների ընդհանուր օգտագործման մասերում (աստիճանահարթակ, նկուղ, ձեղնահարկ, միջանցք և նմանատիպ տեղեր), ինչպես նաև պատշգամբում և խորշապատշգամբում։
Շ-ին անհրաժեշտ է գրանցել և ամեն տարի վերագրանցել տիրոջ բնակավայրին մոտ գտնվող անասնաբուժական հիմնարկում, որը պետք է տա գրանցման վկայական և նշան, պատվաստում կատարի և տիրոջը ծանոթացնի շան խնամքի կանոններին։
Շ. գնել, վաճառել և տեղափոխել (ցանկացած փոխադրամիջոցով) այլ վայր կարելի է միայն անասնաբուժական վկայականով, որտեղ անպայման պետք է նշվի, որ մինչև տեղափոխելը շանը պատվաստում է կատարվել կատաղության դեմ, 30 օրից մինչև 12 ամսվա համար։ Շ-ին հասարակական փոխադրամիջոցներով կարելի է տեղափոխել, եթե պահպանվեն սահմանված կանոնները։
Շ-ին կարելի է դուրս տանել միայն կարճ վզափոկով կամ դնչկալով, վզի համարանշանով (բացառությամբ մինչև 3 ամսական թուլաները), կարելի է զբոսանքի տանել հատուկ նախատեսված վայրում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 23-ը, իսկ այլ վայրում զբոսնելիս շան տերը պետք է միջոցներ ձեռնարկի լռություն ապահովելու համար։
Բնակարանում շանը անհրաժեշտ է մշտական տեղ հատկացնել, որպեսզի կենդանին ոչ ոքի չխանգարի և հանգիստ զգա։
Այդ տեղը պետք է լուսավոր լինի և միջանցիկ քամուց ու ջեռուցման սարքերից հեռու։ Տեղում անհրաժեշտ է փոքր գորգ փռել, որը ամեն օր պետք է թափ տալ, մաքրել խոզանակով կամ փոշեծուծով, իսկ կեղտոտվելու դեպքում լվանալ։ Գաճաճ ջերմասեր ցեղի շան տակը պետք է փափուկ տաք շոր փռել։ Եթե շան տերը հողամաս ունի, կարող է շանը արձակ պահել լավ ցանկապատված տարածքում (մեկուսացված շինություն), որի մուտքը կողմնակի անձանց համար փակ է, և բացառվում է շան փախուստը։ Անբարենպաստ եղանակներից և ցրտից Շ-ին պաշտպանելու հաճար անհրաժեշտ է բարձր և չոր տեղում տնակ սարքել, որը ցուրտ շրջաններում պետք է ունենա լցվածքով կրկնակի պատեր։ Շ-ին կարելի է պահել նաև մարագում կամ խոտանոցում, որտեղ նույնպես տնակ կամ գետնից բարձր թախտ (կողերով, որպեսզի տակի փռած շորը չգցի) պետք է դնել։ Ձմռանը տնակում կամ թախտին