Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սենյակների առանձնահատկություններն ու չափերը (մակերես, բարձրություն)։ 9-12 մ² մակերեսով սենյակների համար խորհուրդ է տրվում օգտագործել բաց գույնի, մանր, ոչ ցայտուն նախշով Պ., որի շնորհիվ սենյակն ավելի ընդարձակ է թվում։ 15-20 մ² մակերեսով սենյակը կարելի է պաստառապատել ավելի խոշոր նախշերով ոչ շատ խայտաբղետ Պ-ով։ 2,5-2,7 մ բարձրության սենյակները խորհուրդ է տրվում հարդարել ընդգծված ուղղաձիգ նախշերով (զոլեր ևն) Պ-ով, որի շնորհիվ սենյակն ավելի բարձր է թվում։ Բարձր, բայց ոչ մեծ մակերեսով սենյակների համար նպատակահարմար է կիրառել հորիզոնական դասավորություն ունեցող նախշերով Պ., որը դիտողականորեն ցածրացնում է սենյակի առաստաղը։

Պ. ընտրելիս հարկավոր է հաշվի առնել լուսամուտների դասավորությունը։ Եթե լուսամուտները հյուսիսահայաց են, խորհուրդ է տրվում ընտրել ջերմ երանգների Պ.՝ բաց դեղնավուն, նարնջագույն ևն։ Սառը երանգների (երկնագույն-կանաչավուն, գորշ երկնագույն, գորշ կանաչավուն) Պ-ները հարմար են հարավահայաց լուսամուտներով սենյակների համար։ Հարավային շրջաններում նպատակահարմար է օգտագործել հագեցած մուգ գույնի (օրինակ, կապույտ, մուգ երկնագույն, թրծակավի գույնի) Պ-ներ։ Ոչ բավարար բնական լուսավորությամբ սենյակների համար ընտրում են տաք երանգների՝ նարնջադեղնավուն, կանաչադեղնավուն, ոսկեդեղնավուն Պ-ներ, որոնք լավ են անդրադարձնում արևի լույսը և ավելացնում սենյակների լուսավորությունը։

Պ-ի գույները և նախշերը պետք է համապատասխանեն կահույքի գույնին։ Եթե սենյակի գեղազարդման գործվածքները (կահույքի երեսքաշը, վարագույրները ևն) նախշավոր են, ապա ավելի լավ է ընտրել առանց նախշի կամ աչքի չզարնող նախշով Պ.։ 2,5-3 մ բարձրության սենյակներում Պ-ի երիզաշերտը պետք է լինի ոչ լայն (մոտավորապես 2-4 սմ)։ Վաճառվող երիզաշերտերն ունեն մինչև 50 սմ լայնություն և միանման բազմաշերտ նախշեր, ուստի դրանք հարկավոր է կտրատել նեղ շերտերի։

Մեներանգ Պ-ների համար պետք է ընտրել նույն երանգի, բայց ավելի պայծառ գույնի երիզաշերտ։ Օրինակ, ոսկեդեղնավուն Պ. կարելի է երիզել բաց շագանակագույն նեղ երիզաշերտով, իսկ աչքի զարնող նախշով Պ.՝ Պ-ի ֆոնի գույնի կամ փոքր-ինչ ավելի մուգ երիզաշերտով։

Մեկ սենյականոց բնակարանի սենյակի պատերի պաստառապատման համար ավելի լավ է կիրառել հանգիստ երանգների, իսկ նախասենյակի և խոհանոցի համար՝ ավելի պայծառ գույների Պ-ներ։ Այսպես, եթե սենյակը պաստառապատված է մոխրագույն Պ-ով, ապա նախասենյակում լավ կդիտվեն հագեցած կանաչ գույնի, իսկ խոհանոցում՝ կիտրոնագույն Պ-ները։

Երկու սենյականոց բնակարանի՝ ընդհանուր դուռ ունեցող սենյակները կարելի է հարդարել միատեսակ նախշերով և գույներով Պ-ով, ինչը դիտողականորեն մեծացնում է սենյակի չափերը՝ դուռը բաց լինելու դեպքում։

Պ. փակցնելը։ Պ-ները թողարկվում են 500, 600 և 750 մմ լայնության գլանափաթթոցներով՝ 7,0, 10,5, 12,0 և 18,0 մ ընդհանուր երկարությամբ։ Սենյակները պաստառապատելու համար հարկավոր է, ելնելով սենյակների բարձրությունից, հաշվարկել, թե քանի ժապավենաշերտ կստացվի Պ-ի մեկ փաթթոցից, այնուհետև պարզ հաշվարկով որոշել փաթթոցների անհրաժեշտ թիվը։

Պաստառապատման ընթացքում օդի ջերմաստիճանը պետք է լինի 5 °C–ից ոչ պակաս։ Պ. փակցնում են պատի հավասար, հարթ և չոր մակերևույթին։ Խոնավ սենյակները (լողասենյակ, ցնցուղարան) չեն պաստառապատում։ Պ. փակցնում են ներկարարական աշխատանքներն ավարտելուց հետո (բացառությամբ հատակի ներկումը)։

Սվաղած պատերը մաքրում են հղկանյութերով (հղկաքար, հղկաթուղթ) կամ չեչաքարով, վերացնում անհարթությունները։ Նրբատախտակով կամ չոր սվաղով պատված պատերի նախապատրաստման համար հարկավոր է կարերը սվաղել մածիկով և չորանալուց հետո հղկել չեչաքարով։ Մեխերի գլխիկները պետք է «ընկղմել» նրբատախտակի կամ սվաղի խորքը և մածկել։

Պաստառապատումից առաջ անհրաժեշտ է խնամքով փակել պատերի, շրիշակների և պարակալների միջև եղած բոլոր ճեղքերը։ Պաստառապատված սենյակներում նոր Պ. փակցնելիս հարկավոր է հեռացնել հին Պ. (նախապես 2-3 անգամ թրջելով տաք ջրով), պատերը մաքրել հղկանյութով։ Հին Պ-ների դուրս ցցված եզրակարերը կարելի է մաքրել չեչաքարով։ Կրաներկով, սոսնձի կամ կազեինի ներկերով ներկած պատերը հարկավոր է թրջել ջրով, հեռացնել ներկաշերտը, վերականգնել սվաղը և չորացնել։

Սովորական և միջին որակի Պ-ները փակցնում են եզրածածկումով, ուստի դրանց եզրերը մկրատով կտրվում են միայն մի կողմից (նկ. 1)։ Խիտ թղթից պատրաստված բարձրորակ Պ-ները փակցվում են կիպ իրար կպած, երկու կողմից եզրերը կտրելով։ Պ-ի ժապավենաշերտի երկարությունը պետք է հավասար լինի քիվի ներքևի մասից մինչև շրիշակի վերին եզրը եղած հեռավորությանը՝ 10 սմ ավելցուկով։ Տարբեր թերթերի հորիզոնական նախշերը համընկնում են եզրաշերտերի սլաքները համատեղելու դեպքում։ Դռների վերևի և լուսամուտների տակի մասերը պաստառելու համար կարելի է օգտագործել փաթթոցը ժապավենաշերտերի բաժանելուց մնացած կտորները։

Կտրտված ժապավենաշերտերը դարսվում են հատակին փռած թղթի վրա, երեսակողմը ներքև, տակի յուրաքանչյուր ժապավենաշերտ պետք է 1,5-2