Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 սմ առաջ լինի վերևինից։ Եթե Պ-ները դասավորված են այդ ձևով, ապա շրեշը քսելիս դրանց երեսակողմը չի աղտոտվի։ Ժապավենաշերտերը շրեշապատում են բարակ հավասար շերտով վրձինը շարժելով ժապավենաշերտի երկարությամբ։ Պ-ների եզրերը շրեշապատում են երկու անգամ։ Խիտ թղթից Պ-ներն անհրաժեշտ է շրեշապատել 2 անգամ, 5 րոպեանոց ընդմիջումով։ Նախապատրաստած ժապավենաշերտը զգուշությամբ ծալում են երեքտակ այնպես, որ առանձին ծալքաշերտերն իրար չկպչեն (նկ. 2)։ Այդ դիրքով Պ. պահում են որոշ ժամանակ, որից հետո այն ավելի լավ է կպչում պատին, և պղպջակներ ու ծալքեր չեն գոյանում։

Պաստառապատումը, իբրև կանոն, սկսում են արտաքին պատի անկյունից։ Եզրածածկման եղանակով փակցնելիս Պ-ի կտրված եզրը պետք է ուղղված լինի լույսի կողմը, դեպի լուսամուտը կցամասերում ստվերաշերտերի առաջացումը բացառելու համար։

Շրեշապատված ժապավենաշերտը պատին են փակցնում վերին մասից (նկ. 3), հարթեցնում լաթով կամ խոզանակով՝ նախ ժապավենաշերտի միջին մասի երկայնքով, ապա՝ եզրամասերում (նկ. 4)։ Կարելի է նաև թեթևակի ճնշում գործադրել՝ հարվածելով լաթով կամ խոզանակով, կամ էլ գրտնակել փափուկ գլանիկով։ Հաջորդ ժապավենաշերտը փակցնում են նախշը նախորդի նախշին հարմարեցնելով։ Եթե փակցվող ժապավենաշերտը ծռվում է (թղթի վատորակության կամ պատի անհարթության պատճառով) և ծածկում նախապես փակցված ժապավենաշերտի նախշերի մի մասը, այդ ժապավենաշերտը շտկելիս սովորաբար առաջանում են ծալքեր։ Նման ժապավենաշերտը կարելի է փակցնել նախշի փոքր-ինչ ավելի մեծ մաս ծածկելով։ Ժապավենաշերտը փակցնում են նաև եզրագծին խիստ համապատասխան, որի համար ծռված ժապավենաշերտի եզրը կտրում են 2-5 սմ-ով երկու-երեք տեղում։ Ընդհանրապես, եթե ժապավենաշերտի վրա ծալք է գոյանում և հնարավոր չի լինում այն ուղղել, ժապավենաշերտը կտրում են եզրից ծալքի տեղում, և կտրված մասերը միմյանց վրա դնում այնպես, որ ներքևի մասը վրայից փակցված լինի։

Խորհուրդ չի տրվում ամբողջական ժապավենաշերտը փակցնել անկյունում, քանի որ այն գործնականում երբեք կիպ և ուղիղ չի կպչի, կգոյանան կնճիռներ ու ծալքեր։ Պատի անկյունի կողմից վերջին ժապավենաշերտը պետք է ունենա այնպիսի լայնություն, որ ծածկի պատի մնացած չպաստառապատված մասը և վրածածկի անկյունը միայն 1,5-3 սմ-ով։ Ժապավենաշերտի այն մասը, որը վրածածկում է ոչ այնքան ուղիղ անկյունը և փակցվում կից պատին, կտրատում են մի քանի տեղից մինչև ծալքը, ինչն ապահովում է ժապավենաշերտի կիպ կպչելը առանց ծալքերի ու կնճիռների։ Փակցնելուց հետո Պ-ի շերտի ավելցուկը (քիվերի և շրիշակների մոտ) կտրում են։

Անհրաժեշտ է հետևել, որ պաստառապատման ժամանակ շրեշով չաղտոտվի Պ-ի երեսակողմը։ Ձեռքերը պետք է լինեն չոր և մաքուր։ Բաց երանգների Պ-ները հարթեցնելիս հարկավոր է անպայման լաթի կամ խոզանակի տակ թղթի մաքուր թերթ (բայց ոչ լրագիր) դնել։ Կնճիռներ, պղպջակներ և մուգ բծեր չառաջանալու համար պաստառապատելիս պետք է փակել լուսամուտները։ Պաստառապատված մակերևույթները հարկավոր է առաջին 3-4 օրերին զերծ պահել միջանցիկ քամուց, ուժեղ տաքանալուց կամ խոնավանալուց։

Պաստառապատման համար կիրառում են պատրաստի սոսինձներ, ալյուրի կամ կարտոֆիլի օսլայի շրեշներ (10 լ ջրին՝ 1 կգ հաշվով, կարելի է ավելացնել նախապես ջրում լուծված 100 գ չոր ատաղծագործական սոսինձ, իսկ միջատներից խուսափելու համար՝ փոքր քանակով քլորոֆոս կամ կարբոֆոս)։ Մաղած ալյուրի կամ օսլայի վրա լցնում են մի քիչ գոլ ջուր և խառնում մինչև ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև բարակ շիթով ավելացնում են եռացրած ջուր, զանգվածը դարձյալ խառնում։ Շրեշը քամում են մաղով կամ թանզիֆով։ Վատ եփված շրեշը նախ եռացնում են, բայց ոչ հենց կրակի վրա, այլ ջրով լի ամանի մեջ, ապա քամում։ Պ-ները փակցնում են գոլ կամ սառը շրեշով։ Շրեշը կարելի է կիրառել պատրաստելուց հետո մեկ օրվա ընթացքում։

ՊԱՏՇԳԱՄԲ, ժամանակակից բնակարանները, որպես կանոն, ունեն Պ. կամ խորշապատշգամբ (շենքի ներս ընկած, բաց ճակատամասով շինություն)։ Ամռանն այնտեղ կարելի է հանգստանալ։ Պ-ում կարելի է տեղադրել մթերապահարաններ, լվացք չորացնել՝ առանց շենքի արտաքին տեսքը խաթարելու։

Քամուց, անձրևից, արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար կախում են սահովի վարագույրներ, ինչպես նաև կալունակի վրա ձգված ծալվող կամ փաթաթվող (դեպի վեր) վրանածածկ (այսպես կոչված արևկալ)։

Խորշապատշգամբը և Պ. կարելի է ծածկապատել փաթաթվող բույսերով,