եղանակով օդը տաքացնելու էլեկտրաջեռուցիչ սարք: Դրոշմած տափակ, օդի ելքի ու մուտքի անցքերով մետաղե տուփ է, որում տեղակայված է ջեռուցիչ տարրը՝ էլեկտրական մեծ դիմադրության մետաղալարե պարույր (բաց մեկուսիչներով ամրացված, կամ՝ փակ էլեկտրամեկուսիչ նյութով լցված պողպատե խողովակում մամլակցված)։
Էլեկտրաջերմափոխանցիչն էլեկտրացանցին միացնելիս պարույրը տաքանում է և ջերմությունը հաղորդում շրջապատող օդին, որը մղվում է վեր և ջերմափոխանցիչից դուրս գալիս իրանի վերին մասում գտնվող անցքով։ Տաքացված օդը փոխարինվում է ջերմափոխանցիչի ստորին մասից եկող ավելի սառը օդով։
Ջերմափոխանցիչի իրանը շրջապատի առարկաները պաշտպանում է ջեռուցիչ տարրի ճառագայթումից՝ ավելացնելով ջերմատվության ջերմափոխանցիչային բաղադրիչը, և, միաժամանակ, ծառայում է յուրօրինակ ծխատար խողովակ՝ ուժեղացնելով էլեկտրաջերմափոխանցիչի բնական քարշը և մեծացնելով օդի հոսքը դրա միջով։ Հաճախ ջերմափոխանցիչի իրանի ներսում, ջեռուցիչ տարրի երկու կողմերում, տեղադրում են էկրաններ՝ իրանին ընկնող ճառագայթումն ավելի նվազեցնելու համար։ Էլեկտրաջերմափոխանցիչի իրանի անցքերը սովորաբար ծածկում են մետաղացանցով կամ զարդարիկ վանդակապատով՝ կանխելու համար ջեռուցիչ տարրերի վրա դյուրավառ առարկաների ընկնելը։
Ջերմափոխանցիչները լինում են փոխադրովի և անշարժ, հատակադիր, պատի և պատի-հատակադիր, բաց և փակ ջեռուցիչ տարրերով, չկարգավորվող և հզորության կարգավորիչով (աստիճանական փոխարկիչով կամ ավտոմատ ջերմակարգավորիչով)։ Ամենապարզ եղանակը ջերմափոխանցիչի հզորության աստիճանական կարգավորումն է փոխարկիչների կան առանձին անջատիչների միջոցով։ Այդ դեպքում էլեկտրաջերմափոխանցիչը տաքացվում է մի քանի պարույրով, որոնք, հաջորդաբար, զուգահեռ կամ խառը միացնելով, առաջացնում են տարբեր հզորության ջեռուցող հատվածամասեր։ Առավել կատարյալ եղանակը էլեկտրաջերմափոխանցիչի հզորության կարգավորումն է ջերմակարգավորիչի միջոցով։ Օգտագործման հարմարության համար էլեկտրաջերմափոխանցիչները հաճախ ունենում են լրացուցիչ սարքեր ու հարմարանքներ։ Դրանցից մեկը ազդանշանային լամպն է, որը սարքը ցանցին միացնելիս վառվում է։
Թողարկվում են համակցված սարքեր, որոնք միավորում են էլեկտրաջերմափոխանցիչը և էլեկտրաբուխարին։ Հատակադիր որոշ էլեկտրաջերմափոխանցիչներ տեղափոխելու համար ունեն հոլովակավոր հենարաններ։ Իրանի որոշակի կառուցվածքի դեպքում հնարավոր է էլեկտրաջերմափոխանցիչը կախել պատից։ Էլեկտրաջերմափոխանցիչները սնվում են 220 Վ փոփոխական հոսանքի ցանցից, սպառվող հզորությունը (միացման զանազան ռեժիմներում) 0,4-ից մինչև 1,2 կՎտ է։ Էլեկտրաջերմափոխանցիչներն աշխատում են անաղմուկ և հուսալի են, դրանք կարելի է տեղադրել շինության ցանկացած մասում։ Կանոնավոր օգտագործման պայմաններում ջերմափոխանցիչի իրանի կողային մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 100-110 °C, իսկ արտահոսող օդի ջերմաստիճանը՝ 110-120 °C։ Ջերմափոխանցիչի ծառայության երաշխավորված ժամկետը 2 տարի է։
ՋՐԱԷՄՈՒԼՍԱՅԻՆ ՆԵՐԿԵՐ, կիրառվում են ինչպես դրսի, այնպես էլ ներսի աշխատանքների համար։ Ջ.ն–ով կարելի է ներկել փայտը, սվաղը (նույնիսկ խոնավ), բետոնը, քարը, յուղաներկով և արծնաներկով պատած փայլատ մակերևույթները, ներկաստառված մետաղե առարկաները։ Ջ.ն–ով ներկված մակերևույթները հեշտությամբ են լվացվում ջրով։ Այդ ներկերը չի կարելի օգտագործել սոսնձաներկով պատած կամ լաքապատ մակերևույթներ ներկելու համար։ Ներկը քսում են վրձնով, գլանիկով կամ ներկացրիչով (ծախսը. 20 գ 1 մ²–ի համար)։ Պահանջվող գույնի ներկ ստանալու համար կարելի է իրար խառնել տարբեր գույնի Ջ.ն.։ Տես նաև Ներկարարական աշխատանքներ:
ՋՐԱՏԱՔԱՑԻՉ, էլեկտրական կենցաղային Ջ, նախատեսված է տաք ջրով ապահովելու այն բնակարանները, որտեղ չկա կենտրոնացված տաք ջրամատակարարում, կամ էլ անհնարին (անցանկալի) է գազի սարքերի կիրառումը։ Տանն օգտագործելու համար առավել հարմար են ջերմակուտակիչ Ջ-ները, որոնք նախատեսված են ջուրը տաքացնելու և երկար ժամանակ տաք պահելու համար։ Այդպիսի Ջ. ջերմամեկուսացված մետաղե բաք է, որի մեջ զետեղված են էլեկտրաջեռուցիչ տարրը և ջրի ջերմաստիճանը կարգավորող կամ սահմանափակող սարքը։ Բաքի ծավալը սովորաբար ընտրվում է ըստ տաք ջրի օրական պահանջի։ Օրինակ, խոհանոցի համար անհրաժեշտ է 7-10 լ-անոց, իսկ լողասենյակի համար՝ 80-150 լ-անոց բաք։ Բաքի ջուրը տաքացվում է էլեկտրաջեռուցիչ տարրերով՝ բնական ջերմափոխանցման շնորհիվ։ Տաքացման արագությունը կախված է բաքի ծավալից և ջեռուցիչի հզորությունից։
Էլեկտրական կենցաղային Ջ-ները տեղակայում են խոհանոցում կամ լողասենյակում։ Տեղակայելուց հետո Ջ-ի իրանն անհրաժեշտ է հողակցել։ Ցանցին միացնելուց առաջ Ջ. պետք է լցնել ջրով այնպես, որ էլեկտրաջեռուցիչ տարրը լրիվ ծածկվի։ Տաք ջուրը կարելի