որոնք միաժամանակ զարդարում են շենքի ճակատը։ Պ. հաճախ ապակեպատում են և օգտագործում որպես բնակելի տարածություն։
Պ-ում հանգստանալու համար հարմար է ունենալ ննջաթոռներ, փայտե կամ մետաղե կմախքով բացովի բազկաթոռներ, ծալովի մահճակալ։ Սեղանի դեր կարող է կատարել մթերապահարանի հետգցովի դռնակը։ Պ-ում դրվող պահարանները պետք է պաշտպանակից ցածր լինեն։ Ցանկալի է, որ Պ-ի կահույքը պատված լինի բաց գույնի խոնավակայուն ներկով կամ լաքով։ Կան նաև կախովի (բարձակային) Պ-ներ, որոնք հիմնականում շենքի արտաքին ճակատը ձևավորելու դեր են կատարում։
ՊՂՆՁԵ ԱՌԱՐԿԱՆԵՐ (մաքրումը), պղնձե, բրոնզե և արույրե առարկաների մաքրման համար օգտագործում են գործարանային արտադրության հատուկ պատրաստուկներ (օրինակ, «Ասիդոլ», «Մետալոբլեսկ», «Էրա» ևն)։ Խիստ կեղտոտված առարկաները խորհուրդ է տրվում մաքրել քացախով (մոտավորապես 8 %-անոց) թրջած լաթով, ապա փայլեցնել կավճով։
ՊՏԵՐՆԵՐ, խոտաբույսերի, հազվադեպ ծառանման բույսերի մեծ խումբ՝ լայնորեն տարածված երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Սենյակային պայմաններում կարելի է աճեցնել շատ գեղեցիկ, նրբագեղ տերևներով ծաղկազարդ տեսակներ՝ կանաչի տարբեր երանգներով։ Սենյակային Պ. խոտաբույսեր են՝ լավ զարգացած, կարճ, ուղղաձիգ, հաճախ հորիզոնական սողացող կոճղարմատներով։
Այս խոնավասեր և ստվերադիմացկուն բույսերը չորությանը և շոգին բոլորովին չեն դիմանում։ Խոնավություն ապահովելու համար Պ. պետք է պահել կրկնակի թաղարների մեջ, իսկ միջթաղարային տարածությունը լցնել մամուռ, մանրախիճ կամ տորֆ և մշտապես խոնավացնել։
Գարնանը Պ. պետք է վերատնկել 2 մաս կավաճմային, 1 մաս թելատորֆային և 1/2 մաս ավազի հողախառնուրդի մեջ։ Եթե արմատներն ամբողջությամբ չեն զբաղեցնում թաղարը, ապա կարելի է փոխել հողի միայն վերին շերտը։ Պ. բազմանում են սպորներով (առաջանում են տերևների ստորին մակերեսի վրա), թփերի բաժանումով և միայն «կենդանածին» տեսակներին բնորոշ հավելյալ բողբոջներով։
Խոշոր Պ. (տարատերև, բնանման և «կենդանածին» ասպլեններ, մանգաղանման ցիտրոմիում, բարձր նեֆրոլեպիս և փշոտ պոլիստիխամ) ցանկալի է աճեցնել առանձին տակդիրներով՝ մեկական, կամ որպես կանթեղային բույսեր: Փոքր Պ. (ադիանտ՝ Վեներայի մազ, ճապոնական լիգոդիում, կրետական պտերիս, կլորատերև պելեյա և սովորական պոլիպոդիում) ավելի լավ է աճեցնել խմբերով կամ նրանցով ցայտերանգել գեղեցիկ ծաղկող բույսերը։ Պ-ով կարելի է կանաչապատել թույլ լուսավորված շինությունները։ Պ-ի կտրած տերևներն օգտագործում են նաև ծաղկեփնջերում։
ՋԵՐՄԱՓՈԽԱՆՑԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, էլեկտրակոնվեկտոր , բավարար ջերմամեկուսացում ունեցող շինություններում (քաղաքային բնակարանում, ամառանոցային կամ գյուղական տաքացված տանը) բնական ջերմափոխանցման