Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Չոր» էլեկտրառադիատորները յուղալեցուն Ռ-ներից տարբերվում են ավելի պարզ կառուցվածքով, յուղի գերտաքացման վտանգի և ռեզերվուարի հերմետիկության խախտման բացակայությամբ, փոքր իներցիոնությամբ։ Որպես ջեռուցիչ տարր «չոր» Ռ-ներում օգտագործվում են լար կամ նրբաթիթեղ (էլեկտրական մեծ դիմադրությամբ), թաղանթային էլեկտրահաղորդիչ պատվածք, ծավալային բաղաղրանյութեր և այլ նյութեր։ Այդպիսի էլեկտրառադիատորները սովորաբար պատրաստվում են սնամեջ պանելների տեսքով, որոնց ներսում գտնվում է ջեռուցիչ տարրը, ինչպես նաև հոսանահաղորդ պատվածքով տախտակի կամ թիթեղի տեսքով։ «Չոր» Ռ-ների հզորությունը 0,2-ից մինչև 2 կՎտ է։

ՌԱԴԻՈԸՆԴՈՒՆԻՉ, ռադիոհաղորդման ընդունիչ, ռադիոհաղորդման կայանների հաղորդումները լսելուց բացի, Ռ-ների մեծ մասը հնարավորություն է տալիս նաև վերարտադրել գրամոֆոնային ձայնագրությունը էլեկտրանվագարկիչ սարքով և ռադիոհաղորդումներ ձայնագրել մագնիտոֆոնով։ Հաղորդիչ ռադիոկայանների ռադիոալիքները, հասնելով ընդունիչի անտենային, վերջինիս մեջ հարուցում են բարձր հաճախության հոսանքի շատ թույլ էլեկտրական տատանումներ, որոնք ըստ ամպլիտուդի կամ հաճախության մոդուլված են առաքվող հաղորդանքին համապատասխան։ Այդ հոսանքները հասնում են Ռ-ի մուտքային սարքին, որի կարևորագույն հատկությունը ընտրողունակությունն է, այսինքն հարկավոր կայանի ազդանշանները մյուս ազդանշաններից զատելու ընդունակությունը։ Ռադիոհաղորդման կայանները ճառագայթում են ռադիոհաղորդումների համար հատկացված ալիքների չորս ընդգրկույթում՝ երկար ալիքների (ԵԱ), միջին ալիքների (ՄԱ), կարճ ալիքների (ԿԱ) և գերկարճ ալիքների (ԳԿԱ). ընդունիչների մուտքային սարքերը հաշվարկվում են հենց այդ ալիքներին համապատասխան։ Արդյունաբերական ընդունիչները սովորաբար ունենում են 2-ից (ԵԱ և ՄԱ) մինչև 5-7 ընդգրկույթ (ԿԱ ընդգրկույթը համալարքի հարմարության համար հաճախ բաժանվում է մի քանի ենթաընդգրկույթի)։

Պարզագույն Ռ-ում մուտքային սարքի առանձնացրած ազդանշանն անմիջապես դետեկտվում է, այսինքն՝ կերպափոխվում է ցածր (ձայնային) հաճախության էլեկտրական տատանումների և հասնում ականջակալներին, որոնք վերարտադրում են հաղորդման հնչյունները։ Այդպիսի ընդունիչը կոչվում է դետեկտորային։ Հնչողաթյան ոչ բավարար բարձրության և վատ ընտրողունակության պատճառով այն պիտանի է միայն մերձակայքում գտնվող հզոր ռադիոկայանների հաղորդումներն ընդունելու համար, հնչողությունն ուժեղացնելու նպատակով դետեկտորային ընդունիչին հարկավոր է կցել ցածր հաճախության ուժեղարար։

Սկսնակ ռադիոսիրողին կարելի է առաջարկել դետեկտորատրանզիստորային ընդունիչը (նկ. 1)։ Երբ այդ ընդունիչին սնուցում չի միացված, այն աշխատում է ինչպես դետեկտորային ընդունիչ (դետեկտորի դերն այս դեպքում կատարում է տրանզիստորի՝ սլաքով նշված էմիտերային անցումը)։ Մարտկոցը միացնելիս տրանզիստորն աշխատում է միաժամանակ և՛ որպես դետեկտոր, և՛ որպես ցածր հաճախության ուժեղարար։ Ձայնի ուժգնությունը կարգավորվում է փոփոխական դիմադրատարրով։

Բարձր հնչողության վստահելի ընդունում են ապահովում ուղղակի ուժեղացման ավելի բարդ լամպային ու տրանզիստորային (տես Ռադիոլամպ և Տրանզիստոր) Ռ-ները, որոնցում ազդանշանն ուժեղացվում է երկու անգամ՝ ըստ բարձր ու ցածր հաճախությունների (նկ. 2)։

Հեռավոր կայանների թույլ ազդանշաններն ընդունելու Ռ-ի ընդունակությունը կախված է ուժեղացումից և բնութագրվում է նրա զգայունությամբ, որը սովորաբար արտահայտվում է միլիվոլտ մետրերով (մՎ/մ) կամ միկրովոլտերով (մկՎ)։ Ամենամեծ զգայունություն ունեն սուպերհետերոդինային ռադիոընդունիչները (սուպերհետերոդինները , նկ. 3)։

Բացի այդ, բարձր ընտրողունակության շնորհիվ սուպերհետերոդիններն ունեն հարկավոր ալիքին սուր համալարվելու և, հետևաբար, ընդունման ժամանակ հարևան խանգարող ազդանշանները խիստ թուլացնելու հնարավորություն։ Ընտրողունակությունը չափվում է դեցիբելներով (դԲ), որոնք արտահայտում են ընդունվող և հարևան ազդանշանների լարումների հարաբերությունը (1 դԲ մոտավորապես հավասար է ազդանշանի մակարդակի փոփոխության այն մեծությանը, որը մարդու նորմալ ականջը դեռևս կարող է տարբերել վերարտադրության ժամանակ)։


Ուղղակի ուժեղացման ընդունիչներ և պարզագույն սուպերհետերոդիններ ինքնուրույն պատրաստելու համար վաճառվում են մանրամասների պատրաստի հավաքածուներ՝ հավաքման ու սարքաբերման բացատրագրերով։

Բացի ընդգրկույթների թվից, ընտրողունակությունից և զգայունությունից, Ռ. ունի տեխնիկական կարևոր այլ բնութագրեր (պարամետրեր), ելքային հզորություն, հնչողության որակ, թողանցվող ու վերարտադրվող հաճախությունների շերտ, ընդունման կայունություն ևն։

Ելքային հզորությունը, այսինքն՝ այն հզորությունը, որ վերջին ուժեղարարից