Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծխում էին, տարածելով իրանց շուրջը թե լույս, թե ջերմություն և թե խեղդող մուխ։ Գիշերը ճրագի պետք չկար։

Օտարականը, կրակի մոտ կկզած, տաքանում էր։ Չնայելով, որ գարնան սկիզբն էր, բայց եղանակը դեռ մրսեցնելու չափ ցուրտ էր։ Տեսնելով երիտասարդին, նա վեր բարձրացավ, խոնարհությամբ գլուխ տվեց։

— Ո՞րտեղացի ես, — եղավ երիտասարդի առաջին հարցմունքը։

— Ձեր ծառան տաթևացի է, — պատասխանեց նա համարձակ կերպով, և մոտենալով, ավելացրեց․

— Աղայի համար նամակ եմ բերել։

Տաթևի անունը լսելիս, երիտասարդի սիրտը սկսեց դողալ, բայց նա ծածկելով իր խռովությունը, ասաց․

— Տուր ինձ նամակը։

Օտարականը առեց գլխից մորթե ահագին փափախը, նրա ծալքից դուրս հանեց երկու մեծ ծրար, տվեց երիտասարդին։

Կրակի շուրջը, հատակի վրա, տարածված էր փափուկ և ցամաք խոտ, իսկ խոտի վրա փռված էին թանձր օթոցներ։ Սենյակի մի կողմում, պատի տարածության չափով, հասարակ, անգույն փայտից շինված էր երայն թախտ, որի վրա փռված էր պարսկական գորգ և դրված էին մի քանի բարձեր, կարված արևելքի գունավոր, մետաքսեղեն կերպասից։ Այդ միակ մաքուր անկյունն էր ամբողջ սենյակի մեջ, որ ցույց էր տալիս փոքր ի շատե ճաշակ և շքեղություն։ Սենյակի պատի այն ճակատը, որ կողմում դրված էր թախտը, պատած էր նույնպես պարսկական գորգով։ Նրա վրա քարշ էին տված զանազան տեսակ զենքեր, զանազան տեսակ զինվորական և որսորդական պարագայք։ Երիտասարդը ծալապատիկ նստեց թախտի վրա, հրամայելով իր ծառային, որ տանե նամակաբերին իր մոտ ախոռատունը, իսկ ինքը բաց արեց նամակներից մեկը և սկսեց կրակի լույսով կարդալ։

Նախ ուշադրություն դարձրեց նա ստորագրությունների վրա։ Ստորագրությունների բազմությունը, որոնց յուրաքանչյուրի մոտ դրոշմված էր մի-մի կնիք, տալիս էր այդ նամակին ավելի հանրագրի ձև։ Առաջին տեղը բռնում էր Տաթևի վանքի վանահայր, միևնույն ժամանակ Ղափանի ամբողջ վիճակի առաջնորդ Ներսես եպիսկոպոսի խոշոր կնիքը։ Հետո կարգով շարված էին մյուս վանքերի եպիսկոպոսների և վարդապետների կնիքները։ Նրանցից հետո Սյունյաց աշխարհի զանազան իշխանների, մելիքների և