Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանուտերերի կնիքները վերջին տեղն էին բռնում։ Դրանցից շատերին երիտասարդը անձամբ ճանաչում էր, իսկ ոմանց անունները միայն լսած էր։ Նամակը սկսվում էր օրհնություններով և բովանդակում էր իր մեջ խիստ տխուր նկարագիր Սյունյաց աշխարհի ցավալի դրության մասին։ Նա պատկերացնում էր հայոց ճնշված ժողովրդի վերջին աստիճանի թշվառությունը, մահմեդականների անգթությունները, խաների անսահման բռնությունները, բնակիչների անդադար կոտորածները, գերությունները, հափշտակությունները, — բոլորը արյունով, արտասուքով և խորին ցավակցությամբ գրված։

«Դանակը ոսկորին է հասել․․․» — այս խոսքերով վերջանում էր նամակը — «մեր երեսին պատվի մի կաթիլ անգամ չեն թողել․․․ մեր կնիկներին, մեր աղջիկներին մեր աչքի առջև բռնաբարում են և մենք լուռ նայում ենք․․․ Մեր վանքերը, մեր եկեղեցիները անասունների ախոռատուն են դարձնում և մենք համբերում ենք․․․ Մեր տաճարների սրբությունները կողոպտում են և խաչերը շների շլինքից քարշ են տալիս, իսկ մենք ձայն հանել չենք համարձակվում․․․ Մեր զավակներին, մեր ձեռքից խլելով, օտար երկրներում վաճառում են, մենք արգելել չենք կարողանում․․․ Մեր ձեռքի վաստակը մեզանից հափշտակում են, մեզ թոնում են քաղցած, իսկ մենք բողոքել չենք կարողանում․․․ Ոչ ոք չէ լսում մեր ձայնը, ոչ ոք չէ սրբում մեր արտասուքը։ Մնացել է վերևում — աստված, իսկ ներքևում` դու, Դավիթ բեկ։ Խեղդամահ եղած հայրենիքի վերջին հառաչանքը կոչում է քեզ։ Լսի՜ր նրա ձայնը, լսի՜ր նրա աղաչանքը, օգնության ձեռք մեկնի՜ր։ Այն հայրենիքը, որ քեզ սնուցել է, որ քեզ կյանք է տվել, քեզանից կենդանություն է սպասում։ Մի թող տուր նրան իսպառ մահանալ։ Ժողովրդի հույսը քեզ վրա է դրած։ Քո հզոր աջը պետք է փրկե նրան։ Այդ է աստուծո և մեր տեր Հիսուս Քրիստոսի կամքը։ Ուրիշ ճար չէ մնացել․ ամեն բան փորձեցինք, ամեն հնար գործ դրեցինք, ամեն ստորություն հանձն առինք, բայց բռնակալի գազանությունը ամոքել չկարողացանք։ Մեր ստրկության լուծը օրըստօրե ծանրացավ, մեր վիճակի դառնությունը օրըստօրե սաստկացավ։ Այժմ ժողովուրդը ուխտել է կատարել մի վճռական գործ` կամ միանգամով կոտորվել և բնաջինջ լինել, կամ բոլորովին ազատվել մահմեդական բռնակալությունից։ Բայց ժողովրդին պետք է մի փորձված ձեռք, որ առաջնորդե նրան։ Այդ ձեռքը նախախնամության կամքով պետք է լինի քոնը։ Այն օրը,