երբ դու ոտք կկոխես հայրենիքի հողի վրա, ժողովուրդը մի մարդու պես կկանգնի և քո դրոշի ներքո կսկսե մաքրել երկիրը մահմեդական պղծությունից։ Ամեն ինչ պատրաստված է․ մնում է քո հրամանը, — և ահա ժողովուրդը կշարժվի․․․ Շտապի՜ր, Դավիթ բեկ, ազգը, հայրենիքը և եկեղեցին կանչում են քեզ և իրանց ազատությունը քո ձեռքից են սպասում․․․»։
Մի սոսկալի սարսուռ տիրեց երիտասարդի մարմնին, երբ նա ավարտեց նամակի ընթերցումը։ Նրա սիրտը սկսեց անհանգիստ կերպով բաբախել և ձեռքերը սկսեցին դողդողալ։ Նա ընկավ այն ցավալի դրության մեջ, որպես մի մարդ, որ հանկարծ լսում է սիրելի ծնողների մահվան բոթը։ Բայց այստեղ մեռնողը հայրենիքն էր, մեռնողը մի ամբողջ ժողովուրդն էր, իսկ ինքը — նույն ժողովրդի հարազատ որդին։ Հանկարծ զարթեցան նրա մտքում վաղեմի հիշողություննրը, որ մինչև այնօր հանգած էին։ Նա հիշեց այն հանդիսավոր խոստումը, որ երդումով ուխտել էր իր ծնողների գերեզմանի վրա։ Եվ կարծես, այդ թշվառների ուրվականները, նույն վայրկենում դուրս գալով իրանց հանգստի խորքից, լի հանդիմանական ցասումով, սկսեցին պախարակել նրան, «դու երդմնազանց ես․․․»։ Նա զգաց մի սարսափելի սոսկում և նամակը ցած ընկավ նրա ձեռքից։ Երկար նա գտնվում էր հոգեկան խորին խռովության մեջ, որպես մի հանցավոր, որ հանկարծ զգում է խղճի խայթը․․․ Ի՞նչ էր մինչև այնօր կապել նրան մի օտար երկրի հետ, ի՞նչն էր մոռանալ տվել նրան հայրենիքի թշվառությունը։ Այդ հարցը ծագեց նրա մտքում, երբ միանգամով պատկերացավ նրան տխուր և վշտալի անցյալը․․․
Նա շտապով բաց արեց երկրորդ նամակը։ Դա բարեկամի նամակ էր լի վաղեմի հիշատակների ջերմ զգացմունքներով։ Նրան գրել էր Ստեփաննոս Շահումյանը, Դավիթ բեկի մանկության ընկերը։
«Հիշի՜ր, Դավիթ, այն ցավալի օրը, — գրում էր նա ի միջի այլոց, — երբ ես Ֆաթալի խանի բանտումն էի, իսկ դու, ողբալի կրակի բոցերից մի բախտով ազատված, գտնվում էիր ծերունի ներքինապետի խնամակալության ներքո։ Հիշիր այն կրակը, հիշիր այն բոցերը, որոնց մեջ այրվեցան քո հայրը, քո մայրը, քո քույրերը։ Այն կրակը դեռ չի հանգել։ Նա հրդեհում է մեր ամբողջ հայրենիքը։ Նա ճարակում է մի ամբողջ ժողովուրդ։ Ո՞վ պիտի հանգցնե նրան, եթե ոչ այն մարդը, որ իր անձի վրա փորձել է նրա բոլոր դժոխային տանջանքը․․․