էինք և ամեն տուն մտնում էինք, երբ գինու լիտրան դատարկվում էր, այնտեղ լցնում էինք, հետո դուրս գալով, կրկին շարունակում էինք մեր զբոսանքը։
— Մի բան մոռացար, կաղ սատանա, — նրա բացատրությունը ուղղեց Բայինդուր իշխանը, գլուխը վեր բարձրացնելով մութաքայի վրայից․ — հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ։
— Հա՜, հետո մտանք սպարապետի տունը, նրան էլ քարշ տվեցինք մեզ հետ, — շարունակեց կաղ սատանան, ավելացնելով․ — սպարապետը պառկած էր, մենք նրան քնած տեղից զոռով վեր կացրինք։
Վերջին խոսքերը վերաբերում էին Մխիթար սպարապետին, որը այդ միջոցին հետաքրքրությամբ նայում էր Աղասու վրա։
— Ո՞վ է այդ երիտասարդը, — հազիվ լսելի ձայնով հարցրեց նա Դավիթ բեկից։
— Մեր կողմերիցն է, — պատասխանեց նա նույնպես կամաց ձայնով։
— Ի՞նչ գործ ունի այստեղ։
— Ես առավոտյան կասեմ քեզ․․․ — պատասխանեց Բեկը, և այդ խորհրդավոր խոսակցությանը վերջ տալու համար, դարձավ դեպի պառավ Քեթևանը, պատվիրելով, որ ընտրիքի սեղանը պատրաստեն։
Հյուրերը պատի երկարությամբ շարվեցան թախտի վրա, երբ Թինան և Դարոն մոտեցան և սկսեցին տարածել նրանց առջև ընթրիքի սեղանի սփռոցը։ Թախտը այնքան ընդարձակ էր, որ կարող էր տեղավորել իր վրա թե սեղանը և թե բազմականներին։ Կերակուրները տրվեցան պղնձե հասարակ պնակների մեջ։ Աղասուն ևս հրավիրեցին սեղանակից լինել։
Եթե կերակուրները կարելի է ընդունել որպես մի ժողովրդի ճաշակի նրբության արդյունք և որպես նրա բարեկեցության արտահայտություն, Աղասին այդ մասին ևս մի նպաստավոր կարծիք չկազմեց Վրաստանի վրա։ Կերակուրների մեջ չէր երևում ոչ պարսկական խոհանոցի կատարելագործությունը և ոչ հայկական բազմատեսակությունն ու համեղությունը։ Նրանք ավելի կույր և անշնորհք հետևողություն էին կովկասյան կիսավայրենի լեռնաբնակների` լեզգիների ու չերքեզների նահապետական խոհանոցին, քան թե ազգային ինքնուրույն ճաշակի արդյունաբերություն էին։ Տաք մոխրի մեջ խորոված սիմինդրի հացը նույնպես դեռ չէր դուրս եկել