Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իր նախնական դրությունից։ Հառաջադիմություն նկատվում էր միայն գինու գործածության անոթների մեջ, այստեղ արհեստը բավական զարգացած էր երևում։ Գինու լիտրան, որ դրած էր տոլուբաշիի (մատռվակի) մոտ, ներկայացնում էր ֆերուզայի գույնով ջնարակած մի ահագին աման, որ նախշած էր սև, անկանոն գծերով։ Նրանից ածում էին արծաթով զարդարած մեծ եղջյուրների մեջ և այնպես խմում էին։ Թիֆլիսի հայ ոսկերիչները թափել էին իրանց արհեստի բոլոր ճարտարությունը այդ գեղեցիկ գավաթների վրա, որոնցից երկուսը բավական էին մի մարդու հարբեցնելու համար։ Բայց նրանք երկար պտտվում էին մի ձեռքից մյուս ձեռք, թեև հյուրերը դեռ սեղան նստելուց առաջ մի փառավոր նախատոնանք կատարած էին Կախեթի ազնիվ ըմպելիի վերաբերությամբ։

Բեկը սկզբից խիստ տխուր էր և լուռ, բայց նրա մտախոհ դեմքը հետզհետե պայծառանալ սկսեց, որքան եղջյուրները շարունակում էին կատարել իրանց հանդիսավոր շրջանը։ Մխիթար սպարապետը նույնպես լուռ էր․ մնացած հյուրերի ուրախությունը արտահայտվում էր խառնաձայն աղաղակներով, վայրենի գոռում-գոչյուններով և երբեմն հատուկտոր երգերով։ Բոլորը եռանդով խմում էին։ Տոլուբաշին սպառնալիքներ էր կարդում այն սեղանակցի դեմ, որ կհամարձակվեր մինչ վերջին կաթիլը չդատարկել եղջյուրը։ Զեղծումներ գործելու դեպքում եղջյուրի մեջ մնացած հեղուկը թափում էին ծույլ, անշնորհք խմողի վրա։ Աղասուն վիճակվեցավ մի քանի անգամ մկրտվել Կախեթի կարմիր գինով, մինչև նա, այլևս չկարողանալով դիմանալ, աննկատելի կերպով դուրս գնաց, մտավ ախոռատունը և այնտեղ պառկեց իր ձիու մոտ։

Սենյակի մեջ աղմուկը, շփոթությունը հետզհետե ավելի խռովյալ կերպարանք էր ստանում։ Հարսները, աղջիկները գլուխները կորցրած, սեղանի շուրջը պտտվում էին, կատարելով հյուրերի անդադար հրամանները։

— Իմ պապը ամեն անգամ մի ամբողջ խորոված գառն էր ուտում, դու հիմա ինձ այդ ծտերո՞վ պիտի կշտացնես, ջադուբազ պառավ, — ասում էր շուշեցի Զաքարիա իշխանը, դառնալով դեպի Քեթևանը, և խորոված փասիանի ամբողջ կեսը իր բերանը դնելով, կարծես ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է հանգուցյալ պապի գովելի օրինակին հետևել։

— Քո պապը մի ամբողջ խորոված գառն էր ուտում, այդ ճշմարիտ է, — պատասխանում էր նրան Բայինդուր իշխանը ծիծաղելով․ — բայց գիտե՞ս, որ նա իր թրի մի զարկով ահագին եզան