Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սաքուլը, որովհետև այսպիսով տրեխներս մաքուր կմնան, իսկ երբ կհասնեմ թագավորի տանը, այն ժամանակ ոտներիս ցեխը կլվանամ, կրկին տրեխներս կհագնեմ և այնպես ներս կմտնեմ։ Այդ կարգադրությունը վատ չէր լինի, եթե ճանապարհին մի դժբախտություն չպատահեր։ Երբ նա շտապով վազում էր, հանկարծ մի մեխի կտոր խրվեցավ նրա մերկ ոտքի մեջ։ Ցավը այնքան սաստիկ եղավ, որ Սաքուլին ուշաթափ տուն տարան։ Երբ մեխի կտորը դուրս հանեցին, նա ուշի եկավ, և նայելով վերքից հոսող արյունին, ինքն իրան մխիթարեց այդ խոսքերով․ «Լավ էր, որ տրեխներս հագիս չէին, թե չէ, այդ անիծված մեխը կարող էր և տրեխս ծակել․․․»։

Այդ նշանավոր ժլատի համար ոտքի ծակվելը փույթ չէր, միայն թե տրեխները անվնաս մնային։

Սաքուլը ազգով հայ էր, բնիկ թիֆլիսեցի։ Նա ոչ տուն ուներ, ոչ կին ուներ, ոչ զավակներ և ոչ հեռավոր կամ մոտավոր տոհմայիններ։ Վրաստանում պարապվում էր վաշխառությամբ։ Վրաց ազնվականներից ոչ մեկը չկար, որ Սաքուլին պարտական չլիներ։ Ամեն մարդ թքում էր նրան, մրում էր նրան, ծեծում էր նրան, բայց դեռ ոչ ոք մինչև այն օր այնքան քաջություն չէր ունեցել, որ կարողանար Սաքուլի անողորմ տոկոսները չվճարել։ «Սաքուլը քարից փող կդուրս բերե» — այդ էր ամենի կարծիքը նրա մասին։ Վրաց ազնվականների ընդարձակ կալվածների արդյունաբերությունը հազիվ բավականանում էր լրացնել Սաքուլի տոկոսները։

Նա, ինչպես վերևում հիշեցինք, մի գնդաձև մարդ էր, տարիքը անցած հիսունից։ Նրա կարկատաններով պատած արխալուղը, կաբան, տրեխները, գտակը, իրանց ժամանակագրությամբ, գուցե քառորդ դարով միայն պակաս լինեին նրա տարիքի ամբողջ թվից, — և իր հագուստի այդ պատկառելի հնությունը ինքը Սաքուլը միշտ մեծ պարծանքով հիշում էր։ Եթե բոլորովին սխալ ևս համարվեր ժողովրդական նախապաշարմունքը, թե կարմիր-շիկամազ մարդիկը ադամորդու զարմ չեն լինում, այլ գետնի տակիցն են դուրս գալիս, — բայց Սաքուլի վերաբերությամբ այդ կարծիքը պետք էր բոլորովին ուղիղ համարել, մանավանդ երբ ի նկատի առնենք, որ նրա երեսի կաշին սպունգի պես ծածկած ու ծաղկատար էր։ Նրա նման մի չարագործ ոչ միայն դժվար էր գտնել ադամորդիների մեջ, այլ խավարի ծնունդների մեջ անգամ հազիվ թե կպատահեր մի այնպիսի գարշելի արարած։

Վերջին ժամանակներում Սաքուլը ավելի ընդարձակեց իր գործունեությունը