վրա։ Մի քանի րոպե դիակի նման անշարժ մնաց, հետո աչքերը բաց արեց, որ տեսնե, թե որտեղ է գտնվում։ Ոչինչ հասկանալ չկարողացավ։ Ամբողջ օրը թափառել էր նա, իսկ այժմ ո՞րտեղ էր բերել նրան չար բախտը, — դժվար էր գիտենալ։ Նա նայեց դեպի աստղալից երկինքը։ Այս գիշեր աստղերը ինչ-որ հանգիստ չէին, անդադար շարժվում էին և իրանց տեղում չէին կանգնում։ Ի՞նչ էր պատահել։ Աչքերը կրկին փակեց և մի քանի րոպե մնաց շփոթության մեջ։ Հետո դարձյալ բաց արեց, տեսավ, ամբողջ երկինքը պատվում էր իր շուրջը․ ամեն ինչ տակնուվրա էր լինում․ աստղերը նույնպես կամ դեպի աջ էին վազում, կամ դեպի ձախ․ զարմանալին այն էր, որ ինքն էլ նրանց հետ պտտվում էր։ Ինչո՞ւ էր այսպես լինում։ Մի՞թե աշխարհի վերջը հասել էր։ Նա աչքերը կրկին փակեց, որ ոչինչ չտեսնե։ Այժմ նրան տիրեց երկյուղի նման մի բան։ Սնահավատությունը, խառնված երկյուղի հետ, սկսեց սաստիկ խռովել նրա երևակայությունը։ Մտածում էր, թե մահվան տագնապի մեջ է գտնվում ինքը․ թե ահա շուտով կհայտնվի հոգեառ հրեշտակը և ամեն ինչ կվերջանա․․․ Բայց ինչո՞ւ էր ուշանում նա․ ինքը ուրախությամբ, մե՛ծ ուրախությամբ կցանկանար հանդիպել նրան։ Կյանքը նրանից ավելի անտանելի չէր կարող լինել, քան թե որ էր։ Այսպիսի հոգեկան տանջանքների մեջ երկար չարչարվում էր նա, մինչև փոքր-ինչ հանգստացավ։ Բայց աչքերը բաց անել չէր համարձակվում։ Աշխատում էր քնել, բայց քունն էլ մոտ չէր գալիս։ Ոչ մահը, ոչ քունը, այդ ի՞նչ պատիժ էր։ Արդյո՞ք սովածության պատճառով քնել չէր կարողանում, թե սրտի հուզմունքը խռովության մեջ էր ձգել նրան։
Նա աչքերը բաց արեց մյուս օրը, տեսավ, որ արեգակը կանգնել էր կեսօրվա տեղը․ սար, դաշտ և ձոր լցված էր պայծառ, անսահման լուսավորությամբ։ Գիշերվա խավարի հետ անցել էին և նրա սև մտքերը․ այժմ նրա սրտում տիրում էր խորին, անգիտակցական անդորրություն։ Պատճառը ինքն էլ չգիտեր։ Արդյոք իր շուրջը զարթած նոր կյա՞նքը, թե՞ աստուծո գեղեցիկ աշխարհի հրապուրանքը կրկին թափեցին նրա հոգում կյանքի քաղցրությունը, — այդ անկարող էր նա բացատրել, միայն նրա գունաթափ դեմքի վրա փայլեց մի անձնավստահ ժպիտ և նրա նույնպես գունատված շրթունքից դուրս թռան հետևյալ խոսքերը․ «Ես դեռ չի պիտի մեռնեմ․․․ ինձ հարկավոր է դեռ երկար ապրել․․․ ես ուխտ ուխտեցի իմ ծնողների գերեզմանի վրա․․․ ես երդումով նույն ուխտը կրկնեցի Սյուրիի և ծերունի ներքինապետի մոտ․․․ ես պետք է կատարեմ իմ խոստմունքը․․․»։