Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մոտ։ Հովիվը հասակն առած մարդ էր, այն լեռնային մարդերից մեկը, որ ստեպ անասունների հետ ապրելով, կորցրել էր բոլորը, ինչ որ մարդկային էր, և սեփականել էր վայրենի անասնականը։ Բայց, որպես երևում էր, նա իր ոչխարների նման միամիտ, միևնույն ժամանակ բարեսիրտ էր։

— Ի՛նչ սատանա ես, թե որ փայտը չվերառնեիր, իմ շները կպատառոտեին քեզ, — ասաց նա ծիծաղելով, որպես թե մի մեծ գյուտ էր արել իր նկատողության մեջ։

— Հա՜, եթե փայտը չվերառնեի, շները կպատառոտեին ինձ, — պատասխանեց պատանին ինքն էլ ծիծաղելով։

— Ի՛նչ սատանա ես, — կրկնեց նա, շարունակելով իր բարեսիրտ ծիծաղը, — ո՞րտեղից գտար այն փայտը, շատ հաստ փայտ էր։

— Այո՜ շատ հաստ փայտ էր, — ասաց պատանին, — այնտեղ ընկած էր, երևի կտրողները մոռացել էին։

— Անպատճառ, կտրողները մոռացել էին, — կրկնեց հովիվը․ — ի՛նչպես հասկացար, աստված է վկա, շա՜տ սատանա ես։

Կամենալով միանգամից վերջացնել փայտի պատմությունը, պատանին ոչինչ չպատասխանեց։ Բայց հովիվը դարձյալ կրկնեց․

— Այդ լավ է պատահել, որ կտրողները մոռացել էին, աստված է վկա, թե որ փայտը չլիներ, իմ շները քեզ կենդանի չէին թողնի։

— Այդ ես էլ եմ իմանում, — նրա իմաստուն կարծիքը հաստատեց պատանին։ — Այդ ոչխարները ո՞ւմն են։

— Ո՞ւմը պետք է լինեն, — պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ․ — մեծ պարոնի ոչխարներն են։

Մեծ պարոն ասելով, պատանին հասկացավ, թե ում մասին էր խոսքը, և սկսեց ավելի հարգանքով վերաբերվել դեպի իր խոսակիցը, երբ իմացավ, որ նա թագավորի հովիվն էր։

— Մեծ պարոնը ուրիշ ապրանք էլ ունի՞, — հարցրեց նրանից։

— Աշխարհումը ո՞վ ունի այնքան ապրանք, որպես մեր մեծ պարոնը, — պատասխանեց հովիվը զարմացական կերպով գլուխը շարժելով․ — այստեղ արածում են նրա ոչխարները, այնտեղ, սարի մյուս կողմում, արածում են երկու քսանից ավելի կովեր, նույնքան եզներ ու գոմեշներ։ Բացի դրանից, տասը էշ ունի, հինգ ջորի ունի, քսանից ավելի ձի ունի։

Այսքան ապրանք խո մեր Տաթևի մելիք Դավիթն էլ ունի, իր մտքուսը ասաց պատանին, ամենևին չզարմանալով մեծ պարոնի հարստության վրա։