— Այս օրերս էլ ընծա են բերել երկու ինչ-որ անասուններ, անունները չեմ իմանում, — ավելացրեց հովիվը։
— Ի՞նչ տեսակ անասուններ։
— Ինչ որ սատանայի նման անասուններ․ երկայն ոտներ ունեն, երկայն, ծուռ վիզ ունեն։ Քանի որ առաջ պարոնի դրանը զուռնա ածեցին, ողջ աշխարհը հավաքվեցավ այնտեղ․ նրանց դուրս էին բերել թամաշա էին անում։
— Ես էլ այնտեղ էի, տեսա, դրանք ուղտեր են․ մեր երկրում շատ կա․ չոքեցնում են, հետո բեռնում են։
— Դրուստ այդպես, չոքեցնում են հետո բեռնում են, ի՜նչ լավ իմացար, ճշմարիտ, շատ սատանա ես եղել։
Սատանա բառը, որ այնքան հաճախ գործ էր ածում հովիվը, նրա լեզվում բոլորովին այլ իմաստ ուներ․ դա նշանակում էր խելացի, ամեն բան իմացող, ամեն բան շուտ հասկացող։ Բայց զգուշանալով, մի գուցե ուղտի պատմությունն էլ այնքան հեռու տաներ շատախոս հովվին, որպես փայտի պատմությունը` նա կարճ կտրեց, սկսելով մի այնպիսի խոսակցություն, որից կարող լիներ տեղեկություն ստանալ փոքրիկ աղջկա մասին։
— Այդ ոչխարները օրը քանի՞ անգամ են կթում, — հարցրեց նա, իր շուրջը նայելով, որպես թե ոչխարներին է նայում։
— Քանի՞ անգամ պետք է կթեն, — պատասխանեց հովիվը իր խռպոտ ձայնով․ — երկու անգամ են կթում․ մեկը կեսօրին, մեկը երեկոյան, երբ ոչխարները տուն են դառնում։
— Կեսօրին, երևի, դաշտումն են կթում։
— Դաշտումը, ապա ո՞րտեղ։ Չտեսա՞ր, կնիկները կաթի կժերը տանում էին։
— Տեսա։ Երևի մեծ պարոնի տուն էին տանում։
— Ապա ո՞րտեղ պիտի տանեին։ Այնտեղ էին տանում։
— Այդ կնիկները ո՞վքեր էին։
— Ո՞վքեր պիտի լինեին․ մեծ պարոնի քոծերն էին։
Պատանին փոքր առ փոքր հասնում էր իր հետաքրքրության առարկային։
— Նրանց մեջ մի փոքրիկ աղջիկ կար, կարմիր դերիա ուներ հագած, ո՞վ էր նա։
— Դու Թամարի մասին ես հարցնում, — ասաց հովիվը բարեսիրտ ժպիտով․ — Թամարը մեծ պարոնի եղբոր աղջիկն է․ շատ անգամ քոծերի հետ գալիս է ոչխարների մոտ և երբեմն ինձ համար յուղով հաց է բերում։ Ես էլ նրա համար քաղում եմ անտառից