Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զկեռ, հոն, կաղին և ուրիշ պտուղներ։ Շավ լավ աղջիկ է Թամարը։ Եթե նրա մայրը չմեռներ, Թամարը այսպես չէր լինի։ Մեր այժմյան տիկինը լավ մտիկ չէ տալիս Թամարին։ Ախ, լավ է, որ տղան շուտով մեռնի ու խորթ մոր ձեռքը չընկնի։ Հանգուցյալ տիկինը շատ լավ տիկին էր․ ես դեռ պահել եմ տրեխները, որ մի անգամ նա ինձ ընծայեց։ Այնուհետև նա սկսեց պատմել, թե Թամարի մայրը մեռնելուց հետո, թեև նրա հայրը կրկին ամուսնացավ, բայց իր նոր կնոջ հետ ապրեց մի քանի տարի միայն։ Մի անգամ լեզգիների հարձակման ժամանակ, կռվի մեջ վերք ստանալով, մեռավ նա։ Այնուհետև Թամարը մնաց բոլորովին որբ, իր խորթ մոր ապով։ Այժմ թե Թամարը և թե խորթ մայրը կենում են մեծ պարոնի տանը, և մեծ պարոնը իր զավակներից չէ ջոկում Թամարին։ Վերջացնելով իր պատմությունը, հովիվը իր կողմից սկսեց հետաքրքիր լինել պատանու ի՜նչ ազգից և ո՜րտեղից լինելու մասին, հարցրեց, թե նա ի՞նչ է շինում վրաց երկրում․ ինչո՞վ է ապրում, և երբ պատասխան ստացավ, թե ոչինչ պարապմունք չունի, ասաց․ — Տեսնում եմ, որ դու քաջ տղա ես, շատ քաջ․ իմ շների ձեռքից մինչև այսօր մի մարդ էլ չի պրծել, իսկ դու նրանց շշկռացրիր։ — Կցանկանա՞ս ինձ մոտ մնալ։ — Քեզ մոտ ի՞նչ շինեմ, — հարցրեց պատանին ծիծաղելով։ — Ի՞նչ պիտի շինես․ ես ինչ որ շինում եմ, դու էլ այն կշինես, — պատասխանեց հովիվը, իր թավամազ հոնքերի տակ թաքնված աչքերը լայն բացելով և ուղիղ պատանու երեսին նայելով։ — Լսիր, տղաս, — շարունակեց նա, — իմ օգնականներից մեկը իմ ցուպը գողացավ, հետո փախավ․ հիմա ինձ մեկ մարդ է հարկավոր․ դու իմ օգնականը կդառնաս ու ինձ հետ ոչխարներ կարածացնես, մեծ պարոնի ոչխարները, հասկանո՞ւմ ես, դա պստիկ գործ չէ։ Այդ առաջարկությունը, թեև սկզբում շատ ծիծաղելի թվեցավ պատանուն, թեև նրան շատ հրապուրիչ չէր մեծ պարոնի հովվի օգնական լինելը, բայց, կարծես, մի ներքին ազդմամբ ստիպվեցավ նա հաշտվել այդ վիճակի հետ։ Գլխավոր շարժառիթը, որ դրդեց նրան կապվել այդ նոր պարապմունքի հետ, այն էր, որ սա առիթ կտար երբեմն տեսնել գեղեցիկ Թամարին, որի անբախտ պատմությունը մի կողմից, իսկ իրան ցույց տված կարեկցությունը մյուս կողմից, թողել էին նրա սրտում մի խուլ, համակրական զգացմունք, որը թեև ինքը բացատրել չէր կարողանում, բայց միանգամայն տիրել էր նրա հոգուն։ Բացի դրանից, նրան քաղցր էր,