Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Հիմա տեսնում եմ․․․ — պատասխանեց Թամարը, ավելի հետաքրքրությամբ նայելով դեպի հոտը․ — բայց շատ հեռու են, դժվար է գիտենալ, թե ում ոչխարներն են։

— Ես գիտեմ․․․ — ասաց Սալոմեն խորամանկ ժպիտով, — ձեր ոչխարներն են․․․

— Մեր ոչխարները այս կողմը չեն բերում։

— Այսօր բերել են․․․

— Ինչո՞ւ համար․․․ — հարցրեց Թամարը, և նրա ձայնը զգալի կերպով դողաց։

— Նրա համար, որ դու այստեղ ես․․․ — ասաց Սալոմեն այժմ ավելի վճռական կերպով։

Թամարը ոչինչ չպատասխանեց, գլուխը քարշ գցեց, բայց Սալոմեի սուր նկատողությունից անհայտ չմնաց, որ իր գեղեցիկ ընկերուհու մեծ, սևորակ աչքերը լցվեցան արտասուքով։

— Ա՛խ, Թամար ջան, քո հոգուն մատաղ, ես ամենևին նպատակ չունեի վիրավորելու քեզ, Թամար ջան, ինչո՞ւ ես լաց լինում, — անդադար կրկնում էր նա, իր գրկի մեջ խտտած ունենալով Թամարին, որը հեկեկալով ասաց․

— Ամենքը ծիծաղում են ինձ վրա․․․ դո՞ւ էլ ես ծիծաղում, Սալոմե, ես քեզ իմ աչքի լույսի պես սիրում էի․․․ ես քեզանից թաքուն ոչինչ չունեի․․․ ես բոլորը պատմեցի քեզ․․․։ Ի՞նչ անեմ, Սալոմե, ես էլ աշխատում եմ մոռանալ, հավիտյան մոռանալ «նրան», բայց որ չեմ կարողանում, էլ ի՞նչ անեմ․․․

Օրիորդի աչքերը ավելի ևս լցվեցան արտասուքով, և նա երեսը ծածկելով երկու ձեռքով, գլուխը քարշ գցած, նստեց մի քարի վրա, չկամենալով այլևս առաջ գնալ։ Սալոմեն ևս նստեց նրա մոտ, աշխատում էր մխիթարել նրան, սաստիկ փոշմանելով իր անզգուշության վրա, որով ավելացրեց իր սիրելի ընկերոջ սրտի տխրությունը և նոր ցավ պատճառեց նրան։ Մյուս աղջիկները արդեն գնացել էին բավական հեռու և վազվզում էին կանաչների մեջ։

Այդ ժամանակ մատուռի մոտ հասավ մեծ պարոնը իր թիկնապահների և ազնվականների հետ։ Բոլոր բազմությունը մի կողմ քաշվեցավ ճանապարհ բաց անելու համար։ Նրանք ցած իջան ձիաներից և խումբով դիմեցին դեպի մատուռի փլատակները, նախ համբուրելու և իրանց ուխտը կատարելու համար, որ այնուհետև սկսեն հանդեսը։ Տոնախմբությունը կառավարող աբեղան, եկեղեցական դասի հետ, խաչը ձեռքին, բուրվառներով, երգելով