Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիմավորեցին նրան։ Մեծ պարոնը առաջ անցավ և դիմեց դեպի մատուռի սեղանը, որ միայն ամբողջ էր մնացել ընդհանուր ավերակների մեջ։ Նրա հետ եկողները հետևեցին նրան։ Սեղանի վրա դրած էին` խաչ, Ավետարան և մի քանի սրբոց մասունքներ։ Նրանց մոտ դրած էր մի թաս գանձանակի համար։ Մեծ պարոնը համբուրեց խաչը, Ավետարանը, սրբոց մասունքները, գցելով գանձանազի թասի մեջ մի քանի ոսկի դրամներ։ Նրա սվիտան հետևեց նրա օրինակին։ Եկեղեցականները դեռ երգում էին, ուշադրությամբ նայում գանձանակի թասի վրա, որ այժմ բավական նախանձելի դրության մեջ էր գտնվում։ Կրկին անգամ համբուրելով սրբությունները, մի քանի անգամ անխորհուրդ կերպով խաչակնքելով, նրանք հեռացան մատուռից և սկսեցին դիմել դեպի դարևոր ընկուզենիները, որոնց նվիրական հովանիների ներքո հանգստանում էր իշխանական գերդաստանը։ Վրաց «մեծ մայրը»՝ մեծ պարոնի տիրուհին, դեռ եռանդով շարունակում էր նարդու խաղը Մելանիա իշխանուհու հետ։ Թամարի խորթ մայրը դեռ տաք-տաք խոսում էր պառավի հետ։ Օրիորդները տակավին չէին վերադարձել իրանց զվարճալի զբոսանքից։ Մեծ պարոնը մի բարձրահասակ տղամարդ էր, այն հսկա տղամարդերից մեկը, որ ստեղծում է Կովկասը, հետևելով իր լեռների բարձր գագաթներին։ Կախեթու գինու բարերար ազդեցությունից երեսի թրթշնած, անհարթ կաշին բոլորովին կարմիր գույն էր ստացել լուրջի հետ խառնված։ Նույն գույնը տարածվում էր նրա ականջների և խորշոմներով պատած, ծալ-ծալ պարանոցի վրա։ Աչքերի մեջ արյուն կար․ այդ տալիս էր նրան մի առանձին վայրենի բնավորություն, որը միևնույն ժամանակ արտահայտում էր կատարյալ անհոգություն։ Բոլորովին ածելած երեսի վրա հաստ բեղերը ձգվում էին մինչև ականջները։ Բեղերի վրա առանձին ուշադրություն էր դարձրած․ բացի շրթունքի մազերից․ ավելացրած էր նրանց հետ և մեծ քանակությամբ ծնոտի մազերից։ Գլխին դրած ուներ բուխարայի սև մորթից փոքրիկ գտակ, որ թեքված էր դեպի աջ ականջի կողմը։ Հագել էր վարդագույն մախմուրից կարված, կարճ քուլաջա, զարդարած ոսկեթել եզերքով։ Մեջքը գոտևորած էր ոսկի քամարով, որից քարշ էին ընկած` առջևից արծաթապատ, երկայն խենջարը, իսկ կողքից, նույնպես արծաթով պատած, կեռ թուրը։ Խաչմազի մետաքսյա կերպասից կարված լայն շալվարի ստորին մասերը խրած էին մոխրագույն կաշուց