Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պատրաստած լափչեքի մեջ, որոնք Թիֆլիսի հմուտ խարազների ձեռագործն էին։ Մեծ պարոնի սվիտան թե՜ հագուստի ձևերով և թե՜ զենքերով չէին զանազանվում նրանից․ տարբերությունը միայն հագուստների նյութերի և գույների մեջն էր, որոնք աչքի էին զարկում իրանց վառ խայտաբղետությամբ։

— Ինչո՞ւ այսքան ուշացար, — հարցրեց մեծ պարոնի տիրուհին, նարդու խաղատախտակը մի կողմ դնելով, և ուրախ ժպիտը երեսին ոտքի վրա կանգնելով, երբ նրա վեհափառ ամուսինը իր խումբի հետ մոտեցավ կանանց հասարակությանը։

— Ինչպե՞ս չուշանայի, — պատասխանեց նա որոտաձայն խրոխտումով․ — այդ անպիտան Արչիլը ժամերով պահեց ինձ։

Արչիլը ուրախությունից սկսեց ծափ տալ։ Բայց տիրուհուն սաստիկ հետաքրքրում էր, թե «անպիտանը» ի՞նչ առիթով կարող էր ուշացնել իր ամուսնին։ Երբ բոլորը նստեցին գորգերի վրա, ինքն էլ բռնելով իր ամուսնի ձեռքից և նստացնելով մութաքայի վրա, հարցրեց․

— Ի՞նչ բանի վրա էր վեճը։

Դեռ մեծ պարոնը չպատասխանած, Արչիլ թավադի որդին առաջ ընկավ։

— Ի՛նչ բանի վրա պիտի լիներ, տիրուհի, — ասաց նա, մի առանձին սնապարծությամբ կանգնելով կանանց հասարակության առջև, — մենք վիճում էինք այն բանի վրա, թե ով ում ո՞րքան պիտի վճարե, եթե նրա խոյը հաղթող կհանդիսանա։

— Մի՞թե պիտի կռվացնեք այսօր, — հարցրեց տիրուհին ժպտելով, — այդ լա՛վ է, մենք էլ լավ թամաշա կունենանք, դարձավ նա դեպի մյուս իշխանուհիները, որոնք բոլորն էլ պատասխանեցին նրա ուրախությանը նույնպես ուրախ ժպիտներով։

— Պիտի կռվացնենք, — պատասխանեց Արչիլ թավադի որդին նույն սնապարծությամբ։ — Տեսնո՞ւմ եք իմ խոյը, փի՛ղ է, փի՛ղ․ նրա հատը ամբողջ Վրաստանում չկա։

Բոլոր իշխանուհիների աչքերը դարձան դեպի մատուռի ավերակները, որի շուրջը այդ միջոցին պտտեցնում էին թե Արչիլ թավադի որդու խոյը, թե Լևան թավադի որդու շունը և թե այն բոլոր անասունները, որ այսօր պիտի մրցություն կատարեին։ Պտույտը նվիրական սրբավայրի շուրջը պիտի կատարվեր յոթն անգամ, որպեսզի օրվա հերոսները ուժ և զորություն ստանային։ Երբ այդ խորհուրդը վերջացավ, նրանց տարան առանձին տեղերում պահելու, մինչև հանդեսի սկսվելը։ Բայց Ալեքսի և Զաքարա