Այս էջը սրբագրված է
աղայից կնիքներ շինելու համար, — պատասխանեց հրեան կեղծ բարեմտությամբ։
— Կնիքներ օտար մարդկանց անունով։ — Հասկանու՞մ ես…
— Հասկանում եմ… — կրկնեց հրեան խորհրդավոր ձայնով։ — Բայց թող չնեղանա աղան, Հարունը իր մատները կկտրի, ու այդպիսի բան չի շինի։
— Յուրաքանչյուր կնիքի համար կստանաս հինգ ոսկի։
Հրեան բացասական կերպով գլուխը շարժեց։
— Տասը ոսկի, — ավելացրեց իշխանը։
Նա դարձյալ գլուխը շարժեց։
— Տասնևհինգ ոսկի։
— Անկարելի է, աղա, փողի համար չէ իմ խոսքը, ինչքան էլ կուզեք, ավելացրեք։ Եթե կարելի լիներ, ես ձեզանից ոչինչ չէի առնի, և, ինչպես ասեցի, առանց փողի կշինեի։ Այն էլ բավական էր, որ աղան քաղցր աչքով կնայեր ինձ վրա։
Հետո նա սկսեց երկար ու բարակ պատմել, թե ինչ ուխտ է դրել` երբեք կեղծ կնիքներ չշինել։ Թե մի անգամ սատանան մոլորեցրեց նրան և մի այսպիսի մեղք գործեց․ այն օրից իր գործերը չեն հաջողվում, երևի, աստված բարկացավ նրա վրա, և նրա խարդախությունը հայտնվեցավ։ Դատավորը քիչ էր մնում, որ նրա ձեռքը պիտի կտրել տար։ Ստիպվեցավ ահագին կաշառք տալ և ձեռքի փոխարեն կտրեցին մորուքը։ Այդ էլ մի հրեայի համար շատ մեղք բան է։ Մովսեսը հրամայել է մորուքը չխուզել։ Եվ դրա համար հրեաները առանձին հարկ են վճարում պարսից խաներին, որ թույլ տան նրանց մորուք կրելու։ Թե ինքը առաջ շատ երկայն մորուք ուներ, բայց այն օրից, որ խուզեցին, կարճացավ։
— Ես հիմա կերկարացնեմ քո մորուքը, — ասաց իշխանը փոքր-ինչ խռովյալ ձայնով։
— Ինչպե՞ս…
— Ահա այսպես…
Իշխանը բռնեց նրա մորուքից, որ շատ էլ կարճ չէր, սկսեց սաստիկ թափ տալ։ Հրեայի գլուխը զարկվեցավ պատին․ նա գոչեց․
— Վա՛յ, վա՛յ… կշինեմ, թող տուր…
Կինը այս տեսնելով, ճիչ բարձրացրեց և վազեց ազատելու իր այրիկը։ Իշխանը թողեց մորուքը։ Հրեան, որի գլուխը պատին զարկվելով, ուշաթափ էր եղած, կրկին զգաստացավ, և դեռ աչքերը չբացած, ասաց․