Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կշինեմ, բայց քսան ոսկուց պակաս չեմ առնի։

— Անպիտան, դու խո առաջ փող չէին պահանջում, — ասաց իշխանը ծիծաղելով։

— Ապա մորուքս որ այսքան քաշեցիք, դա ոչինչ չարժի՞, — պատասխանեց հրեան ինքն էլ ծիծաղելով։

Իշխանը զարմացավ անամոթության վրա։ 

— Ախար ձեր ծառան էլ ապտակ տվեց, — ավելացրեց նա, — ա՛խ, ո՜րքան ծանր է անիծվածի ձեռքը…

Հարունը այնպես էր խոսում այդ բոլորի վրա, կարծես նա շատ կվիրավորվեր, եթե նրան չծեծեին։ Ոսկիները նրան մոռանալ էին տվել մարմնի ցավերը։ Նա խնդրեց իշխանից ցույց տալ, թե ինչ անուններով և ինչ տեսակ կնիքներ է կամենում։ 
Իշխանը հանեց իր ծոցից թղթերի մի մեծ կապոց, որոնց վրա դրոշմված էին քառասունի չափ կնիքներ զանազան ձևերով և զանազան տառերով։ Նրանց մեջ կային եպիսկոպոսների, քահանաների, իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքներ, հայերեն կամ պարսկերեն տառերով։ 

— Դրանցից մի քանիսը իմ ձեռագործն է, — ասաց վարպետը ակնոցները քնթի ծայրի վրա դնելով, և ուշի-ուշով քննելով կնիքները, — բայց սատանայի աշխատություն պետք է այս բոլորին ճշտությամբ նմանացնելու համար։

Միևնույն ժամանակ նա իր մտքում հաշվեց այն խոշոր գումարը, որ պիտի ստանար քառասուն կնիք փորագրելու համար, և սրտի հրճվանքը թաքցնելով, հարցրեց․

— Թող իմ տերը չբարկանա համարձակությանս վրա, փողերը ե՞րբ կարող եմ ստանալ։

— Կեսը այս րոպեիս, իսկ մյուս կեսը` երբ աշխատությունը կվերջանա։

Հրեան առանց հարցնելու, թե ի՞նչ նպատակով է իշխանը փորագրել տալիս այդ կնիքները, սկսեց բացատրել այն բոլոր վտանգները, այն բոլոր աշխատությունները, որ ինքը հանձն է առնում իշխանի պատվերը կատարելու համար։ Նա ասաց, թե ինքը ստիպված կլինի մի ամբողջ ամիս իր խանութը կողպել և տանը աշխատել, որովհետև այսպիսի աշխատությունը բազարում, հրապարակավ չեն կատարում։ Եվ այդ ժամանակ նա իրան կձևացնե իբրև հիվանդ, տանը պառկած։ Բայց որքան վնաս կկրե, երբ մի ամբողջ ամիս, գուցե ավելի, նրա խանութը կողպված կլինի։ Այդ ժամանակ նրա ոսկերչության առևտուրը պիտի դադարի։ Բայց այդ