Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մելանիան կարմրեց։ Նրա ամուսին այրի հանաքը թելադրեց մեծ պարոնին առաջարկել հենց նախ գեղեցիկ Մելանիայի կենացը։ Նա լիքը բաժակը ձեռին, շնորհալի կերպով վեր կացավ, և բոլորի հետ «պռոշտի» անելուց հետո, գլուխ տվեց և ապա խմեց։

— Այդ աստված կվեր առնի՞, որ իմ կնոջը իմ աչքի առջև համբուրում են, — ասում էր տոլուբաշին, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով։ — Եկ, Մելանիա ջան, մոտ եկ, քո հոգուն մատաղ, եկ ես էլ համբուրեմ, — աղաչում էր նա իր տիկնոջը։ Բայց տիկինը չմոտեցավ նրան, անվայել համարելով հրապարակավ իր ամուսնի հետ համբուրվելը։

— Տեսնո՞ւմ եք, ի՜նչ «թարս» բաներ են այդ կնիկները, — ասում էր տոլուբաշին, այժմ ձեռքերը իր ծնկների վրա խփելով․ — հրապարակավ ուրիշների հետ կհամբուրվեն, բայց իրանց ամուսնի հետ ամոթ կհամարեն։

Բոլորը ծիծաղեցին։

Այդ միջոցին Լևան թավադի որդին, իր շուրջը աչք ածելով, որոնում էր Թամարին։ Նա մտածում էր առաջարկել նրա կենացը, որ դրանով առիթ ունենա իր վաղուց ցանկացած համբույրը քաղել նրա սիրուն շրթունքից։ Բայց Թամարը չերևացավ, օրիորդներից դեռ ոչ մեկը չէր վերադարձել զբոսանքից։ Նա առաջարկեց պառավ իշխանուհու կենացը, որը խիստ գոհունակությամբ վեր բարձրացավ իր տեղից և սկսեց իր չոր ու ցամաք շրթունքը կպցնել բազմականների շրթունքներին։ Երբ մոտեցավ նա տոլուբաշուն, վերջինս ծիծաղելով ասաց։

— Եթե մի «խերով» բան լինեիր, ինձ մոտ չէիր գա։

Մինչ այստեղ երկրի պետերը զվարճանում էին, մինչ զուռնան և նաղարան որոտում էր, ուխտավորների բազմության մեջ, պարկապզուկը թևքի տակը դրած, դանդաղ քայլերով շրջում էր ժողովրդական բանաստեղծը։ Ամենի մոտ ածում էր նա, ամենի մոտ երգում էր, և ամեն տեղ նրան տալիս էին կամ մի պատառ հաց, կամ սև փող։ Նա իր շրջանը կատարելով, մոտեցավ իշխանական սեղանին, և որպես մարմնացած բողոք, սկսեց երգել։

Ճըտիկ, ճըտիկ, նախշուն փետրիկ, մեծացիր,
Քեզ կուտ կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական։