Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ



Հորթիկ, հորթիկ, նախշուն մորթիկ, մեծացիր,
Քեզ խոտ կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական։

Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ, մեծացիր,
Քեզ հաց կտամ, շուտ մեծացիր, չաղացիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Քեզ պարոնին ընծա կտամ պատվական։

Եզիկ, եզիկ, իմ քաջ եզիկ, աշխատիր,
Վարը վարիր, ցանքը ցանիր, կալ կալսիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Ես պարոնին ընծա կտամ պատվական։

Կնիկ, կնիկ, սիրուն կնիկ, աշխատիր,
Մանը մանիր, կարը կարիր, շուտ պրծիր,
Երբ գըզիրը տուրքը կուզե տարեկան,
Ես պարոնին ընծա կտամ պատվական։

Աստղիկ, աստղիկ, փայլուն աստղիկ, խավարիր,
Ինձ քեզ մոտ տար, այս կյանքիցը ազատիր,
Շա՜տ գործեցի, վաստակեցա, հոգնեցա,
Իսկ պարոնիս գոհացնել ես չկրցա։

Նա ավարտեց իր երգը։ Բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նրա քնարի տխուր հնչյունները խլացան, անհետացան զվարճասեր ազնվականների ընդհանուր աղմուկի մեջ․․․

Ժ

Կեսօրին բավական անցել էր արդեն։ Ծառերի ստվերները դարձել էին դեպի արևելք։ Սիկոն, մեծ պարոնի հովվապետը, իր երկայն ցուպը նեցուկ տված նույնպես երկայն իրանին, անշարժ արձանի նման կանգնել էր մի բարձրավանդակի վրա և այնտեղից արծվի աչքերով նայում էր դեպի հեռուն, ուր ուխտավորների բազմությունը դեռ ամբոխվում էր, դեռ խլրտվում էր մատուռի շուրջը։ Կարծես, այդ հեռավորությունից նա որոշում էր բոլոր անձնավորությունները,