— Սուտ է խոսում, շան նման սուտ է խոսում․․․ ես գիտեմ, թե ո՜րտեղ են նրա փողերը․․․
Հետո նա սկսեց լաց լինել և արտասուքը աչքերում պատմել, թե ամբողջ օրերով մնում է տանը քաղցած, երբ ամուսինը խանութից վերադառնում է, հարցնում է, թե ինչու՞ հաց չբերեցիր, նա միշտ պատասխանում է` «մոռացա»։ Եվ երբ ինքը շատ է խոսում, նա սկսում է ծեծել։
— Սու՜ս կաց, Եսթեր, քեզ ասում եմ` սու՜ս կաց, — անդադար կրկնում էր բարկացած ամուսինը։
— Չէ՜, սուս չեմ կենա, դու իմ այս տեղը հասցրիր, — և նա մատը դրեց իր կոկորդի վրա։
— Սուտ է խոսում, աղա, ես նրան երբեք չեմ ծեծել․ թող աստված իմ ձեռքը չորացնե, եթե մի անգամ գոնե նրան ծեծած լինիմ։
— Չե՞ս ծեծել, հենց այսօր ծեծեցիր։ Հիմա ցույց կտամ․․․ — ասաց կինը սպառնալից դեմքով, և բոլորովին մոռանալով իրան, մոտեցավ իշխանին։ Նա գլուխը թեքեց, ցույց տվեց իր գեղեցիկ երեսը, որի վրա երևում էին մի քանի կապույտ նշաններ։ Հետո նա շտապով բաց արեց շապիկի օձիքը, մերկացրեց իր թիկունքը, այնտեղ ևս կային մի քանի կապույտ նշաններ։ Իշխանը բոլորովին հիացավ, տեսնելով այդ հարուստ, սքանչելի մարմինը կեղտոտ ցնցոտիների մեջ։
Բայց Հարունի բարկությանը չափ չկար․ նրա շիլ բիբերը բոլորովին թաքնվեցան աչքերի կոպերի տակ։ Նա իր մտքում ասում էր․ «Հիմա խո կգնա այդ մարդը, ես այն ժամանակ քո կապուտակների թիվը կրկին կավելացնեմ․․․»։
Եսթերը կարծես գուշակեց նրա միտքը և կնիկների սովորական թուլությամբ, տեսնելով իր առջև մի գերազանց ուժ, աշխատեց նրա մեջ պաշտպանություն գտնել ամուսնի բռնության դեմ։
— Դու դրա վիզը կկտրես, երբ մյուս անգամ կծեծե ինձ, այնպես չէ՞, — հարցրեց նա իր գեղեցիկ, անբախտությամբ լի աչքերը դարձնելով դեպի իշխանը։
Իշխանին խիստ անախորժ էր դատավոր լինել մի այսպիսի ընտանեկան կռվի, բայց մանկահասակ կնոջ վրդովմունքը, նրա թշվառությունը և ծերունի ամուսնի անգթությունը այն աստիճան ազդեցին նրա վրա, որ պատասխանեց․
— Կկտրեմ․․․