կարողացավ ազատվել, ուրանալով, թե նամակները իր գրածը չեն, այլ իր կնիքը գողանալով, դրոշմել են նրանց վրա։ Այդ պատճառաբանությունը, իհարկե, բավական թանկ նստեղ նրան, որովհետև կաթողիկոսի բացակայության ժամանակ, երբ նա Վրաստանումն էր, պարսիկները եկան Էջմիածինը կողոպտեցին։
Դավիթ բեկը դեռ Վրաստանում էր, երբ կատարվեցան այդ բանակցությունները։ Նա ինքը աշխատում էր, որ հայոց կաթողիկոսի միջնորդությունը ապարդյուն չմնա, բայց վերջը ցավելով հասավ այն համոզմունքին, թե հայերի և վրացիների մեջ միություն կազմելը անհնարին է։ Վրացիները ավելի բարվոք էին համարում իրանց կամ ռուսների գիրկը գցել, կամ պարսից ծանր լծի տակ մնալ, կամ օսմանցիներին հրավիրել, — բայց ոչ երբեք միանալ հայերի հետ և ազատ լինել։ Այդ երկու համանման վիճակի մեջ գտնվող, համանման պայմանների ենթակա ազգերի միմյանց դեմ ունեցած ատելությունը սաստիկ վշտացնում էր Դավթի զգայուն սիրտը։ Նրա հեռատես աչքը խիստ պարզ տեսնում էր, թե ի՜նչ բախտավոր ապագա կարող էին պատրաստել այդ երկու հարևան ազգերը, եթե իրանց շահերը միացնեին, եթե ձեռք ձեռքի տված, մի սրտով, մի հոգով տանեին իրանց ընդհանուր գործերը։ Ո՞ր սատանան մտցրեց այդ դարևոր ատելությունը երկու ազգերի մեջ — այդ միտքը սաստիկ տանջում էր Դավթին։ Բայց ի՞նչ կարող էր անել, դարերով կազմված նախապաշարմունքին դարեր հարկավոր էին ոչնչացնելու համար, իսկ նրան պետք էր շուտափույթ ձեռնարկություն իր հայրենիքի փրկության համար։ Այդ էր պատճառը, որ նա բաժանվեցավ Վախթանգից առանց իր դիտավորությունը նրան հայտնելու, երբ նկատեց, թե վրացիների վրա հույս դնելն անօգուտ էր։
Դավիթ բեկի հեռանալուց հետո Վրաստանը սաստիկ պատժվեցավ։ Պարսից կառավարությունը նկատելով Վախթանգի համակրությունը դեպի ռուսները, հրամայեց Կախեթիայի կառավարիչ Կոնստանդինին տիրել Թիֆլիսը և հրաժարեցնել Վախթանգին Կարթալինիայի իշխանությունից։ Կոնստանդինը մի այսպիսի հրամանի էր սպասում, որ իր վաղեմի բաղձանքը իրագործե և Թիֆլիսը իր ձեռքը գցե։ Նա միացավ լեզգիների հետ, եկավ տիրեց Թիֆլիսը, նրան ավերակ դարձրեց և մինչև անգամ կողոպտեց Սիոնի եկեղեցին։
Թիֆլիսի առումից հետո Վախթանգը փախավ Իմերեթիայի կողմերը։ Բարեսիրտ իշխանը այնուհետև շատ աշխատեց կրկին