ոչխարները այսպիսի մթին, խեղդված խորշերի կարոտություն չունեին, լեռների արձակ, բացօթյա կյանքը ավելի լավ էր նրանց համար։ Անասունների այդ խավար պատսպարանը այժմ ծառայում էր որպես մարդիկների զնդան։ Խանը այնտեղ էր բանտարկում իր կալանավորներին։ Նա կատարելապես լաբիրինթոսի ձև ուներ․ մի ահագին գետնափոր խոռոչ, ոլորմոլոր պտույտներով, տարածվել էր ժայռերի սրտի մեջ։ Անասունների բորբոսած ապականությունը, ամբարվելով այնտեղ, ավելի անտանելի էր դարձնում առանց օդի և լույսի այրը, ուր տիրում էր մշտական խոնավություն, խեղդող ժահահոտության հետ։
Տղամարդը ձեռքերի փոքրիկ լապտերով դեռ լուսավորում էր այրի մուտքը և խարխափելով առաջ էր գնում, իսկ տիկինը հետևում էր նրան։ Նրանք հասան մի տեղ, ուր այրի նեղ անցքը լայնանում էր, կազմելով մի ընդարձակ քարանձավ։ Այստեղ ներկայացավ նրանց առջև մի սարսափելի տեսարան։ Մոտ երկու հարյուր բանտարկյալներ, առանձին ղ ա թ ա ր ն ե ր ո վ[1], պառկած էին սառն և խոնավ գետնի վրա։ Յուրաքանչյուր ղաթարը բաղկացած էր քսան հոգուց։ Մի երկայն շղթա, որի ծանր օղակները անց էր կացրած նրանց պարանոցով, կապում էր բոլորին միասին։ Շղթայի այն օղակը, որ անց էր կացրած նրանց պարանոցով, ավելի լայն էր մյուսներից և ետևից ամրացրած էր եկրաթե կողպեքով։ Այդ մի սոսկալի դրություն էր ողորմելի կալանավորների համար։ Երևակայեցեք, քսան մարդիկ համարյա կարված են մինը մյուսի հետ։ Բոլորի պարանոցները միևնույն շղթայով կապված լինելով, նրանք ստիպված էին միասին կանգնել, միասին նստել, միասին պառկել, մի խոսքով, ամեն շարժում պետք է միասին գործեին, այլ կերպ անհնարին էր։ Որովհետև, եթե մեկը պառկեր, երբ մյուսները նստած էին, կարող էր խեղդվել․ եթե մեկը կանգներ, երբ մյուսները նստած էին, նույնպես կարող էր խեղդվել։
Մի ծանր սոսկում տիրեց տիկնոջ սրտին, երբ նա տեսավ այդ թշվառ, դատապարտված բազմությունը։ Նրա աչքերի առաջ սևացավ և փոքր էր մնում, որ ուշաթափ լիներ։ Նա թիկն տվեց քարանձավի պատին և մի քանի րոպե մնաց անշարժ, խորին տրտմության մեջ։
- ↑ Ղաթար նշ․ շարք, այսպես է կոչվում, երբ ուղտերին, ջորիներին և ձիաներին թոկով կապելով միմյանց հետ, խումբեր են կազմում։