Տեսնելով լապտերի լույսը, բնատարկյալներից մի քանիսը շարժվեցան․ նրանք բարձրացրին իրանց գլուխները և կրկին դրեցին խոնավ գետնի վրա, չկամենալով զարթեցնել իրանց մոտ պառկած ընկերներին։
Տիկնոջը դժվար էր ճանաչել իր ծպտյալ հագուստի մեջ․ նա նմանում էր մի գեղեցկադեմ պատանու, որի նմանները խիստ շատ էին խանի մանկլավիկների թվում։ Երբ նա մի փոքր ուշքի եկավ, նրա ուղեկիցը մոտեցավ, ասելով․
— Մենք ուշանում ենք․․․
Երկուսը միասին մոտեցան շղթայակապների մի խումբի, որ գտնվում էր քարանձավի խորին անկյունում։ Նրանցից մեկը վիրավոր էր։ Տիկինը գթության քրոջ ցավակցությամբ սկսեց բաց անել նրա վերքի փաթոթները։ Դա մի պատանի էր, որ հազիվ քսան տարեկան կլիներ։ Նվաղած, արյունաքամ եղած այդ մանուկը, պատերազմի դաշտում ընկած Արայի նման, հանկարծ կյանք ստացավ, երբ իր Շամիրամի դյութական մատները դիպան նրա մարմնին։ Վերքը գտնվում էր գլխի վրա․ թշնամու սուրը խորին սպի էր թողել նրա գագաթի վրա։ Տիկինը սկսեց լվանալ վերքը և սրբել մաքուր կտավով։ Նրա հետ եկող տղամարդը սպեղանի դրեց, իսկ տիկինը դարձյալ փաթաթեց վիրակապերով։ Այդ բոլոր գործողությունը կատարվում էր լուռ և անխոս կերպով։ Բայց ոչ ոք չկարողացավ նկատել` այն րոպեում, երբ տիկնոջ հոգատար մատները զբաղված էին վիարվորի փաթոթներով, պատանու գունաթափ շրթունքները տենդային ջերմությամբ սեղմվեցան իր խնամակալի ձեռքի վրա։ Այդ ամենաթանկագին վարձատրությունն էր, որ ստացավ նա իր գիշերային այցելության համար։ Նա պատրաստ էր գրկել, համբուրել այդ գեղեցիկ, շղթայակապ վիրավորին, բայց խեղդելով իր մեջ սիրո բուռն զգացմունքը, տխուր, սպանված սրտով վեր կացավ նա, ասելով հիվանդին․ — քո վերքը հիմա բավական լավացած է, ես ամեն գիշեր կայցելեմ քեզ մոտ, մինչև բոլորովին կառողջանաս։
— Իմ վերքը․․․ — կոչեց հիվանդը դառն հառաչանքով, — իմ վերքը կմնա անբուժելի․․․ նա այնքան խորն է, որ բժշկի ձեռքը հազիվ թե կարող է շոշափել այնտեղ․․․
Պատանու խոսքը իր սրտի վերքի մասին էր։ Տիկինը պատասխանեց․
— Ես այն էլ կբժշկեմ․․․
Նա վերջին անգամ իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը