Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արեգակը արդեն ծագել էր։ Վանքի ծառազարդ շրջակայքը վառվում էին առաջին ճառագայթների ջերմ լույսով։ Առավոտյան ժամերգությունը ավարտված էր։ Վանքի բազմաթիվ միաբանները դուրս գալով աստուծո տնից, այլևս իրանց սովորության համեմատ չէին նստած բակի ծառերի հովանիների տակ և ժամանակը սպանում դատարկ շատախոսություններով կամ բամբասանքով։ Նրանք առանձնացել էին իրանց մթին խցերում, ինչ-որ գործով լուռ ու մունջ զբաղված էին։ Եթե մեկը աներևույթ հոգու նման մտներ նրանց փակված խցերի դռնից, կտեսներ, որ այս Սաղմոս և Նարեկ կարդացող ծույլ մարդիկը, նստած իրանց մենարանների խուլ գաղտնարանում, վառոդից և գնդակներից փամփուշտներ են շինում։

Այդ միջոցին վանքի ախոռապետ հայր սուրբը ներս մտավ սրբազանի սենյակը, հայտնեց, թե ձիաները պատրաստ են։

— Իսկ թվանքչիները (հրացանավորները) նույնպես պատրա՞ստ են, — հարցրեց սրբազանը։

— Պատրաստ են, որպես հրամայեցիք, տասնևերկու ձիավորներ։

— Լավ, ես այս րոպեից դուրս կգամ, կանչեցեք ինձ մոտ Մեսրոպ սրբազանին։

Ախոռապետ հայր սուրբը հեռացավ։ Քանի րոպեից հետո ներս մտավ մի ծերունի եպիսկոպոս, սպիտակ, փառավոր մորուքով։ Դա սրբազանի տեղապահը և վանքի կառավարիչն էր նրա բացակայության ժամանակ։

— Հայր Մեսրոպ, — ասաց նրան սրբազանը՝ կանգնելով և պատրաստվելով ճանաարհի համար, — ես այս րոպեիս գնում եմ Շընհեր՝ Բեկի հետ տեսնվելու, դուք, իհարկե, գիտեք, թե ինչ կարգադրություններ պիտի անեք իմ գնալուց հետո։ Մենք երեկ բավական խոսեցինք այդ մասին։

— Գիտեմ․․․ — պատասխանեց Մեսրոպ եպիսկոպոսը․ — իմ ծերացած հիշողությունը դեռ այնքան չէ բթացել, որ մոռանամ, ընդհակառակն, այդ վերջին օրերում բավական սրվել է․․․

— Գոհություն աստուծո, — ասաց սրբազանը ժպտելով, և տալով իր տեղապահին մի քանի նոր պատվերներ, միասին դուրս եկան սենյակից։

Վանքի դռանը սպասում էին տեսնևերկու զինված ձիավորներ․ այնտեղ պահած էր և սրբազանի երիվարը։ Նա դուրս եկավ,