Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Նա զգույշ կերպով մտավ շնաբույնի մեջ, ճրագը վառեց, մի կողմ դրեց և սկսեց նայել երիտասարդի վրա։ Շնաբույնը այնքան նեղ էր, որ դժվար էր արձակ շարժումներ գործել, այսուամենայնիվ, նա առանց մի ձայն հանելու, տեղավորվեցավ երիտասարդի գլխի մոտ։ Նա քնած էր քամակի վրա։ Գլուխը թեքվել էր դեպի բարձի եզրի կողմը։ Սկսեց կամաց-կամաց գլուխը տանել դեպի բարձի մեջտեղը, և նրան այնպիսի դիրք տալ, որ ճակատը դեպի վեր լինի, իսկ ծոծրակը բարձի վրա դրած։ Այդ գործողության ժամանակ հանկարծ նրա ձեռքերը կսեցին դողալ․ խղճահարության նման մի զգացմունք սկսեց տանջել նրան։ Նա մեղանչում էր հյուրասիրության դեմ, մեղանչում էր տված խոստման պահպանելու դեմ։ Այդ մարդը ապաստան էր գտել նրա խրճիթում, երկրի իշխանը պատսպարվել էր մի աղքատ կնոջ հովանավորության ներքո։ Ինչպե՞ս դավաճանել նրան, ինչպե՞ս մեղանչել խղճի և ազնվության դեմ։ Այդ հանցանք չէ՞ր լինի, մի մեծ և սարսափելի հանցանք։ Նրա սիրտը սկսեց սաստիկ բաբախել։ Պատրաստ էր վեր կենալ, թողնել և հեռանալ այդ զարհուրելի բնակարանից։

Այդ միջոցին երիտասարդը դեռ շարունակում էր խոսել քնի մեջ։ Նրա անկապ, խառնափնթոր խոսքերից կինը խիստ պարզ որոշեց այս նախադասությունը․ «Պետք է կոտորել բոլոր բեկյաններին»[1]․․․

Նա բոլորովին կատաղեց այդ խոսքերը լսելու ժամանակ։ Նա ինքը պատկանում էր նույն կուսակցությանը։ Նրա ամուսին այրը նույնպես բեկյան էր, և Բեկի կամավորների թվում, գուցե հենց նույն ժամում, կռվում էր նույն մարդու զորքերի հետ, որ այժմ տարածվել էր իր առջև, որի կյանքը այդ րոպեում իր ձեռքումն է։

«Դրանց պետք չէ խնայել․․․» — ասաց նա իր մտքում, և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ, — «որքա՛ն մարդիկ են կոտորել դրանք, որքա՛ն կնիկներ են անբախտացրել․․․ չկա մի գյուղ, չկա մի խրճիթ, որ դրանց ձեռքով ոչնչացած չլինի․․․ Դրանց պետք չէ խնայել․․․»։

Վերջին խոսքերի ժամանակ նա խաչակնքեց իր երեսը, ահագին երկաթյա մեխի սուր ծայրը դրեց երիտասարդի ճակատի վրա և օթակով այնպես սաստիկ զարկեց, որ մեխը մինչև կեսը խրվեցավ նրա գլխի մեջ։ Նա կրկնեց զարկը և տաք արյունը դուրս ցայտեց

  1. Բեկյան կոչվում էին Դավիթ Բեկի կուսակիցները։