Չնայելով, որ ամրոցի մեջ տիրում էր կատարյալ անկարգություն, բայց կանանոցի մեջ դեռ սովորական կարգերը բոլորովին չէին խանդարված։ Կանանոցը այն միակ հիմնարկությունն է մահմեդական աշխարհում, որի օրենքները կամայականության չեն ենթարկվում։ Թո՜ղ աշխարհը քանդվի, թո՜ղ ամեն ինչ տակնուվրա լինի, բայց կանանոցի գերին իր օթյակից դուրս գալու իրավունք չունի։
Բայց նույն րոպեում տիկինը այդ խստությունների վրա ուշադրություն չէր դարձնի, եթե մտաբերեր, որ իր զավակը գտնվում է աղախնի սենյակում, դուռը բաց կաներ, և ներքինու գլուխը ու մարմինը ոտնակոխ անելով, կանցներ և կմտներ աղախնի սենյակը։ Նա վանդակի մեջ բռնված անընտել թռչունի նման անդադար թռվռում էր այս կողմ և այն կողմ։ Հարյուր անգամ նայեց իր անկողնի մեջ, հարյուր անգամ շոշափեց նրան, բայց դարձյալ չէր հավատում իր աչքերին, թե իր զավակը այնտեղ չէր։ Որդեկորույս մայրը բոլորովին շփոթված էր։ Կասկածը նրա մեջ կատաղության հասավ, երբ թնդանոթները սկսեցին այժմ ավելի և ավելի հաճախ որոտալ։ Նա ուշաթափ եղավ, ընկավ այն գոհարների վրա, որ մի քանի րոպե առաջ սփռված էին գորգերի վրա և զարդարում էին նրանց գեղեցկությունը։
Աղախնի սենյակում ճրագը դեռ վառվում էր։ Ինքը, աղախինը, որին կոչում էին Փարիշան, նստած էր իր տիկնոջ երեխայի փոքրիկ անկողնի մոտ։ Երեխան քնած էր։ Նրա ծանր շնչառությունը ցույց էր տալիս, որ բոլորովին առողջ չէ․ և իրավ, մի քանի օր էր, որ կոկորդի ուռուցք էր ստացել։
Նա գլուխը վեր բարձրացրեց, և կիսաբաց աչքերով նայելով աղախնի վրա, ասաց․
— Ջուր եմ ուզում։
— Կտամ, զավակս, կտամ, — ասաց աղախինը և վեր կացավ կատարելու նրա պահանջը։
Երեխան ջուրը խմելուց հետո գլուխը կրկին դրեց բարձի վրա և իսկույն քուն եղավ։ Աղախինը դարձյալ նստեց իր առաջվա տեղում, հիվանդի անկողնի մոտ։ Արդյոք ցավակցությո՞ւնը, թե պարտաճանաչությունն էր ստիպում այդ մանկահասակ կնոջը հսկել իր հիվանդի մահճի մոտ, — հայտնի չէ, միայն երևում էր, որ նա վճռել էր այս գիշեր ամենևին չքնել։ Գուցե նա նույնքան վախենում էր, որպես մյուսները և երկյուղը խլել էր նրա աչքերից քունը․ գուցե պաշարված ամրոցը նրան նույնքան սարսափեցնում էր, որպես մյուսներին։