Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կրկին լսելի եղավ թնդանոթի որոտումը։

Բայց այդ կործանիչ որոտումը, որ ուրիշների վրա սոսկում էր բերում, կարծես, նրան մի առանձին զվարճություն էր պատճառում։ Նրա տխրամած դեմքը ավելի և ավելի պայծառանում էր, և խոշոր աչքերում վառվում էր ուրախության կրակը։ Թշնամու թնդանոթի ձայնը արձագանք էր գտնում նրա սրտում, խորին բերկրության արձագանք։

Նա վեր կացավ, ճրագը վեր առեց, ուշիկ քայլերով դուրս եկավ։ Մի քանի վայրկյան կանգնեց նախասենյակում, նայում էր պառկած ներքինու վրա։ Ծերունու խռմփալու ձայնը արդեն ցույց էր տալիս, որ նրա քունը խիստ ծանր էր։ Նա զգուշությամբ մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը։ Թեև ներքինու գլուխը և բարձը դրած էին նրա հանդեպ, բայց նրանք այնքան տեղ չէին բռնում, որ արգելեին աղախնի մոտենալը։ Նա մի կողմում կանգնելով, թեքվեցավ և ականջը ուշադրությամբ տարավ դեպի դռան փոքրիկ ճեղքը։ Ներսից ոչ մի շշունջ լսելի չէր լինում։ Նա մտածեց, որ տիկինը, երևի, քնած է, թեև նա դեռ ուշագնացության մեջ էր գտնվում։

Նա կրկին ուշիկ քայլերով վերադարձավ իր սենյակը, ճրագը դրեց իր տեղում և նստեց հիվանդի անկողնի մոտ։ Մի քանի րոպե գտնվում էր մի տեսակ անվճռականության մեջ, որ խիստ հեշտ կարելի էր նկատել նրա բազմահոգ դեմքից։ Հետո կամաց-կամաց ձեռքը տարավ դեպի հիվանդի վերմակը և զգուշությամբ կիսով չափ բարձրացրեց։ Նա այժմ մի առանձին երկյուղածությամբ նայում էր գեղեցիկ երեխայի երեսին, նայում էր դողալով և չէր վստահանում կատարել այն, ինչ որ մտածում էր։

— Քնե՛լ․․․ քնե՛լ․․․ — լսելի եղավ կանանոցի բարձր աշտարակի գլխից։

Դա ներքինապետի հրամայական ձայնն էր, որ իր դիտանոցից նայում էր ամբողջ հարեմի վրա։ Այդ աշտարակը մի այնպիսի տեղում էր կանգնած, որ նրա բարձրությունից կարելի էր տեսնել կանանց բոլոր օթյակների լուսամուտները։ Այդ սպառնալից ձայնը լսելի էր լինում ամեն գիշեր երեք անգամ։ Առաջին անգամին պետք է բոլոր կնիկները իրանց ընթրիքը կերած, վերջացրած լինեին․ երկրորդ անգամին պետք է ճրագները մարեին և քուն լինեին․ իսկ երրորդ անգամին դռները փակվում էին և հարաբերությունները բոլորովին արգելվում էին։

Ներքինապետի այժմյան զգուշացուցիչ ձայնը երկրորդ անգամին էր պատկանում, որով մի քանի րոպեից հետո ամբողջ հարեմի