նա անպատճառ պետք է սիրե․ սերի համար նա ամեն բան կանի։ Իսկ տղամարդից է կախված ուղղել նրա ճանապարահը թե դեպի վատը և թե դեպի լավը․․․»։
Կարծես, բակի դռանը մի ձեռք դիպավ։ Նա ուրախությամբ դուրս վազեց։ Մոտեցավ դռանը։
— Ո՞վ ես, — հարցրեց ներսից։
— «Նետ»․․․ — լսելի եղավ դրսից։
Երիտասարդը բաց արեց դուռը։ Երկուսը միասին խավարի միջով անցավ դեպի խորին ներքնատունը։ Նոր եկվորը նույնպես փաթաթված էր լայն վերարկուի մեջ։ Նա դարձավ դեպի առաջինը, հարցնելով․
— Դու մենա՞կ ես այստեղ, Խորեն հայր սուրբ։
— Մենակ եմ, իշխան, — պատասխանեց Խորեն հայր սուրբը։
Իշխանը երիտասարդ Ստեփաննոս Շահումյանն էր։
— Դեռ չի՞ վերադարձել տիկինը։
— Ես նրան սպասում եմ, — պատասխանեց աբեղան, և նրա ձայնի մեջ լսվում էր սրտի խորին անձկությունը։ — Կարծում եմ, նա շատ չի ուշանա, որտեղ որ է, շուտով կհայտնվի։
— Այսուամենայնիվ, ես երկար սպասել չեմ կարող, ժամանակը թռչում է, — պատասխանեց իշխանը։ — Դուք ինձ միայն այն ասեցեք, վստա՞հ եք, որ նա կարող է կատարել․․․
— Վստահ եմ։
— Այն աղախինը չի՞ խաբի նրան։
— Երբեք։
— Ի՞նչ հիմք ունեք այսպես կարծելու։
— Այն աղախինը, որին կոչում են Փարիշան, ազգով հայ է, բռնությամբ մահմեդական են դարձրել։ Նա շատ բարեկամ է Սառայի հետ, չեմ կարծում, որ նրան խաբե։ Նա սաստիկ տանջված է եղել հարեմի մեջ, այժմ, եթե ոչ ընդհանուր գործի օգուտը, շատ հավանական է, որ վրեժխնդրության զգացմունքը կդրդե նրան Սառայի խորհուրդը կատարելու։ Ես կհաղորդեմ ձեզ մանրամասները, միայն խնդրեմ մի քանի րոպեով նստեցեք։
Իշխանը, թեև շատ շտապում էր, բայց հետաքրքրվեցավ լսել մանրամասնությունները, որովհետև նրանք միևնույն գործին էին վերաբերում, որի համար շտապում էր նա։
Խորեն հայր սուրբը պատմեց խանի ամենասիրելի հարեմներից մեկի որդու ունեցած հիվանդությունը․ պատմեց Փարիշանի գործ դրած խորամանկությունը հիվանդի կոկորդի վրա, որ նրանով