Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանանոցի աղախինների վրա, որոնք անդադար նրա աչքերի առջևից անցուդարձ են անում, երբ նա ամեն առավոտ դռները բաց անելով, փառավորապես նստում է ամրոցի մեծ դռան մոտ։ Դա իր մտքում սիրում էր Փարիշանին, որը, կարելի է ասել, աղախինների մեջ ամենագեղեցիկն է։ Շատ անգամ գնում էր իր երևակայական սիրուհու համար թանկագին ընծաներ, քաղրավենիք և ուրիշ այդպիսի բաներ։ Փարիշանը ուրախությամբ ընդունում էր ընծաները, վայելում էր և քթի տակից ծիծաղում էր ծերունու հիմարությունների վրա։

Երբ ես Փարիշանին առաջարկեցի, թե պետք է ձեռք բերել զենքերի պահեստի բանալիները, նա մի րոպե մտածեց ու ինձ ասաց․ «Այդ հեշտ է․ ես հենց այս գիշեր ձեռք կբերեմ բանալիները․․․»։

Փարիշանը, որ միշտ աշխատում էր խույս տալ իր անտանելի սիրողից, այս գիշեր, ընդհակառակն, միջոց է որոնում հանդիպել նրան։ — «Այս ի՞նչ է պատահել քեզ հետ, Ասկար «ամի» (կանանոցի բոլոր աղախինները նրան «ամի»[1] են կոչում) — ասում է նրան։ — Վաղուց է ինձ համար ոչինչ չես գնել»։

Այդ խոսքերը գժվացնում են «ամիին»․ առաջին անգամ նա Փարիշանի կողմից գտնում է մի այդպիսի մտերմություն։

— Ասկար ամիի հոգին քեզ մատաղ լինի, — պատասխանում է ծերունին, դու միայն Ասկար ամիի հետ այդպես քաղցր խոսիր, նա իր բոլոր ունեցածն ու չունեցածը քեզ կընծայե։

— Ես քեզ հետ քաղցր կխոսեմ, Ասկար ամի, էլ քեզ ուշունցներ չեմ տա, — ասում է Փարիշանը ավելի հրապուրիչ կերպով ու մոտենում է, ձեռքը քսում է նրա ուսին։

Փարիշանը սովորություն ուներ Ասկար ամիի սիրո ցույցերին միշտ հայհոյանքով պատասխանել և երբեմն գլխին խփել։ Ասկար ամին մի առանձին բախտավորություն էր համարում, երբ սիրած կնոջ գեղեցիկ ձեռքը դիպչում էր իր գլխին։ Բայց Փարիշանի այս անգամի անակնկալ քնքշությունը նրան միանգամայն սքանչացնում է, և նա վստահում է Փարիշանին հրավիրել իր սենյակը, ասելով․

— Գնանք, հոգիս, գնանք ինձ մոտ, ինչ որ ուզում ես, Ասկար Ամին կտա քեզ։

Փարիշանը հաճությամբ հետևում է ծերունուն, մտնում է նրա սենյակը։ Ասկար ամիի պահանջը խիստ համեստ է լինում․ նա

  1. Ամի նշ․ հորեղբայր։