Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կերպարանքով, այժմ հագած ուներ քահանայի նվիրական զգեստը։ Երևի, ռամկի վրա ավելի ազդեցություն գործելու համար, պետք էր այդ հագուստով ներկայանալ նրան։ Նա դարձավ դեպի իր շուրջը նստողները, ասելով․

— Ձեզ պետք է կոտորեն, անպատճառ պետք է կոտորեն, այդ դուք ինքներդ գիտեք։ Ուրեմն ձեզ համար միևնույն է, թե ինչ մահով կմեռնեք։ Ավելի լավ չէ՞, որ սուրը ձեռքում պաշտպանեք ձեր անձը, ձեր կնիկները, ձեր զավակները ու տղամարդի պես մեռնեք։ Բայց եթե լսեք ինձ, ես կարող եմ հավատացնել ձեզ, որ կենդանի կմնաք։ Դուք կազատեք ձեր անձը ու բոլոր նրանց, որոնք սիրելի են ձեզ համար։ Ձեզ հարկավոր է մի քանի ժամ կռվել միայն, և շուտով կտեսնեք, Բեկի զորքերը ձեզ օգնության հասած։ Այնուհետև այն, որ մահմեդականները վճռել են գործ դնել ձեզ վրա, մենք գործ կդնենք նրանց վրա․․․

— Մենք պատրաստ ենք, — ասաց նրանցից մեկը, — բայց դժվարությունը նրանումն է, որ զենքեր չունենք, մեր զենքերը խլեց խանը։

— Դուք ուժեղ ձեռքեր ունեք և այդ բավական է, իսկ զենքեր հետո կտանք ձեզ, — ասաց քահանան։ — Հարկավոր է սկզբում զինավորվել այն գործիքներով, ինչ որ կգտնվի ձեր տներում․ թող լինի դա կացին, ուրագ, մանգաղ, բահ, շամփուր, մահակ, վերջապես հասարակ փայտի կտոր, միևնույն է։ Այդ զենքերը ձեզ պետք են միայն փողոցներում պաշտպանվելու համար, իսկ երբ կհասնենք ամրոցին, այնտեղ կփոխեք ձեր ունեցածը իսկական զենքերով։

— Ինչպե՞ս, — հարցրին նրանից։

— Ես հարկավոր չեմ համարում ձեզ բացատրել, թե ի՜նչպես կարող է հաջողվել այդ, բայց իբրև քահանա, իբրև աստուծո տաճարի պաշտոնյա, հավատացնում եմ ձեզ, որ ինքը մեր տեր Հիսուս Քրիստոսը կօգնե մեզ և թույլ չի տա, որ իր գառները մորթվեն մահմեդականների ձեռքով։ Ձեզ հարկավոր է միայն այնքան քաջություն ունենալ, և հասնել մինչև խանի ամրոցը։

— Բոլոր դժվարությունները մինչև այնտեղ ողջությամբ հասնելն է, — ասաց նստողներից մեկը։

— Ոչինչ դժվարություն չկա։ Ձեզ հայտնի է, որ մենք այդ մասին բոլոր կարգադրությունները արել ենք։ Ես ինքս իմ քաջ ընկերներիս հետ կառաջնորդենք ձեզ։ Դուք միայն այն ասեցեք, թե քանի՞ հոգի կարող եք պատրաստել։