ժամանակ չուներ նա․ այդ ավելի լավ էր, ավելի անճանաչելի կարող էր դարձնել նրան։ Նա հանեց իր իշխանական զգեստը և մի կողմ ձգեց։ Նրա հետ, կարծես, մերկացավ իր բոլոր փառքը․․․
Հագուստը փոխելուց հետո նա բռնեց առաջին հանդիպած փողոցը և սկսեց առաջ գնալ։ Անցուդարձը սարսափելի էր։ Նեղ փողոցի անձկության մեջ կենդանի մարդկանց մարմինները խառնվում էին ընկած դիակների հետ։ Կանայք, երեխաներ, անզոր ծերունիք, չկարողանալով դուրս պրծնել մարդկանց սոսկալի հոսանքի միջից, ցած էին գլորվում, և հազարավոր ոտքերի տակ տրորվում էին, ճխլտվում էին։ Սրից ազատվածը զոհ էր գնում ամբոխի կատաղի անգիտությանը։
Բայց ո՞ւր էր դիմում այդ փոթորկային, խելակորույս բազմությունը։ Նա փախչում էր։ Նա ամեն ինչ մոռացած՝ տուն, ընտանիք, զավակներ, իր ազատությունը աշխատում էր գտնել փախուստի մեջ, ամենևին չմտածելով, արդյոք հնար ունի՞ փախչելու։
Մարդկային բարբարոսությունը, անգթությունը կատարում էր մի հսկայական խաղ, որի նմանը հորինում են փոքրիկ մանուկները, միայն փոքրիկ ձևով։ Ո՞վ չէ տեսել այն խաղը, թե ինչպես են պատժում կարիճներին։ Շիկացած ածուխներով կազմում են մի հավասար բոլորակ, թունավոր միջատներին ձգում են այդ հրեղեն բոլորակի մեջ։ Նրանք սկսում են այս կողմ և այն կողմ վազվզել, որ մի ելք գտնեն փախչելու, ազատվելու։ Բայց ամեն կողմից կրակի հանդիպելով, հետ են դառնում։ Հազար անգամ կատարում են նրանք միևնույն շրջանը, միևնույն փորձը, բայց կյանքի պաշտպանության տագնապի մեջ, միշտ մոռանում են կրակը, մինչև կրկին անգամ չեն հանդիպում նրան։ Վերջը հուսահատությունից, անճարությունից, իրանց խայթոցը ցցում են իրանց մարմնի մեջ և անձնասպանություն են գործում։
Միևնույն դրության մեջ էր բերդաքաղաքը։ Ամեն կողմից պաշարված էր թշնամու սրերով և կրակներով։ Ժողովուրդը մեջտեղում այս կողմ և այն կողմ էր փախչում, որ ազատության ելք գտնե։ Բայց ամեն տեղ հանդիպում են կրակների։ Միևնույն ճանապարհով հազար անգամ անցել էր և անցնում էր նա, բայց ելք չէր գտնում, միայն իր ոտքերի տակ տրորում էր իր նման անբախտներին․․․
Ծպտյալ ջորեպանը անցավ մարդկանց դիակներով ծածկված փողոցների մսեղեն հատակի վրայով և դուրս եկավ մի փոքրիկ հրապարակի վրա։ Նա ճանաչեց, որ դա մեծ մզկիթի առջևի փոքրիկ